Բաժիններ՝

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

Հունվարի 30-ին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը, որը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները: Նախարար Վարդան Արամյանը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը. «Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և բարձր ենք գնահատում ձեզ հետ համագործակցության դերն այդ հարցում», – ասել է Վարդան Արամյանը:

Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ կարևոր է կողմերի միջև ակտիվ երկխոսության պահպանումն ու հետագա խորացումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով: Պետք է գնահատել ներկա վիճակն ու առաջնահերթություններ սահմանել` որդեգրելով իրատեսական և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծել է նա:

Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են քննարկման արդյունքներն ու պայմանավորվածություն ձեռք բերել երկկողմ համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս