«Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացի ներկայիս ձևը պետք է փոխվի». ռուս ռազմական փորձագետ

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի  գործընթաց է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրեջան հասած ռուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակի վերաբերյալ մտահոգություններին:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, համաձայն ավելի վաղ կնքված ռուս-ադրբեջանական պայմանագրերի, Ադրբեջան է հասել ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը:

Ըստ ադրբեջանական և ռուսական աղբյուրների՝ զինտեխնիկայի մատակարարումն ընթանում է նախապես մշակված պլանի համաձայն: Ավելին, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, ողջ սպառազինության համակարգային ընդունումից հետո Ադրբեջանը զինտեխնիկան ուղարկելու է շփման գիծ: Նույնատիպ սպառազինություն. Նույն այդ հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանը հաջողությամբ կիրառել է ապրիլյան պատերազմի ընթացքում: Ժամանակակից զինտեխնիկա ասելով՝ ադրբեջանական կողմն այս անգամ նկատի ունի ԲՏՌ-82Ա զրահամեքենաները:

Նախ անդրադառնալով զրահամեքենաների նշանակությանը՝ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պետք չէ այս սպառազինությանն առանձնակի մեծ նշանակություն տալ, քանի որ դրանք չեն անդրադառնում հակամարտող կողմերի միջև ռազմական հավասարակշռության վրա: Ըստ նրա, դրանք թնդանոթներ և մեքենաներ են՝ միևնույն ժամանակ, որոնք Հայաստանի համար բացառիկ զինտեխնիկա չեն, քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին մատակարարվել է անհրաժեշտ զինտեխնիկա:

«Այս վերջին մատակարարմանը մեծ նշանակություն տալ պետք չէ, դա ադրբեջանական կողմն անում է տեղեկատվական պատերազմի շրջանակում՝ փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ, սրանք սովորական զրահամեքենաներ են: Սովորաբար նման մատակարարումները և գնումները շրջանառության մեջ չեն դրվում, դա գաղտնի տեղեկատվություն է, իսկ եթե գաղտնի չէ, այլ նպատակ ունի: Նպատակն այս դեպքում հայկական կողմին տագնապ հաղորդելն է»,- ասաց Եվսեևը:

Նրա խոսքով՝ այլ հարց է, որ, ինչպես բազմիցս է նշել, ռուսական սպառազինության մատակարարումն Ադրբեջանին պետք է դադարեցվի: Ըստ ռազմական փորձագետի՝ շատերը Ռուսաստանում, այդ թվում՝ որոշ քաղաքական գործիչներ, վստահ են, որ կողմերին, այս դեպքում՝ Ադրբեջանին, զենքի մատակարարման և շփման գծում այդ զենքի կիրառման բոլոր լծակներն իրենց ձեռքում են, ուստի պատերազմ չի լինի: Բայց այդ հաշվարկները, նրա վստահեցմամբ, սխալ են, ինչպես ապրիլյան պատերազմը ցույց տվեց:

«Բազմիցս ենք խոսել նույն այդ գործիչների քաղաքական նպատակների մասին, որ նպատակն Ադրբեջանի նկատմամբ լծակներ ունենալն է, վերահսկելը, բայց սա անվերահսկելի գործընթաց է, որը հենց ադրբեջանական կողմի հաղորդագրություններն են փաստում՝ Ադրբեջանը զենքի գնման ամենամեծ խմբաքանակից առաջ վստահեցրել էր, թե սպառազինությունը չի օգտագործվելու շփման գծում, բայց այսօր պնդում է, որ դրանք արդեն կիրառվել են ապրիլյան պատերազմին և կկիրառվեն անհրաժեշտության դեպքում, քանի որ ուղարկվում են սահման:

Այս հայտարարությանը ռուսական կողմը կարող է արձագանքել, հայկական կողմը՝ ևս: Իսկ ամենալավ լուծումը, ըստ իս, և լծակների պահպանման, և գործընթացի վերահսկման համար զենքի վաճառքի դեպքում ընտրված սպառազինության վաճառքն է Ադրբեջանին, որը շփման գծում մեծ վնասների չի կարող հանգեցնել:

Այսինքն՝ պետք է ընտրել՝ ինչ սպառազինություն վաճառել Ադրբեջանին, քանի որ պատերազմն այսօր ամենևին Ռուսաստանի շահերից չի բխում, այնինչ սպառազինության վաճառքը բոլորովին այլ տպավորություն է թողնում: Ռուսաստանը վերջին շրջանում փորձում է զգույշ քաղաքականություն վարել, այս դեպքում ևս պետք է զգույշ լինի»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս