Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի միասնական համակարգ է ստեղծվում
Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգը կընդլայնվի ու կխստացվի։ Այդ նպատակով վաղը կառավարության նիստում նախատեսվում է հավանություն տալ «Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի զարգացման» հայեցակարգին։
Ըստ որոշման նախագծի՝ դրա հիմնական նպատակն է՝ Հայաստանում էկոհամակարգային մոտեցման հիման վրա շրջակա միջավայրի պետական միասնական մոնիտորինգի համակարգի ստեղծումը՝ պետական մոնիտորինգի համակարգի զարգացման ռազմավարության և ազգային գործողությունների ծրագրի մշակման, շրջակա մրջավայրի և բնական ռեսուրսների պետական մոնիտորինգի կազմակերպման, իրականացման և ստացված տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման, շտեմարանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:
«Թեպետ շրջակա միջավայրի առանձին բաղադրիչներից որոշների համար առկա են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների մոնիտորինգին, պետական կադաստրների վարման, մոնիտորինգի կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու մարմիններին ու կազմակերպություններին վերապահված իրավասություններին և տեղեկատվական հոսքերի կառավարմանը վերաբերող իրավական և օրենսդրական կարգավորումներ, այնուամենայնիվ դրանցում առկա են բազմաթիվ թերություններ և բացթողումներ, այդ թվում՝ ոլորտում տարվող քաղաքականության անջատությունը և օրենսդրական հենքերի անկատարությունը, հիմք են հանդիսանում շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիտորինգի համակարգի միմյանցից անհամաձայնեցված գործմանը և զարգացմանը:
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանության և կայուն կառավարման համար առաջնահերթ երաշխիքը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի համալիր գնահատումն է՝ էկոհամակարգում շրջակա միջավայրի բաղադրիչների միջև գոյություն ունեցող պրոցեսների և փոխադարձ կապերի հաշվի առնմամբ»,- նշված է նախագծում:
Հայեցակարգի ընդունման դեպքում ակնկալվում է նոր և հավասարակշռված քաղաքականության իրականացմամբ ապահովել կայուն զարգացման համատեքստում ոլորտի համակարգված ու ամբողջական կառավարումը և երաշխավորել շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների փոխկապակցված կառավարումը, որի շնորհիվ բնապահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի իրական բարելավմանը:
Նաև անցում կկատարվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների էկոհամակարգային մոտեցմամբ մոնիտորինգի իրականացման նոր ձևի` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միմյանցից տարանջատ մոնիտորինգի իրականացման փոխարեն, ինչը կերաշխավորվի բնական միջավայրի որևէ բաղադրիչի վերաբերյալ որոշում կայացնելիս միաժամանակ մյուս բաղադրիչների վրա կայացվող որոշման ազդեցության դիտարկումն ու գնահատումը: