Ամուլսարը գնալով ավելի շատ է անհանգստացնում ադրբեջանցիներին

Ադրբեջանական մամուլը հերթական անգամ անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին։ Հետաքրքրվողը News.az-ն է: Ծավալուն անգլերեն հոդվածը վերնագրված է այսպես՝ Amulsar gold deposit: Enrichment of the Armenian elite in exchange for ecological collapse in the South Caucasus (Ամուլսարի ոսկու հանքավայր։ Հայաստանյան էլիտայի հարստացում՝ Հարավային Կովկասում բնապահպանական կոլապսի գնով)։ Արդեն հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է, և շեշտադրումներն ինչի վրա են արված։

Ինչպես նշեցինք, հոդվածը բավականին մեծ է. ներկայացված է, թե ընկերությունը երբ է սկսել գործունեությունը, ովքեր են բաժնետերերը, ինչ ծավալի ներդրումներ են արվելու, որքան ոսկի է արդյունահանվելու, և այլն։ Սակայն հոդվածի հիմնական շեշտը բնապահպանությունն է, ավելի ճիշտ՝ բնապահպանական ռիսկերը, որոնք, ըստ կայքի, էական են ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի համար։

Բնապահպանական ռիսկերի մասով՝ ադրբեջանական կայքը հաճույքով մեջբերել է հայաստանյան բնապահպանների արտահայտած տեսակետները։ Հոդվածի մեխը երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի եզրահանգումներն են (նա 2017 թվականի դեկտեմբերին զեկույց էր հրապարակել Ամուլսարի վտանգների մասին)։ Մեջբերումներ կան բնապահպաններ Լևոն Գալստյանից, Հակոբ Սանասարյանից և Ապրես Զոհրաբյանից։

Նշենք, որ ադրբեջանցիների անթաքույց հետաքրքրությունն Ամուլսարի ծրագրի նկատմամբ նոր բան չէ։ Առաջին ջղաձիգ արձագանքներն ի հայտ եկան անցած տարվա կեսերին, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նոր էր ավարտել Ամուլսարի ոսկու հանքավայրի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման (ԲՍԱԳ) հրապարակման և քննարկումների գործընթացը: Ու դրանից կարճ ժամանակ անց հարցեր է ստացել Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամներից։

Կարդացեք նաև

11 հարցերը, առաջին հայացքից, բնապահպանական էին, սակայն իրականում դրանց տակ քաղաքական ենթատեքստ էր թաքնված։

Ընկերության մասնագետները մանրամասն պատասխանել էին բոլոր հարցերին, և թեման դրանով փակվել էր։

Ամուլսարը դրանից հետո ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա սեպտեմբերին։ Սեպտեմբերի 20-ին մի քանի բնապահպաններ բողոքի և իրազեկման ակցիա էին իրականացնում Երևանում՝ Ամուլսարի ծրագրի դեմ։ Նրանք 70 տոննա ոսկի խորհրդանշող գունդ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որը հետո գլորել էին քաղաքի կենտրոնով՝ ընթացքում թռուցիկներ բաժանելով Ամուլսարի ծրագրի դեմ։

Այդ ակցիան, որը Հայաստանում այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ, փոխարենը՝ տեղ գտավ ադրբեջանական լրատվական հարթակներում, այդ թվում, օրինակ, նույն News.az-ում։

Հիմա հերթական հոդվածն է, որն Ամուլսարի թեմային անդրադարձել է այնպիսի խորությամբ և ծավալով, որ նույնիսկ հայաստանյան մամուլում դժվար է գտնել նման հրապարակումներ։

Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների մտահոգությունը, ինչո՞ւ է Ամուլսարի ծրագիրը նրանց այդքան մտահոգում։ Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ նավթ արդյունահանող ադրբեջանցիներին հետաքրքրում է բնապահպանության թեման։ Առավելևս, որ նախագծում ներգրավված են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի պես կազմակերպություններ՝ իրենց խիստ պահանջներով։

«Լիդիանի» բաժնետերերը և ղեկավարները պատասխանատվություն են ստանձնել նաև միջազգային հանրության առաջ բնապահպանական չափանիշերի կիրառման առումով. բազմիցս բացատրել են, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվելու Ամուլսարում, որ թույլ չտրվի շրջակա ջրերի աղտոտումը։ Ամենաթարմ օրինակը. ընկերությունը պատրաստ էր այս տարվա հունվարին քննարկել Հարություն Բրոնոզյանի և մի շարք այլ փորձագետների պատրաստած զեկույցը։ Քննարկումը պետք է տեղի ունենար հունվարին և նախաձեռնել էր ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Սակայն Հ. Բրոնոզյանն ու մյուս փորձագետները հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Ադրբեջանցիներին մտահոգող հիմնական գործոնը Ամուլսարի ծրագրի տնտեսական էֆեկտն է։ Դատելով հոդվածից՝ նրանք շատ լավ պատկերացնում են այս ծրագրի կարևորությունը։ Հենց իրենք հոդվածի մեջ նշել են. «Հանքի շինարարությունը սկսվել է 2016 թվականի աշնանը, և նախատեսվում է ոսկու արդյունահանումը սկսել 2018-ին։ Նախագիծն իրականացնում է բրիտանական Lydian International-ը, որը պարտավորվել է կատարել 325 մլն դոլարի ներդրումներ։ Ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որոնց շնորհիվ ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 460-480 մլն դոլարի։ Այսօրվա դրությամբ, սա Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումային ծրագիրն է»: Կրկին ընդգծենք, սա գրված է News.az-ի հոդվածում։

Իսկ որ Ամուլսարի ծրագիրը, դեռ ոսկու արդյունահանումը չսկսած, արդեն լուրջ դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ, փաստ է, որի մասին խոսում են նաև պետական պաշտոնյաները։

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ամիսները ՀՀ տնտեսական ցուցանիշները զգալիորեն բարելավվեցին, և հունվար-դեկտեմբերին գրանցվեց վերջին տարիների համար աննախադեպ՝ 7,7% տնտեսական ակտիվության աճ։ Անգամ շինարարության ոլորտը դուրս եկավ անկումից և տարին աճով փակեց։ Ի սկզբանե նախատեսվում էր 3,2% աճ, հետո վերանայվեց՝ 4,3%, և արդեն պարզ է, որ 2017 թվականի տնտեսական աճը կլինի 7%-ի սահմաններում։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Արմենպրեսի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ո՞ր գործոններն են նպաստել կանխատեսվածից բարձր աճին, պատասխանել էր. «Առաջին պատճառն այն է, որ նոյեմբեր-դեկտեմբերին Ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի ճշգրտումներ կատարեց թե ներմուծման, թե կապիտալ շինարարության ցուցանիշի մեջ: Օրինակ, կապիտալ շինարարության մեջ Ամուլսարի հանքավայրի ներդրումները ներառված չէին, դա էական ճշգրտման հանգեցրեց: Եթե մենք կանխատեսում էինք, որ պետք է ունենանք հերթական անկումը կապիտալ շինարարության բնագավառում, այդ ճշգրտումն իրավիճակը փոխեց»:

Այն, որ Ամուլսարի ծրագիրը զգալիորեն նպաստում է Հայաստանի տնտեսական աճին, բոլորը գիտեն, այդ թվում և՝ ադրբեջանցիները։ Իսկ ցանկացած բան, որը օգուտ է Հայաստանի տնտեսությանը, պետք է հարևան երկրի կողմից փորձ արվի չեզոքացնել։ Ամեն ինչ շատ պարզ է։

Թերևս, դրա համար «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարները հանգիստ են վերաբերվում նման հրապարակումներին։ Ադրբեջանական կայքերի հրապարակումները մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը մեզ փոխանցեց. «Ինձ չի զարմացնում այն հանգամանքը, որ հարևան երկրում շահարկում են գոյություն չունեցող «վտանգները»: Հայաստանում տարիներ շարունակ հնչել են անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ, որոնք այսօր օգտագործվում են մեր երկրի ու, տվյալ դեպքում, նաև հենց այդ հայտարարությունների հեղինակների դեմ»:

Այնպես որ, որքան Ամուլսարի ծրագիրը շարունակվի, այնքան շատ հոդվածներ են հայտնվելու ադրբեջանական կայքերում։ Մեր բնապահպաններն էլ, որոնք իրոք մտահոգվում են Հայաստանի բնապահպանական խնդիրներով, պետք է նկատի ունենան, որ հարևան երկրից մեծ ուշադրությամբ հետևում են իրենց արտահայտած մտքերին և հաճույքով օգտագործում՝ Հայաստանի ամենամեծ ներդրումային ծրագիրը սևացնելու և վիժեցնելու համար։ Վիժեցնելը չի ստացվի, սակայն հուսով ենք՝ մերոնք իրենց ձևակերպումներով հարևաններին ավելորդ խոսելու հնարավորություն չեն տա։

Տեսանյութեր

Լրահոս