Դպրոցների սանիտարական կանոններն ու նորմերն ամրագրող փաստաթղթում անճշտություններ կան
Օրերս լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ուսումնական հաստատություններում սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին։ Լրատվությունը տարածող աղբյուրները նշում էին, որ նախարարն օրերս է ստորագրել այդ հրամանը։
Իրականում նախարարի հրամանը եղել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մարտի 28-ին։ Այդ փաստաթղթում հանրությանը հիմնականում հետաքրքրում էր աշակերտական պայուսակների քաշի հարցը, որի մասին Ազգային ժողովում խոսել էր պատգամավոր Արման Սաղաթելյանը։
Այս փաստաթղթում կրթական առումով մի հետաքրքիր հատված կա՝ դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Այնպիսի տպավորություն է, որ փաստաթղթի այս մասը կրթության մասնագետ չի նայել, կամ, եթե նայել է, ապա անուշադիր է եղել։ Իհարկե, լավ կլիներ՝ այս հրամանը ստորագրվեր ոչ միայն առողջապահության նախարարի, այլև կրթության և գիտության նախարարի կողմից։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ երկու ոլորտներ համակարգող նախարարները ստորագրում են համատեղ հրաման։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի դպրոցների 8-9-րդ դասարաններում դասավանդվում է «Գծագրություն» առարկան։ Մինչդեռ Հայաստանի դպրոցների դասացուցակում «Գծագրություն» առարկան վաղուց բացակայում է։ Իհարկե, լավ կլիներ, որ այդ առարկան մնար, բայց փաստացի այն չկա։ Նշվում է նաև, որ 9-րդ դասարանում կա «Տնտեսագիտություն» առարկա։ Բայց Հայաստանի դպրոցների միջին դասարաններում երբեք չի եղել նման պարտադիր առարկա։
Փոխարենը, հրամանում բաց է թողնված 8-9-րդ դասարաններում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկան։ Ըստ նախարարի հրամանի, Հայաստանի դպրոցներում «Կենսաբանություն» առարկայի դասավանդումը սկսվում է 5-րդ դասարանից։ Իրականում, Հայաստանի դպրոցներում «Կենսաբանություն» առարկայի ուսուցումը սկսվում է 7-րդ դասարանից։ «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցումը, ըստ առողջապահության նախարարի հրամանի, սկսվում է 5-րդ դասարանից, մինչդեռ ուսումնական պլանով առարկան դասացուցակում կարող է լինել միայն 6-րդ դասարանից։
Հրամանով սահմանվում են նաև ուսումնական առարկաների բարդության աստիճաններ։ Օրինակ՝ ըստ փաստաթղթի, Հայաստանի կրտսեր դասարաններում ամենաբարդ առարկաներ են համարվում «Մաթեմատիկան» և «Շախմատը»։ Ամենահեշտ յուրացվող առարկաներ են համարվում «Ֆիզկուլտուրան», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը», «Երաժշտությունը»։
Հասկանալի է, որ նման տարբերակման հիմքում դրված է մտավոր գործոնը։ Այսինքն, ենթադրվում է, որ «Մաթեմատիկայի» դասին երեխաներն ուղեղով են աշխատում, իսկ «Տեխնոլոգիայի» ժամին՝ ձեռքերով։ Հետևաբար, «Մաթեմատիկան» ավելի բարդ առարկա է, քան «Տեխնոլոգիան»։ Սա շատ սուբյեկտիվ է, քանի որ կան երեխաներ, ովքեր հեշտությամբ յուրացնում են «Մաթեմատիկայի» նյութը, բայց դժվարությամբ են յուրացնում «Տեխնոլոգիայի» կամ «Հայոց լեզվի» նյութը։ Կան երեխաներ, որոնք կարող են տասնյակ մաթեմատիկական խնդիրներ լուծել, բայց դժվարանում են ֆիզկուլտուրայի նորմատիվները կատարելու հարցում։
Բացի այդ, ժամանակն է, որ մենք խուսափենք հանրակրթական առարկաների դասակարգումից։ Այդ դասակարգման արդյունքում՝ դպրոցներում որոշ առարկաներ համարվում են կարևոր, մյուսները՝ երկրորդական, ինչը ցանկալի պրակտիկա չէ։ Ցանկալի է, որ բոլոր առարկաների մեջ հավասարապես արտացոլվեն և իմացական տարրեր, և հուզական, և լինեն հմտություններ։ Այն տեսակետը, որ «Քիմիան» պետք է ուսուցանել չոր ու ցամաք ոճով, «Գրականությունը»՝ հուզական ոճով, իսկ «Ֆիզկուլտուրայի» ժամին մտավոր աշխատանք պետք չէ, ամենևին ընդունելի չէ։ Բոլոր առարկաների շրջանակներում պետք է ապահովել երեխայի համակողմանի զարգացում։
Հետաքրքիրն այն է, որ նույն առարկայի համար տարբեր դասարաններում սահմանված են բարդության տարբեր աստիճաններ։ Օրինակ՝ 6-րդ դասարանում «Ինֆորմատիկա» առարկայի բարդության աստիճանը 10 միավոր է, իսկ 7-րդ դասարանում՝ 4։ «Հայոց լեզու» առարկայի բարդության աստիճանը 6-րդ դասարանում 12 միավոր է, իսկ 9-րդ դասարանում՝ 6։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նույն առարկայի բարդության աստիճանը տարբեր դասարաններում այդքան տարբեր։
Փաստաթղթում Առողջապահության նախարարությունն ուսուցիչներին առաջարկում է նաև դասի անցկացման որոշակի կառուցվածք, որը բաղկացած է երեք մասից՝ ներածական, հիմնական և ավարտական:
Ըստ հրամանի՝ ներածական մասն ուսուցիչն օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը՝ նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը՝ վարժեցման, վերարտադրման համար։ Այս ձևակերպումները հնաոճ են և սահմանափակող։
Օրինակ՝ վարժեցումն ու վերարտադրումը վաղուց դուրս են եկել մանկավարժական լեքսիկոնից։ Դրա փոխարեն՝ օգտագործվում են «ամփոփում», «հետադարձ կապ», «կշռադատում» և նմանատիպ արտահայտություններ։ Բացի այդ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ուսուցչին իրավունք է տալիս ինքնուրույն որոշելու դասի անցկացման ընթացքը։
Ամեն դեպքում, անհասկանալի է մնում այն հարցը, թե արդյո՞ք Կրթության և գիտության նախարարությունը մասնակցել է այս փաստաթղթի մշակմանը։ Եթե չի մասնակցել, ապա ինչո՞ւ փաստաթղթի հրապարակումից հետո չի դիմել Առողջապահության նախարարությանը՝ գոնե դասավանդվող առարկաների ցանկը ճշտելու պահանջով։
Եթե մասնակցել է, ապա ինչո՞ւ նախարարությունում տեղյակ չեն, որ Հայաստանի դպրոցներում «Գծագրություն» առարկա վաղուց չկա, իսկ միջին դասարաններում «Հասարակագիտություն» առարկա կա։ Հայաստանում միչգերատեսչական համագործակցությունը բարելավման կարիք ունի։