«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի օրակարգում նաև դիտորդների ավելացման հարցն է ընդգրկված». Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին ընդառաջ՝ ռուսական կողմից հնչում են ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը։ Նմանատիպ հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան. «ԼՂ շփման գծում դիտորդական առաքելության ընդլայնման տեխնիկական մանրամասների շուրջ կողմերը պետք է համաձայնության գան»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օրակարգում է նաև այդ հարցը։
«Ընդհանրապես, նրանք պարբերաբար այցելում են տարածաշրջան, որովհետև հաշվի առնելով այս հակամարտության կարգավորման կարևորությունը, Անդրկովկասի շատ կարևոր ռազմաքաղաքական տեղն ու դերը համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ, բնական է, որ նրանք հաճախակի պետք է այցելեն, որպեսզի սեփական աչքերով տեսնեն իրավիճակը, բոլոր հարցերը քննարկեն։ Այդ թվում՝ նաև այդ խնդիրն է օրակարգում։ Պաշտոնական Ստեփանակերտը երկար տարիներ այդ հարցը բարձրացնում է, բարձրացնում է նաև կարևորությունը, որպեսզի որոշ միջոցառումներ կյանքի կոչվեն, և լարվածությունը սահմաններին թուլանա։ Դուք գիտեք, որ մոտ տասը տարի առաջ առաջարկվել է, որպեսզի դիպուկահարները հետ քաշվեն, որպեսզի չկրակեն, այդ թվում՝ մենք կողմնակից ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվն ավելանա, որովհետև դա թույլ կտա իրենց օպերատիվ ձևով և ավելի էֆեկտիվորեն մշտադիտարկում իրականացնել»,- պարզաբանեց Բաբայանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Մինսկի խմբի եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ: Նախքան Հայաստան այցելելը համանախագահներն այցելելու են Ադրբեջան:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ դիտորդների թվի ավելացմանը դարձյալ խոչընդոտելու է Ադրբեջանը.
«Բաքուն ամեն կերպ խոչընդոտում է, քաղաքականացնում է այդ խնդիրը։ Նրանք վերջերս էլ հայտարարեցին, որ իրենք միայն այն դեպքում դրան կհամաձայնեն, եթե դա բերի համապարփակ կարգավորման։ Այսպիսի անհեթեթ բաներ, ինչն արդեն ցույց է տալիս, որ խոչընդոտելու են։ Եթե չխոչընդոտեն, ապա այդ դեպքում Ալիևը կորցնում է մի լծակ՝ սեփական ժողովրդին մոլորեցնելու և արտաքին թշնամու կերպարը սերմանելու, որպեսզի շեղի բնակչության ուշադրությունը ներսում տեղի ունեցող լուրջ գործընթացներից, որովհետև այդ մարդիկ ֆիքսելու են՝ ով է խախտել, որ ժամին, ով է պատասխանատու, իսկ այդ խախտումները 100 տոկոսով անում է Ադրբեջանը։ Սա է խնդիրը։
Այսինքն՝ 100 տոկոսով փորձելու են խոչընդոտել։ Նրանք չեն ուզում, որ այդ մարդիկ տեղակայված լինեն սահմանի մոտ, ուզում են, որ Բաքվում լինեն, բայց այդ դեպքում, ուզում ես՝ 100 հոգի պահիր, որևէ փոփոխություն չի լինելու. նրանք պետք է լինեն սահմանի մոտ, որպեսզի օպերատիվ կապի մեջ լինեն»։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց՝ ՄԽ համանախագահները դատավորներ չեն, չեն կարող որևէ բան պարտադրել Ադրբեջանին. «Այո, կլինեն հորդորներ, առաջարկներ, բայց եթե պաշտոնական Բաքուն խոչընդոտի, բարդ է լինելու դա անմիջապես իրականացնել, այսինքն՝ սպասվում է մեծ և քրտնաջան աշխատանք»։