Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանը
Կոմիտասի անվան պանթեոնում այսօր՝ մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, հուշարձանի հեղինակ՝ քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուները, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հիշում է՝ ապրիլի 23-ին, երբ հայտնի էր տենոր Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը, եվրոպական օպերային թատրոնները, եվրոպական օպերայի մշակույթի ավանդույթներին համաձայն՝ նույն օրը, բոլոր այն թատրոններում, որտեղ գոնե մեկ անգամ ելույթով հանդես էր եկել հայտնի երգիչը, 24 ժամ շարունակ հնչեցրեցին նրա օպերային կատարումներից որևէ մեկը: Նախարարը նկատում է՝ սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք համաշխարհային մեծության օպերային աստղի հետ:
Վաստակելով այդ համբավը, սերն ու հեղինակությունը՝ Գեղամ Գրիգորյանն իրականում չափազանց բարձր է պահել հայկական կատարողական արվեստի նշաձողը, որին մեր կատարողները դեռ պետք է ձգտեն՝ հասնելու համար.
«Մի առիթով հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ընթացքում Գեղամ Գրիգորյանին հարցրեցին՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեր, եթե չդառնար օպերային երգիչ: Մաեստրոն պատասխանեց՝ շինարար: Իրականության մեջ նա հենց շինարարությամբ էլ զբաղված էր՝ հասարակության, ժողովրդի հոգիների և երևակայության շինարարությամբ՝ հաջողությամբ կառուցելով մեր հայրենիքի այսօրն ու վաղը: Նրա անունը ոսկե տառերով գրվեց և շարունակելու է մնալ հայկական կաատարողական վարպետության մատյանում և դասագրքերում»,- ընդգծեց նախարարը:
Արմեն Ամիրյանը հիշում է՝ Գեղամ Գրիգորյանը շատ ծրագրեր ու նպատակներ ուներ.
«Մի առիթով, երբ մենք զրուցում էինք, նա շատ զարմացած ասաց՝ ինչպե՞ս է ստացվում, որ եվրոպական օպերային թատրոնները կարողանում են միանգամից երեք տարվա խաղացանկ մշակել, իսկ մենք երեք շաբաթվա էլ չենք կարողանում ունենալ: Այսօր մեծ վարպետի շիրիմին ուզում եմ խոստանալ, որ այսուհետ մենք գոնե մեկ տարվա խաղացանկը հստակ ունենալու ենք: Հենց այս տարվա ընթացքում մենք իրականություն կդարձնենք նաև Գեղամ Գրիգորյանի երազանքներից մի քանիսը՝ տարբեր ներկայացումների բեմականացումներ, բացօթյա բեմահարթակի կառուցում, խաղացանկի հետ կապված հարցեր, և այլն»:
Կոմիտասի անվան պանթեոնում այսօր այսօր բացված հուշարձանի հեղինակը երգչի երկարամյա ու մտերիմ ընկեր, քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն է: Քանդակագործը հիշում է. «Մենք մտերիմ ընկերներ էինք, ո՛չ, միգուցե ավելին՝ մենք եղբայրներ էինք: Մենք ծանոթացանք ռուսական Մարիինյան թատրոնում, որտեղ նա այդ տարիներին թիվ մեկ մենակատարն էր, իսկ ես՝ թատրոնի գլխավոր նկարիչը: Նա ինձ համար եղել և մնում է աշխարհի մասշտաբով լավագույն օպերային ձայներից մեկը:
Ի սկզբանե մեզ միավորել էր հումորի մեծ զգացումը: Հայտնի պատմություն է՝ մարդիկ տասնյակներով գալիս էին մեզ մոտ՝ լսելու, թե ինչպես ենք մենք կատակում իրար հետ, անեկդոտներ պատմում, և առհասարակ՝ ինչպես ենք կարողանում ընկերություն անել ու հարգել իրար: Ցավոք, ես ժամանակից շուտ կորցրի իմ լավագույն ընկերոջը, ով նույնիսկ տարիքով զիջում էր ինձ: Հիշում եմ, մի անգամ ասաց ինձ՝ երբ մահանամ, հուշարձանս դու կքանդակես: Ես էլ իրեն պատասխանեցի՝ սիրելիս, դու ավելի քան տասը տարի երիտասարդ ես ինձնից, այնպես որ, հերթ կանգնիր… Ցավոք, կյանքը հաճախ անսպասելի անակնկալներ է մատուցում մեզ, բայց ես ուրախ եմ, որ հուշարձանի առնչությամբ կատարեցի Գեղամին տված խոստումս և որոշեցի քանդակն անել ոչ թե Գեղամի արտաքին տեսքով, այլ հոգու նկարագրությամբ և ահռելի տաղանդին տուրք տալով»:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Վերջինս նկատում է .
«Գուցե սիմվոլիկ մի բան կա նրանում, որ Գեղամ Գրիգորյանի մտերիմ ընկեր, վրացի քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է հեղինակել այս գեղեցիկ հուշարձանը, հնարավորություն տալով մեզ այս ընկերությունը դիտարկել առավել լայն ընդգրկմամբ՝ հայ-վրացական հարաբերությունների ենթատեքստում: Բոլոր այն երկրներում, որտեղ ելույթներով հանդես է եկել Գեղամ Գրիգորյանը, կարողացել է թողնել իր վառ հետքը, այդ թվում՝ նաև Թբիլիսիում, որտեղ նա մեկ անգամ չէ գլխավոր և սիրելի հերոսներ մարմնավորել, արժանանալով վրացի հանդիսատեսի բուռն և ջերմ ընդունելությանը»:
Տեղեկացնենք, որ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան առիթով տեղադրված հուշարձանն իրականություն է դարձել ՀՀ Կառավարության անմիջական աջակցությամբ: