Ինչպես պաշտպանել երեխայի ինքնությունը դպրոցում

Յուրաքանչյուր ծնող բախված կլինի մի խնդրի, որն արտահայտվում է երեխայի վարքային և հոգեբանական փոփոխությամբ՝ կապված դպրոցի պարտականությունների հետ։ Որոշ երեխաներ, հանգիստ լինելով հանդերձ, սկսում են ագրեսիվանալ, ոմանք ցուցաբերում են ցածր առաջադիմություն, ոմանք սկսում են չսիրել որոշ առարկաներ, և կան երեխաներ, որ ընդհանրապես հրաժարվում են դպրոց գնալ։ Հարց է առաջանում․ ի՞նչն է պատճառը։

Բնականաբար, մարդու կողմից դրսևորվող յուրաքանչյուր վարք ունի այն խթանող հստակ պատճառներ։ Դպրոցում նման վարքային փոփոխությունների պատճառները կարող են տարբեր լինել՝ ուսուցիչների անհատական վերաբերմունք, դասընկերների հետ տարաձայնություններ, ուսման հանդեպ հետաքրքրության կորուստ (դեռահասության տարիք), խնդիր տանը, կամ ծնողների հետ փոխհարաբերությունների վատթարացում, և այլն։

Սակայն այս բոլոր փոփոխությունների հիմքում կա մի կարևոր գործոն. դա երեխայի ԵՍ-ի և ինքնության ոչնչացումն է, որը կարող է իրականացվել թե՛ դպրոցում, թե՛ ծնողի կողմից, և հանգեցնել վերը նշված հոգեբանական և վարքային փոփոխություններին։ Ինչպե՞ս պաշտպանել երեխային նման անձնային, սեփական յուրօրինակության ինքնագիտակցման խարխլումից։ Փորձեմ շարադրել մի քանի հուշում․

  • Պետք չէ նախադպրոցական տարիքի երեխային ծանրաբեռնել ինտելեկտուալ խմբակներով։ Մինչև 6-7 տարեկանը երեխայի ուղեղը պատրաստ չէ ընդունել մեծ տեղեկատվական պաշար։ Արդյունքում՝ ծնողները ձեռք են բերում մի շարք թերարժեքության բարդույթներ՝ որպես անընդունակ երեխայի մայր կամ հայր, իսկ երեխան կորցնում է ամենաթանկ բանը՝ մանկությունը։
  • Երեխայի համար դպրոց ընտրելիս առաջնորդվեք ոչ թե հեղինակային դպրոց լինելու, այլ բարի և հոգատար միջավայր ապահովող ուսուցիչների առկայության պայմանով։ Քանի որ, որքան միջավայրը հասարակ և լեցուն լինի, այնքան երեխան պատրաստ կլինի հաղթահարել կյանքի ցանկացած փուլ։
  • Գիտակցեք, որ դպրոցը երեխայի պատասխանատվության շրջանակն է, այլ ոչ թե ձերը։ Դուք ապրեք ձեր կյանքով և հնարավորություն տվեք երեխային կառուցելու սեփական աշխարհն ու ճանաչելու սեփական հնարավորությունները։ Մի հարցաքննեք երեխային դպրոցում անցկացրած ամեն օրվա մասին։ Անհրաժեշտության դեպքում նա ձեզ կդիմի։
  • Երեխայի հետ դասերը պատրաստել պետք չէ։ Դա նրա անհատական աշխատանքային գործընթացն է։ Որքան շուտ երեխան ընկղմվի սեփական պարտականությունների մեջ և ինքուրույն հաղթահարի դժվարությունները, այնքան շուտ կկարողանա ադապտացվել և սիրել իր ներկա կարգավիճակը։ Օգնելը շատ կարևոր է, սակայն սկզբունքային է։ Երեխան պետք է առաջինը դիմի, եթե կա անհասկանալի բան, իսկ ծնողը մեծ սիրով բացատրի և օգնի։ Եթե երեխան ոչինչ չի հարցնում, ապա ամեն բան իր համար հարմարավետ է։
  • Եթե կան անձնային խնդիրներ ուսուցչի հետ, ապա անհապաղ անհրաժեշտ է ծնողի միջամտությունը։ Առաջինը պետք է խոսել տվյալ ուսուցչի հետ, եթե չի ստացվում՝ տնօրենի հետ։ Երբեք մի անտեսեք և թողեք երեխային տևական սթրեսային մթնոլորտում։
  • Դեռահասության տարիք։ Սա այն դժվարին փուլն է, որն ակնհայտորեն վարքային փոփոխությունների և դպրոցի անձնակազմի հետ խնդիրների առաջացման առիթ է հանդիսանում։ Այն սկսվում է 12-14 տարեկանից և տևում մինչև 15-16 տարեկանը։ Սա զարգացման փուլ է, երբ երեխան ունենում է հոգեբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ, հորմոնալ դիսբալանս, հոգեբանական խնդիրներ։ Նա կարող է սկսել վատ սովորել, չցանկանալ հաճախել դպրոց։ Ծնողների առաքելությունն է՝ պահպանել հավասարակշված վարք և չճնշել երեխային։ Սա անցումային տարիք է, կյանքի վերաիմաստավորման տարիք, երբ երեխան անցում է կատարում մեծահասակների կյանք, ճնշումը կարող է հանգեցնել նույնիսկ սուիցիդալ փորձերի։ Հավասարակշռված վարքով օգնեք երեխային արագ և հանգիստ անցնել այդ ճգնաժամային տարիքը՝ առանց անդառնալի հետևանքների։
  • Մի փորձեք սեփական երեխայի մեջ անպայմանորեն գտնել ընդունակություններ և տաղանդային դրսևորումներ, եթե ինքը՝ երեխան, դա չի ցանկանում։ Տաղանդը պետք է ուրախություն և ոգևորություն պատճառի երեխային, այլ ոչ թե՝ վերածվի լավագույն ուսուցիչների մոտ ուսումնառելու պարտականության։
  • Ամենակարևոր քայլը սեփական երեխային ընդունելն է՝ չակնկալելով նրանից որևէ բան։ Կարևոր չէ, թե ինչպես է սովորում կամ ինչ վարք է դրսևորում։ Բնականաբար, դա առավել դժվար է անել, երբ նա 15 տարեկան է, այլ ոչ թե՝ 5, քանի որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային տեսնել ամենալավ արդյունքներին հասած և ինքնահաստատված։ Թույլ մի տվեք, որ երեխան ձեր մեջ առաջացնի ատելությանը հավասար զայրույթ և չընդունվածության զգացողություն։ Սիրեք նրան, բայց մինչ այդ սովորեք սիրել և ընդունել ինքներդ Ձեզ։

Տեսանյութեր

Լրահոս