«Հարկային փոփոխություններն ինքնանպատակ չէին». Վախթանգ Միրումյան
Այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով կազմակերպված լսումների ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդեցություններին, ինչպես նաև՝ մաքսատուրքի դրույքաչափի վերանայման խնդրին։
Ըստ նրա՝ հարկային փոփոխություններն ինքնանպատակ չէին, զուգահեռաբար՝ ՀՕ-ն նախատեսեց 20-ից ավելի առաջարկներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանն ու հարկման կանոնների մեղմմանը, և ակցիզային հարկը միակն էր, որ կարող էր փոխհատուցել եկամուտների նվազեցումը։ Վ.Միրումյանի՝ խոսքով՝ գլխավոր հարցադրումն այն էր, թե կարո՞ղ էր արդյոք վառելիքի ակցիզային հարկի ավելացումը շղթայական ազդեցություն ունենալ և բարձրացնել այլ ապրանքների գները։
Նա նշեց, որ բենզինի մասով հարկային բեռը 1 տոննայի հաշվով ավելացել է 15 հազար դրամով, սակայն բենզինն արտադրական կամ առևտրային նպատակներով չի սպառվում, և դրույքաչափի ավելացումը շղթայական ազդեցություն չի կարող ունենալ, իսկ տրանսպորտային միջոցները ՀՀ-ում հիմնականում շահագործվում են սեղմված գազով, հասարակության մեջ հարաբերական բարձր եկամուտներ ունեցող անձինք են բենզինով շահագործում, ըստ այդմ՝ հիմնավոր փաստարկ չէ, որ բենզինի թանկացումը կարող է նվազեցնել քիչ ապահով խավի տնօրինվող եկամուտները։ Սեղմված գազի հարկային բեռի ավելացումը, ՊԵԿ փոխնախագահի խոսքով, կազմել է 1 խմ-ի համար՝ 20 դրամ, որը 2015 թ. մակարդակին է, և գնային այս պայմաններում աշխատել է և՛ հասարակական տրանսպորտը, և՛ ձևավորվել են ապրանքների գները, դրա համար միանշանակ փաստարկված չէ ասել, որ տրանսպորտը կթանկանա։
Վ.Միրումյանը նշեց, որ հարաբերականորեն ցածր եկամուտներ ունեցողները տրանսպորտային միջոցները շահագործում են սեղմված գազով, իսկ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում ՀՕ-ն նախատեսում է հարկային բեռի նվազեցում, նման աշխատողները մոտ 540 հազար են՝ վարձու աշխատողների մոտ 90%-ը, այսինքն՝ 540 հազար վարձու աշխատողների մասով ՀՕ-ն նախատեսել է եկամտային բեռի նվազում և կարող է չեզոքացնել սեղմված գազի թանկացումը։
Վ.Միրումյանը տեղեկացրեց, որ դիզվառելիքի գծով ակցիզային հարկը նվազել է՝ 30 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ՝ 1 տոննայի դիմաց, և ներառվել է ԱԱՀ դաշտում, գինը 380 դրամից դարձել է 440 դրամ, սակայն այժմ կարող են հաշվանցել ԱԱՀ-ն, արդյունքում՝ բեռնափոխադրողը 74 դրամ հաշվանցում է, և նշանակում է, որ դիզվառելիքի ձեռքբերման արժեքը կազմում է 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով պակաս, քան մինչև ՀՕ-ի ուժի մեջ մտնելը. «Այսինքն՝ սա գնանկման մղելու էական ներուժ է պարունակում»։
ՊԵԿ փոխնախագահը թվարկեց նաև դրական փոփոխությունները՝ ԱԱՀ վերադարձ 4 օրվա ընթացքում, ԱԱՀ վերադարձ ոչ միայն արտահանողներին, այլև ներդրողներին, շահութահարկի մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում մինչև 1 տարի ամորտիզացիայի սահմանում, այսինքն՝ կատարված ներդրումների արագ հետգնման հնարավորություն է ստեղծվել, կանխավճարների մասով այլընտրանքային մեխանիզմի սահմանում, վերացվեցին նորմավորվող ծախսերը, որն արտաքին շուկաներում մեր ապրանքները կարող է մրցունակ դարձնել, դրոշմապիտակները ձեռք են բերվում առանց պետությանը գումար վճարելու, մի շարք տուգանքների ինստիտուտը փոխարինվեց նախազգուշացմամբ, և այլն։
«Առաջարկություններն ու փոփոխություններն էական էին»,- ասաց Վ.Միրումյանը՝ ընդգծելով, որ միայն վառելիքի ակցիզային հարկի փոփոխությամբ ասել, որ հարկային բեռի ավելացում է ենթադրվում, արդարացի չէ, և պետք է դիտարկել ընդհանուր միջոցառումները։