Համանախագահները բացահայտեցին իրենց գլխավոր խնդիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել` բացահայտելով բանակցությունների ներկայիս օրակարգը:
ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հունվարի 17-ին հանդիպել են՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, նույն օրը նրանք մասնակցել են նաև արտգործնախարարների հանդիպմանը:
«Նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով:
Հանդիպումների ընթացքում կողմերը և համանախագահները տեսակետներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք կան սեղանին գտնվող աշխատանքային առաջարկներում:
Բացի այդ, համանախագահները կոչ են արել առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս:
Նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը, և համանախագահները կոչ են արել կողմերին՝ ամրապնդել այս դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահները նախարարներին հայտնել են իրենց հետաքրքրվածությունը՝ հետագայում քննարկելու հակամարտությունից տուժած գոտիներում 2010 թ. գնահատող առաքելության շարունակման հնարավորությունը:
Ուշագրավն այն է, որ ըստ հաղորդագրությունների, որոնք տարածել են թե՛ հակամարտող կողմերը, թե՛ համանախագահները, պարզ է դառնում, որ շուրջ 6 ժամ տևած բանակցությունների օրակարգում հիմնականում վստահության ամրապնդման և շփման գծում կայունության հաստատման մեխանիզմների ներդրման հարցերն են եղել, և կողմերը համանախագահների նախաձեռնությամբ, ըստ էության, շարունակել են 2017թ. դեկտեմբերի 7-ին Վիեննայում կայացած հանդիպման բանակցությունների տրամաբանությամբ:
Կրկին նույն հաղորդագրություններից պարզ է դառնում, որ վերջապես հաջողվել է համաձայնության հասնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում, որը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակներով ձեռք բերված համաձայնությունների մասն էր կազմում:
Այս հանդիպումից հետո Կասպրչիկի առաքելության ընդլայնման վերաբերյալ կարծիք է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ևս, այն որակելով՝ որպես «սկզբունքային համաձայնություն»: Կրակովյան բանակցություններին զուգահեռ՝ խիստ հետաքրքրական էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ստեղծած խառնաշփոթը, որն առաջացավ այն բանից հետո, երբ տարեսկզբյան իր մամլո ասուլիսի ընթացքում ռուս նախարարն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային եղանակով, և այն մի փաստաթղթի շրջանակով չի կարող սահմանափակվել: Լավրովի հայտարարությունը ողջունեց ադրբեջանական կողմը, հստակեցրեց` հայկական կողմը:
Սկզբից՝ ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ապա՝ հենց ինքը՝ նախարարը, հստակեցրեցին, որ տարիներ շարունակ համանախագահները հայտարարում են, որ իրենց առաջարկած սկզբունքներն ու էլեմենտները, որոնք ուղղված են փաթեթային կարգավորման փուլային իրականացմանը, մեկ ամբողջություն են, և դրանցից մեկին առավելություն տալու փորձերը կարգավորումն անհնար կդարձնեն:
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն «168 Ժամի» հետ զրույցում գնահատելով կրակովյան բանակցությունների արդյունքները՝ ասաց, որ բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն:
Նրա խոսքով՝ արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար:
Ռուս քաղաքական վերլուծաբանի դիտարկումների համաձայն՝ տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար:
«Ինչպես երևում է, համանախագահներն ապրիլյան պատերազմի կրկնության վախ ունեն, որի պատճառով կենտրոնացած են շփման գծում վերահսկողական գործառույթների ամրապնդման միջոցառումների վրա: Փաստորեն, նրանք առաջարկում են նաև 2010թ. առաքելության վերականգնում: Սա նշանակում է, որ համանախագահները ներկայումս լուծում են մեկ խնդիր` կայունություն շփման գծում»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն:
Ռուս քաղաքագետն այն կարծիքին է, որ համանախագահներին գուցե հաջողվի լուծել իրենց գլխավոր այս խնդիրը, բայց հակամարտության կարգավորումը հեռու է իրականությունից:
«Ինչպես միշտ եմ նշում, սա երկարատև հակամարտություն է: Երբ խոսք է գնում հակամարտության կարգավորումից, սկսվում են հակասությունները, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային եղանակով: Բուն կարգավորման վերաբերյալ էական հակասությունները շարունակվում են, քանի դեռ կողմերը մոտ չեն իրենց դիրքորոշումներով, համանախագահներին առավելագույնը կհաջողվի կայուն պահել շփման գիծը, և դա նաև համանախագահներն են հասկացել»,- ասաց Մալաշենկոն:
Վերջինիս համոզմամբ՝ այս պայմանավորվածությունները սկսել են դեռ դեկտեմբերյան հանդիպման ընթացքում քննարկվել, քանի որ Ճգնաժամային խմբի անդամներն իրենց հարցազրույցներում բացահայտում էին այս հանդիպման օրակարգը, պարզապես Կրակովում կայացած հանդիպմանը այս պայմանավորվածություններն առավել առարկայացան:
Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասաց, որ այս հանդիպումների ընթացքում բազում պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
«Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ինչո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ՝ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում:
Անկախ համանախագահների կամքից՝ հակամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոցներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն՝ սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժվել և սկսել բանակցություններ: Այդ միջոցառումները ստատուս-քվոն երկարաձգելու միջոց են: Բայց համանախագահներն այլընտրանք չունեն, պետք է ընթանան կողմերի թելադրած ճանապարհով:
Կրկին նշեմ, որ վստահ չենք կարող լինել` արդյո՞ք կրակովյան հանդիպման պայմանավորվածություններն ի կատար կածվեն: Կարող է պատահել՝ ինչպես միշտ` սրվել իրավիճակը շփման գծում, զոհ արձանագրվել, մյուս կողմին հակասող հայտարարություն հնչել, որի հետևանքով կխափանվեն բոլոր պայմանավորվածությունները»,- ասաց Հայոսը:
Վերջինս տեղեկացրեց, որ բանակցությունների նախորդ տարվա ընթացքում բանակցային թեման եղել է այս պայմանավորվածությունները և կրկին առաջընթաց չի գրանցվել:
«Իմ տեղեկություններով` հարցը հասել է նաև ԵԱՀԿ համանախագահողին, որը դիմել է Ադրբեջանին մի քանի անգամ և տարաբնույթ պատասխաններ ստացել: Այնպես որ, պատմությունը կարող է կրկնվել: Միակ հուսադրող փաստն այն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական է որակել կրակովյան բանակցությունները, սպասենք արդյունքներին և միջոցառումների իրականացմանը»: