Տարիքային խտրականությունն ու գործատուների 50+ արգելքները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջում ներկայացված են ըստ տարիքի գործազուրկների թվի վերաբերյալ տվյալներ: ՀՀ-ում գործազրկության ընդհանուր մակարդակը 2016 թվականին կազմել է 18.1%: 2017 թվականի տվյալները դեռևս հրապարակված չեն:
Ներկայացված տվյալների համաձայն՝ մինչև 30 տարեկան գործազուրկների թիվը կազմել է 19.2 հազար մարդ: Գործազուրկ են 31-54 տարեկան 48.1 հազար մարդ, իսկ 55 տարեկանից բարձր գործազուրկների թիվը կազմել է 13.1 հազար մարդ: Տվյալներից պարզ է, որ գործազուրկների ամենամեծ թիվը 31-54 տարեկան մարդկանց շրջանում է:
55-ամյա Լուսինե Վարդանյանն արդեն կես տարուց ավելի աշխատանք է փնտրում: «Հայաստանում 50-անց կանանց, հավաքարարից բացի, ուրիշ աշխատանք չեն առաջարկում: Մասնագիտությամբ հրուշակագործ եմ, որքան ժամանակ է՝ իմ մասնագիտությամբ աշխատանք եմ ման գալիս, բայց չեմ գտնում: Աշխատում էի խմորեղենի արտադրամասում: Մասնավոր արտադրամաս էր, բայց տիրոջ գործերը վատացան, ստիպված փակեց, ես էլ անգործ մնացի: Հիմա որտեղ դիմում եմ՝ հավաքարարից բացի, ոչինչ չեն առաջարկում, ասում են՝ տարիքով ես, մեզ երիտասարդ, արագաշարժ աշխատողներ են պետք: Ես մասնագետ եմ, այդքան տարիներ սովորել եմ, հետո աշխատել, ինչի՞ գնամ՝ հավաքարար աշխատեմ»:
Լուսինեի խոսքով՝ գործատուները պատրաստ են անգամ անփորձ երիտասարդներին աշխատանքի ընդունել, բայց տարիների փորձ ունեցող մասնագետին մերժում են տարիքի պատճառով:
«Վերջերս դիմել էի մի հրուշակեղենի արտադրամաս, բոլոր պահանջներին բավարարում էի, միայն տարիքս չհամապատասխանեց: Տարիքս հարցրեցին, ասացի, որ մեկ ամիս առաջ եմ 55 տարեկան դարձել: Իրենք էլ պատասխանեցին, որ, եթե մեկ ամիս առաջ եկած լինեի, անպայման աշխատանքի կընդունեին: Ասում եմ՝ ի՞նչ տարբերություն, եթե մեկ ամիս առաջ եկած լինեի, հետո 55-ս լրանար՝ ինձ պետք է հեռացնեի՞ք աշխատանքից: Պատասխանում են, որ իրենց մոտ այդպես է՝ 55 տարին լրացած անձանց աշխատանքի չեն ընդունում, բայց իրենց աշխատակիցներին պահում են մինչև թոշակառու դառնալը»,- պատմեց Լուսինեն:
Հայաստանը 1995 թվականին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ 1958 թվականին ընդունված Ժնևյան կոնվենցիան, որով արգելվում է աշխատանքային խտրականությունը տարիքի պատճառով: ՀՀ Սահմանադրությունը նույնպես բացառում է խտրականությունը: Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները:
Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, որ անկախ տարիքից՝ աշխատանքային իրավահավասարությունների կողմերը հավասար իրավունքներ ունեն:
Իր հերթին՝ փաստաբան Աշոտ Նուրիջանյանը նշում է, որ չնայած օրենսդրությամբ արգելվում է խտրականություն դնել, բայց պրակտիկայում պատկերն ուրիշ է:
«Աշխատանքային օրենսգիրքն արգելում է խտրականություն դնել կամ աշխատողին ազատել աշխատանքից տարիքի պատճառով, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքը նախատեսում է որոշակի տարիքային սահմանափակում, մասնավորապես՝ անչափահասների դեպքում, կենսաթոշակային տարիքի հետ կապված, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան աշխատանքային հաստիքներ, որոնք չեն կարող իրականացվել կենսաթոշակային տարիքի անձի կողմից: Որպես այդպիսին, միայն այդ շեմերն են խտրականություն տարիքի մասով, մնացած դեպքերում աշխատանքային օրենսդրությամբ ցանկացած խտրականություն, այդ թվում՝ տարիքի, սեռի, մաշկի գույնի և այլն, արգելվում է:
Այդ հիմքով գործատուն իրավունք չունի անձին աշխատանքից ազատել կամ չընդունել աշխատանքի, բայց պրակտիկան բավական տհաճ է, քանի որ այդ ամենը չի պահպանվում: Վերահսկողություն իրականացնելը նույնպես դժվար է, քանի որ աշխատանքի ընդունելիս գործատուն պետք է ստուգի անձի համապատասխանությունն այդ հաստիքին, և այս դեպքում հնարավոր է, որ աշխատանքի բնույթից կախված լինեն նաև օբյեկտիվ պատճառներ աշխատանքի չընդունելու»:
Փաստաբանի խոսքով՝ տարիքային խտրականության հետ կապված հիմնականում միջին տարիքի անձինք են խնդիր ունենում, մասնավորապես՝ նրանք, ովքեր չունեն նեղ մասնագիտական հմտություններ կամ բարձր որակավորում:
«Դատարան դիմելու դեպքում շատ դժվար է ապացուցել, որ գործատուն տարիքի հետ կապված է խտրականություն դնում, այն դեպքում, երբ գործատուն այլ հիմքեր է փորձում ստեղծել աշխատանքից ազատելու համար: Ամեն դեպքում, եթե կան պայմանագրային հարաբերություններ, շատ ավելի հեշտ է ապացուցելը, քանի որ աշխատանքից ազատելու հիմքերը բավական խիստ են:
Իմ պրակտիկայում տարիքային խտրականության հետ կապված դեպքեր չեն եղել, բայց հաճախ քաղաքացիները դժգոհել են, որ տարիքի պատճառով իրենց չեն ընդունում աշխատանքի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չենք կարող հիմնավորել, որ տարիքային խտրականություն է եղել, քանի որ, ամեն դեպքում, գործատուն ունի հայեցողություն աշխատողի հետ պայմանագիր կնքելու կամ չկնքելու: Տեսականորեն անհնար է ապացուցել և պարտադրել գործատուին աշխատանքային պայմանագիր կնքել»,- ասաց Աշոտ Նուրիջանյանը:
36-ամյա Մանեին նույնպես անհանգստացնում են գործատուների կողմից պարտադրվող տարիքային շեմերը: Մանեն վաճառողուհի է: Նա աշխատում է Երևանի բրենդային հագուստի խանութներից մեկում: Ասում է, որ սովորաբար նման խանութներում մինչև 26 տարեկան աղջիկների են աշխատանքի ընդունում:
«Աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի մասնակցեցի: Ինձ ասացին, որ ընդունում են մինչև 26 տարեկան աղջիկների, բայց երիտասարդ եմ երևում, այդ պատճառով բացառություն են անում: Հիմա աշխատանքս լավ է, աշխատավարձը ժամանակին են վճարում, բայց չգիտեմ՝ մի քանի տարի հետո, երբ երիտասարդ չերևամ, ի՞նչ պետք է անեմ: Ո՛չ բարձրագույն կրթություն ունեմ, ո՛չ էլ որևէ արհեստ եմ սովորել: Իմ աշխատանքն ուրիշ է, չեմ կարող մտածել, որ, եթե լավ աշխատեմ՝ պաշտոնս կբարձրացնեն:
Մեզ մոտ այդպես է, քանի երիտասարդ ես՝ տարբեր խանութներում կարող ես աշխատել, 35-ից հետո միայն մթերային խանութներում են աշխատանքի ընդունում, իսկ 50-ից հետո, հավաքարարի աշխատանքից բացի, ոչինչ չես կարող գտնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Մանեն:
Աշխատանքի իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը գտնում է, որ նախ՝ օրենքը պետք է հստակ սահմանի՝ ի՞նչ է խտրականությունը, որպեսզի քաղաքացին մեջբերելով օրենքը՝ կարողանա պաշտպանել իր խախտված իրավունքը:
«Թեև Սահմանադրությամբ ամրագրված է խտրականության արգելքը, բայց աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում Աշխատանքային օրենսգիրքը հստակ չի սահմանում, թե ի՞նչ է խտրականությունը: Աշխատանքային օրենսգրքի մեջ չկա որևէ արգելող կանոն, որը պահպանելով՝ գործատուն չդրսևորի խտրականություն: Այսինքն՝ գործատուն կարող է հանգիստ աշխատանքի ընդունման հայտարարության մեջ նշել և՛ սեռային, և՛ տարիքային, և՛ այլ պահանջներ, քանի որ չկա որևէ արգելք: Եթե ուզում ենք, որ գործատուն նման կամակատարություններ չանի, ապա օրենսգրքում պետք է հստակ գրվի, որ գործատուն իրավունք չունի, մասնագիտական որակներից բացի, այլ պահանջներ ներկայացնել աշխատողին:
Մեր օրենսգրքում մինչև հիմա չկա այն նյութական իրավունքը, որի հիմքով անձը կարողանա պաշտպանել իր իրավունքները: Այսինքն՝ օրենքը պետք է նախ սահմանի այդ սկզբունքը՝ որպես աշխատանքի իրավունքի խախտման արգելք և արգելքի հետևանք: Այս առումով զուտ օրենսդրական կարգավորումներ պետք է տալ, իսկ խտրական վերաբերմունքի դեպքում արդեն աշխատողի վրա է մնում իր խախտված իրավունքների պաշտպանությունը»:
Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ կան խախտումներ, որ բնույթով թաքնված են և դժվար ապացուցելի: Այդ պատճառով աշխատողը պետք է փորձի ամուր ապացույցներ ձեռք բերել դատարան դիմելու համար:
«Բնականաբար, ոչ մի գործատու միամիտ չի, որ աշխատանքի չընդունելու պատճառ նշի թեկնածուի տարիքը: Գործատուն աշխատանքի նկարագրության մեջ կնշի հատկանիշ, որով պայմանավորված՝ թեկնածուն չի բավարարում նշված պահանջներին, և արդյունքում կստացվի արդար մերժում: Իսկ ինչ վերաբերում է տարիքի պատճառով աշխատանքից ազատելուն, ապա այս դեպքում աշխատողը պետք է հստակ ապացույցներ ունենա, որպեսզի կարողանա դատարան գնալ և ապացուցել, որ իր աշխատանքի ազատման հիմքը եղել է ոչ թե՝ իր մասնագիտական որակները կամ անբարեխիղճ վարքագիծը, այլ՝ իր տարիքը:
Դատարան գնալու դեպքում պետք է ունենալ ամուր ապացուցողական բազա, բայց միայն միամիտ գործատուն կտա այդ ապացույցները: Գործատուն երբեք չի ստեղծի գործատեղիում այնպիսի իրավիճակ՝ նամակագրություն, փաստաթղթեր և այլն, որ հետո դատարանում ապացուցելի լինի, որ աշխատողը հետապնդվել է՝ հենց իր կարգավիճակից ելնելով»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:
Հասկանալու համար, թե քաղաքացին գործատուի հետ խնդիրներ ունենալու դեպքում ո՞ր կառույցին կարող է դիմել՝ հարցում ուղարկեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ստացանք հետևյալ պատասխանը. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր կանոնադրական նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում»:
Նշենք, որ նախկինում գործում էր «Աշխատանքի պետական տեսչությունը», որը զբաղվում էր գործատու-աշխատող փոխհարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև հսկողություն էր իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության, պայմանների, աշխատողների իրավունքների պաշտպանության և այլ հարցերով: Սակայն 2013 թվականին կառավարության որոշմամբ այս կառույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվեց Առողջապահության նախարարություն՝ ձևավորելով «Առողջապահության պետական տեսչությունը», ինչը, ի տարբերություն նախկինի, չնչին մասով է մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին:
Արդյունքում՝ պատկերը հետևյալն է. չկա որևէ վերահսկող մարմին, որին կարող է դիմել քաղաքացին իր խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարան դիմելու դեպքում էլ ապացուցելու և աշխատատեղում վերականգնվելու հնարավորությունները հավասարվում են զրոյի:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ