Բաժիններ՝

«Երբ ես տրանսպորտի բաժնի պետ եմ եղել, տրանսպորտային միջոցների սակագների փոփոխություն չի եղել». ճանապարհաշինության բաժնի պետ

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժինը միասնական երթուղային ցանցի գործարկման վերաբերյալ դեռևս կոնկրետ դիրքորոշում չի հայտնում:

«Երբ այդ գաղափարն աշխատի, մենք խնդիրներ չենք ունենա: Պիլոտային ծրագիր պետք է իրականացվի, որից հետո նոր մեկ միասնական երթուղային ցանցը կգործարկվի: Ներկայումս մարզում 74 երթուղիներ են սպասարկումն իրականացնում 12 կազմակերպությունների կողմից, գործում են շուրջ 84 տրանսպորտային միջոցներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Վերջինս նշեց Շիրակի մարզում տրանսպորտային սպասարկում իրականացնող երթուղային կազմակերպությունների անվանումները:

Դրանց շարքում են՝ Մուշ-Արմեն ՍՊԸ-ն, Կարեն ՍՊԸ-ն, Տրանս-Ակնթարթ, Ռոբերտ-Տրանս, Շոշ-Մելիքյան ԱՁ-ն, Մարիմա-79 ՍՊԸ-ն, Լիլիթ-Մարիամ ՍՊԸ-ն, և այլն: Սրանցից ոմանք խոշոր երթուղիներ են և սպասարկում են 5, 7, 10, 14 երթուղիներ: Դրանցից խոշորներն են Լիլի-Մարիամը, Տրանս-Ակնթարթը:

«Մենք չունենք մարզում տրանսպորտային երթուղիներ, որոնք սպասարկվում են 15 տարուց ավելի: Եղածների նորոգման համար էլ անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Վեջին 10 տարիների ընթացքում, երբ ես տրանսպորտի բաժնի պետ եմ եղել, տրանսպորտային միջոցների սակագների փոփոխություն չի եղել: Ուղեվարձը սկսվում է 100 դրամից: Քաղաքին մոտ գտնվող գյուղերինը 100 դրամ է, և ըստ կիլոմետրերի՝ բարձրանում է: Ներքաղաքային երթուղիներ էլ կան, որ 100 դրամով են սպասարկվում: Ընդհանուր առմամբ ներքաղաքային երթուղիները 150 դրամով են սպասարկվում: Ունենք ներմարզային երթուղիներ, որոնք դեպի Երևան գնացող են, նաև Մարալիկ, Արթիկ գնացող երթուղիներ կան:

Պեմզաշեն, Մեղրաշեն, Սառնաղբյուր գնացող երթուղիները նաև Երևանի հետ կապ ունեն: Կան դեպի Ձիթհանքով, Թալին, Արմավիր, Էջմիածին գնացող երթուղիներ: Շիրակի մարզի 79 խոշորացված համայնքները մարզկենտրոնի հետ ամբողջովին կապված են: Դեպի համայնքներ կես ժամը մեկ երթուղային է գնում»,- ասում է Շիրակի մարզպետարանի պաշտոնյան:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս