«ԱԺ նախագահը և վարչապետը նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը, և պետք չէ այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից». Արամ Սարգսյան

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նախագծի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան հայտարարեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքերն են, նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը, և պետք չէ այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից. «Ազգային անվտանգության խորհուրդը հատուկ իրավիճակների համար է, և նրանք, ովքեր բերել են այդ օրենքը, իրենք չեն մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի որևէ նիստի, հետևաբար՝ չեն պատկերացնում, թե այդ մարմինն ինչի համար է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք երեկ իրենց մտահոգությունները հայտնել են. «Բայց մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է, որ երկիրն ունենա Անվտանգության խորհուրդ, և «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի այս նախաձեռնությանը»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ. «Խնդրում եմ՝ Սահմանադրությամբ մեզ տրված կարգավիճակը չիջեցնել: Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա ու մենք չենք կարող գնալ ու մաս կազմել մի գործունեության, որը մենք պետք է վերահսկենք: Մեր կարգավիճակը Սահմանադրությամբ ամրագրված է: Իջեցնելով Ազգային ժողովի նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս