Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Ջրի ձևը» ֆիլմը Critics’ Choice մրցանակին է արժանացել գլխավոր անվանակարգում

Մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ժապավենը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում Critics’ Choice («Քննադատների ընտրությունը») մրցանակին է արժանացել 2017 թվականի արդյունքներով: Թվով 23-րդ մրցանակաբաշխության ամենամյա արարողությունը հունվարի 11-ին կայացել է Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ հեռարձակվել Սի-դաբլյու (CW) հեռուստաալիքի եթերով։
«Ջրի ձեւը» ֆիլմն այս տարի առաջատարն է դարձել այն մրցանակի անվանակարգերի թվով, որը շնորհվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից:

Ընդամենը ժապավենը ներկայացված էր 14 կատեգորիաներում: Արդյունքում կինոնկարը, որը պատմում է համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը, ստացել է չորս արձանիկ, ներառյալ լավագույն ռեժիսուրայի համար պարգեւը:

«Լավագույն դերասան» կատեգորիայում մրցանակին արժանացել է Հարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ժապավենում մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) կերպարը: Կնոջ լավագույն դերի համար պարգեւը շնորհվել Է ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին:

«Երեք գովազդային վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում նա մոր դերակատարն է, որը փորձում է վիշտը ամոքել դստեր սպանությունից հետո: Սեմ Ռոքուելը, որը խաղացել է նույն այդ ժապավենում, պարգեւատրվել է տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար: ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են ճանաչել Էլլիսոն Ջեննիին՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմում նրա աշխատանքի համար: Բոլոր այս չորս դերասաններն ու դերասանուհիները հունվարի 7-ին նաեւ «Ոսկե գլոբուսի» են արժանացել նույն անվանակարգերում:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում պարգեւը շնորհել են գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Վերջնագծին» կինոնկարին: Քննադատները լավագույն անիմացիոն ֆիլմ են ճանաչել Pixar հայտնի ստուդիայի հերթական կինոնկարը՝ «Կոկոյի գաղտնիքը», որն ավելի վաղ արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» մրցանակ:

Լավագույն դրամատիկական սերիալ է ճանաչվել «Սպասուհու պատմությունը»: Critics՚ Choice մրցանակը շնորհվում է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այդ մասնագիտական միավորումը բաղկացած է մոտավորապես 250 մարդուց եւ այդօրինակ խոշորագույն կազմակերպությունն է համարվում Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս