
«Դուք առավելագույնն եք ուզում, անհնարինն եք ուզում»․ Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցի պատգամավորին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց:
Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը չզլացավ խեղաթյուրել ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ նախագահի ելույթում հնչեցրած խոսքերը` նշելով, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է արցախյան պատերազմի առաջնորդ լինելու մասին:
Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան` ՀՀ նախագահը նշեց. «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:
Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում չի անդրադարձել Խոջալուի դեպքերին` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով` որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանալից և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Եվ ես շատ ափսոսում եմ: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը տանջանք է, և կարծում եմ, որ Ադրբեջանում մի միտում կա` անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Գիտեք սա անթույլատրելի մի բան է: Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»:
Հակադարձելով Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին ադրբեջանցի պատգամավորի պնդմանը` նախագահ Սարգսյանը շեշտեց, որ չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ դուք ընկղմվում եք մի թեմայի մեջ, իրոք ընկղմվեք և ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Եվ ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, սակայն, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մենք` ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը: Իսկ ահա ամենաառաջին պատասխանատուն` Ադրբեջանը, որը պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել այդ գործողությունները:
Ինչպես գիտեք, 1994թ. ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, և ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի: Սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրով ամրագրված դրույթները չեն կատարվում: Այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, անհնարինն եք ուզում: Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, իսկ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ»,- եզրափակեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի այօրվա արձագանքը ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին Արցախի ժողովրդին տեր կանգնած համայն հայության և հայրենատեր ղեկավարի պատասխանն է ։
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 24. Januar 2018