
ՀԷՑ-ը պետականացնելը մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ՞. հարց՝ Գևորգ Պապոյանին
Լրագրողներն այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ՀԷՑ-ը պետականացնելը մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ՞, և մի՞թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։
Ի պատասխան՝ Պապոյանն ասաց, թե այն, ինչ այսօր կատարվում է ՀԷՑ-ի նկատմամբ պետական մակարդակով, մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ։
«Հայաստանը վստահաբար միակ երկիրը չէ, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, միանշանակ և հստակ կասեմ` ո՛չ և ո՛չ, որովհետև դուք կտեսնեք նախագիծը, որի բոլոր հիմքերը օրենսդրությամբ սահմանված են։ Այն, ինչ տեղի կունենա, մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, և մենք դրա կայացումն ենք ապահովելու»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ օրենքներ կան, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, քաղաքացու հանդեպ, այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել հանրային շահի գերակայության համատեքստում։
«Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասել հարյուրհազարավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող այդ մի մարդուն ասել` դու ինչ ուզես, կարող ես անել, և հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն»,- ասաց նա։