Բաժիններ՝

Կատրին Դենյովը սեռական բռնության զոհերից ներողություն է խնդրել

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սեռական բռնության զոհերից ներողություն է խնդրել այն դառնության համար, որն ինքը նրանց պատճառել է՝ ստորագրելով ֆրանսուհիների կոլեկտիվ նամակը, որում աջակցություն է հայտնվում կանանց նկատմամբ ուշադրության նշաններ ցուցաբերելու տղամարդկանց իրավունքներին:

Այդ մասինշ հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները: «Ես ներողություն եմ խնդրում բռնի գործողությունների բոլոր այն զոհերից, որոնք, հնարավոր է, դառնացել էին Le Monde թերթում հրապարակված նամակից:

Հենց նրանցից եւ միայն նրանցից եմ ներողություն խնդրում»,-հայտարարել է դերասանուհին նոր նամակում, որը հրապարակել է Liberation թերթը: Դենյովը հայտնել է, որ չի հրաժարվում հաջակցություն առաջին նամակի ստորագրությունից, ինչպես նաեւ դատապարտել է նրանց, ովքեր այն ճիշտ չեն մեկնաբանում: «Տեքստում չի պնդվում, որ սեռական հետամտումները լավ են»,-նշել է դերասանուհին:

Դենյովը հայտարարել է, որ սկզբնական նամակի ստորագրման հիմնական պատճառը դարձել է «արվեստում զտումների վտանգը»: «Արդյոք մենք Լեոնարդո դա Վինչիին կհայտարարենք նկարիչ-մանկապիղծ եւ կոչնչացնենք նրա կտավները: Թանգարաններից կհեռացնենք արդյոք Պոլ Գոգենին, կոչնչացնենք արդյոք Էգոն Շիլեի գործերը: Կարգելե՞նք Ֆիլ Սպեկտորի երաժշտությունը: Նման գրաքննությունը զրկում է ինձ խոսելու շնորհից եւ ստիպում անհանգստանալ մեր հասարակության ապագայի համար»,-գրում է Դենյովը:

Անցյալ շաբաթ ֆրանսիական մտավորականության շուրջ հարյուր ներկայացուցչուհիներ, ներառյալ Դենյովը, գերմանացի դերասանուհի Ինգրիդ Կավենը եւ ֆրանսիացի գրող Կատրին Միլլեն, բաց նամակում, որը հրապարակել է Monde թերթը, հանդես են եկել «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքի դեմ, որն առաջացել է սեռական ոտնձգությունների վերաբերալ նյութերի հրապարակումից հետո:

«Բռնությունը հանցագործություն է: Սակայն համառ, երբեմն նույնիսկ անտակտ սիրահետումը հանցագործություն չէ»,-նշում են նամակի հեղինակները: Նրանց կարծիքով, ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալից հետո արդարացված է կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա հատուկ ուշադրություն հրավիրելը: «Դա անհրաժեշտ էր: Սակայն խոսքի այդ ազատությունն այսօր բերում է նրան, որ մեզ ստիպում են խոսել այնպես, ինչպես պետք է՝ հարկադրելով լռել չհամաձայնողներին:

Իսկ նրանց, ովքեր հրաժարվում են ենթարկվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, հանցակիցներ»,-ասված է ուղերձում: Նամակի հեղինակները սեռական ոտնձգությունների դեմ ծավալված շարժման մեջ «սեռական ազատության» սպառնալիք են տեսնում: Ինչպես գրում են ուղերձի հեղինակները, այդ ալիքի զոհեր են դարձել արդեն մի քանի տղամարդիկ, որոնք հարկադրված են եղել պաշտոնաթող լինել այն բանի պատճառով, որ «փորձել են դիպչել կանանց ծնկներին կամ համբուրել նրանց, աշխատանքային ընդմիջումների ժամանակ խոսել են ինտիմ թեմաների շուրջ կամ սեռական բնույթի հաղորդագրություններ ուղարկել»:

«Այդ տենդը… չի օգնում կանանց ավելի անկախ դառնալ, այն, ընդհակառակը, իրականում ծառայում է սեռական ազատության թշնամիների շահերին»,-եզրակացրել են նամակի հեղինակները: 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում մի խումբ դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին եւ Գվինեթ Փելթրոուն, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչից հետո նա հեռացվել է իր իսկ կողմից ստեղծված ընկերությունից եւ բացառվել մի ամբողջ շարք պրոֆեսիոնալ հանրակցություններից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս