«Պարո՛ն Փաշինյան, չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել». Էդուարդ Շարմազանով
«Որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճից։ Եվ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ առանձին ապրանքատեսակների գները թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից կարղ է վատթարանալ»,- այսօր Աժ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ հնարավոր չէ մի հարվածով չեզոքացնել միջազգային շուկայի ազդեցությունը, քանի որ մեր երկրում ազատ շուկայական տնտեսություն է, և մենք չենք ապրում խորհրդային կամ պլանային տնտեսությունում։ Իշխանության խնդիրը, Շարմազանովի կարծիքով, գնաճը մեղմելն է և դրա դեմ կարելի է պայքարել մի քանի տարբերակով՝ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով և օգտվելով առկա այլընտրանքից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը ոչ թե բացասաբար է ազդել մեր երկրում գնագոյացման վրա, այլ ընդհակառակը՝ հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ներկրելու։
«Պարո՛ն Փաշինյան, չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն ունենա իր ընտանիքը նորմալ, արժանապատիվ պահել: Դրա համար ի՞նչ է պետք՝ գրված է բյուջեում և կառավարության ծրագրում՝ մենք պարտավոր ենք ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, քան գների աճը»,- ասաց Է.Շարմազանովը՝ տարակուսելով, թե հարկերն ու տուրքերը չտալու դեպքում ինչպե՞ս են աշխատավարձերն ու թոշակները վճարելու։
ԱԺ փոխնախագահը հորդորեց խոսել նաև գնանկման մասին՝ հավի միսը 20%-ով իջել է, շաքարավազը՝ 14 %, ալյուրը՝ 5-6%, հնդկաձավարը՝ 52%. «Բա սրա մասին ինչի՞ չենք խոսում։ Ժողովուրդ ջան, եթե վատի մասին խոսում ենք, լավի մասին էլ խոսենք, եթե գնաճի համար մեղավոր է իշխանությունը, ուրեմն լավի համար էլ բարի եղեք ասեք՝ էս ի՜նչ լավն է էս իշխանությունը, որ 52 % էն է իջել, 20 % էլ հավի միսը, այլ ոչ թե այստեղ միայն մեջբերենք սոխը, սխտորը և խառը կանաչին: Արդարացի չէ։ Ես կարծում եմ, որ այս լսումների նպատակը մեկն է՝ մեկս մյուսին լսենք, ոչ թե իրար վրա քար նետենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի նոր լուծումներ առաջարկենք մեր երկրի արդյունավետ զարգացման համար»: