Բանակցություններ՝ հանուն շփման գծում խաղաղության. Ինչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կշարունակվեն հենց տարեսկզբից: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի կեսին: Այս մասին իր տարեվերջյան հարցազրույցներից մեկում տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը՝ մանրամասնորեն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:
Նա նշել էր, որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստանում, որովհետև Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե Հայաստանի մոտեցմանը, այլ դեմ է դուրս գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը: «Արդյո՞ք Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը 2018 թվականին: Հուսանք: Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին, և մենք պետք է շարունակենք բանակցությունները և փորձենք գնալ այդ ուղղությամբ՝ միջազգային հանրության հետ միասին, և համատեղենք ջանքերը եռանախագահող երկրների հետ»,- ասել էր նախարարը:
Գնահատելով նախարարական վերջին հանդիպումը, նա նշել էր, որ կողմերը խոսում են, բանակցությունները շարունակվում են, որովհետև բանակցություններին այլընտրանք չկա, և այդ բանակցությունները ձևական բնույթ չեն կրում: Ըստ նրա, արտգործնախարարների վերջին հանդիպումը մոտ չորս ժամ տևեց: «Դուք հասկանո՞ւմ եք, չորս ժամվա ընթացում չեն կարող ձևական ինչ-որ բաներ լինել: Սուր հանդիպումներ են լինում, սուր քննարկումներ են լինում»,- նկատել էր Նալբանդյանը:
Նա տեղեկացրել էր, որ եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է ևս մեկ հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին։ «Պայմանավորվածությունները արդեն կան, թե կոնկրետ որ օրը և որտեղ է լինելու այդ հանդիպումը: Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որ իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- մանրամասնել էր դիվանագետը:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` կրկին հերքելով դրանում Ռուսաստանի հատուկ ազդեցիկ դերակատարությունը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որոնք կողմերի մոտ են:
«ՌԴ-ն չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան՝ կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասել է Լավրովը: Նա նաև այն կարծիքին է, որ կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի:
«Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման: Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա, և կհստակեցնի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները և փորձելով դրանցից առանձնացնել ԼՂ խնդրի կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկող մոտեցումները: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ միևնույն ժամանակ՝ իրենք փորձել են հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը բացատրեց, թե խոսքն ինչ զիջումների մասին է:
«Չեմ կարծում, թե Սերգեյ Լավրովը որևէ նոր բան է ասել: Զիջումներ պահանջվում են երկու կողմերից, այդ ցավոտ զիջումները վերաբերում են երկու կողմերին: Այս հակամարտությունում հաղթողներ և պարտվողներ չեն դիտարկվում, ամեն դեպքում, Ռուսաստանն այդպես է տեսնում խնդրի կարգավորումը, հենց այս մոտեցումն է արտահայտում ՌԴ ԱԳ նախարարը:
Իմ համոզմունքն այն է, որ այս նախարարական հանդիպումներն էական ոչինչ չեն փոխում, քանի դեռ գերտերությունները լուրջ միջոցներ չեն ձեռնարկում կողմերին լուծումներ պարտադրելու ուղղությամբ»,- ասաց Սկակովը: Վերջինիս կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, և սահմանին զոհեր են գրանցվում: Սկակովի կարծիքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձևաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ:
«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պասվիությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի հետ կշարունակի բանակցային գործընթացն առաջ մղել առաջին հերթին՝ այդ հարթակը, ապա բանակցային գործընթացը պահպանելու, կողմերի միջև դինամիկ շփումները շարունակելու նպատակով:
«Միջնորդները կարծես թե համոզված են, որ նույնիսկ առանց արդյունքների՝ այդ հանդիպումներն անհրաժեշտություն են, քանի որ նվազեցնում են պատերազմի վերսկսման հավանականությունը: Այնուամենայնիվ, այդպես էլ կա, քանի որ, երբ բանակցային գործընթացում կանգ է նկատվում, բազմաթիվ զոհեր են լինում շփման գծում, ապրիլյան պատերազմից առաջ ևս բանակցային կոլապս էր արձանագրվում:
Միջնորդներն ապրիլյան դասը լավ են սերտել, բայց ես կասեի, որ առավել մեծ ուշադրության է արժանի այս հակամարտությունը, քանի որ անկանխատեսելի գործողությունների հավանականությունը միշտ բարձր է: Սակայն այդ ուշադրությունը չկա ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում, քանի որ կարծես իրերի ներկայիս դրությունը ձեռնտու է Մոսկվային, իսկ Վաշինգտոնը բավարար չափով հետաքրքրված չէ հակամարտությամբ: Ռուսաստանն իր հերթին՝ հետաքրքրված չէ առաջընթացով կարգավորման գործընթացում, լիովին տիրապետում է իրավիճակին ու վերահսկում: էական փոփոխություն այս տարի չեմ ակնկալում»,- ասաց Փոլ Գոբլը:
Խոսելով նախարարական հանդիպումից` ամերիկացի դիվանագետն ասաց, որ ամենայն հավանականությամբ այն որևէ բեկմամբ չի ավարտվի:
«Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- մեկնաբանեց Փոլ Գոբլը: Նրա պնդմամբ՝ բանակցային գործընթացում առաջընթաց չի ակնկալում նաև այն պատճառով, որ այս տարի ընտրություններ են սպասվում Ադրբեջանում հոկտեմբեր ամսին:
«Չեմ կարծում, որ ընտրություններից առաջ կամ հետո շփման գծում կարող են լինել ռազմական գործողություններ, կամ բանակցային գործընթացում առաջընթաց, քանի որ առաջընթաց նշանակում է՝ զիջումներ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաղթողի հեղինակություն ձևավորի, ուստի առաջընթացի մասին կարող ենք գոնե ժամանակավորապես մոռանալ»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը:
Նրա խոսքով, Ադրբեջանում քաղաքական վերադասավորումներ ևս տեղի են ունենում, որոնք փոքր-ինչ շեղում են իշխանությունների ուշադրությունը Ղարաբաղյան հիմնահարցից:
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում:
«Հիշեք Վիեննայի, Ժնևի նախագահական հանդիպումները, դրանց ընթացքում լուրջ և ծանր հարցեր են քննարկվում, բայց հանդիպումներից հետո կողմերը սկսում են հերքել Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունները, հակասել միմյանց հաղորդագրություններին, սա ցույց է տալիս, որ կոնսենսուս չկա, կողմերը պարզապես հանդիպում են, քանի որ կա պատերազմի վերսկսման վախ: Իհարկե, դա դրական գործոն է, քանի որ պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:
Հ.Գ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ արձագանքել է ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: «Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: