Հոգատարությո՞ւն, թե՞ գերխնամք․ որտե՞ղ է սահմանը

Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։

Իսկ կարևորվելու գլխավոր պայմանը սեփական արարքների համար դիմացինից շնորհակալություն կորզելն է, որի հիմքում ընկած է «Ես քեզ միշտ կխնամեմ, իսկ դու ինձ միշտ կաստվածացնես» գաղափարախոսությունը։ Նման փոխհարաբերությունների ժամանակ միշտ խախտված է հոգատարության և գերխնամքի իմաստային բովանդակությունը, և դրանք տարանջատելն ուղղակի անհնարին է։ Առաջին քայլը, որը որոշակի հստակեցում կտա, դա երկու երևույթների իմաստային մեկնաբանումն է։ Դրա համար նախ պետք է գիտակցենք մի քանի կարևորագույն գաղափար․

  • Խնամելով մարդուն՝ մենք նրան համարում ենք անպաշտպան և հաճախակի որոշումներ կայացնում իր փոխարեն։ Հոգատարություն դրսևորելով՝ մենք ընդունում ենք նրա ինքնուրույնությունը։
  • Գերխնամքը հնարավորություն չի տալիս անձին գիտակցել սեփական պահանջմունքները, աճել և զարգանալ։
  • Որպես կանոն, գերխնամքի հիմքում թաքնված են հոգեբանական տրավմաներ, կառավարելու ձգտումներ և կյանքին իմաստ հաղորդելու նպատակ։

Վերը նշված գաղափարները զուտ ընդհանուր պատկերացում են տալիս այս երևույթների վերաբերյալ։ Սակայն հոգատարության և գերխնամքի սահմանը շատ անտեսանելի և նուրբ է, քանի որ ունի և՛ արդարացված, և՛ չարդարացված դրսևորումներ։ Սահմանը հասկանալու համար, նախ՝ հասկանանք ծնող-երեխա փոխհարաբերություններում դրանց առկայությունը և դրսևորումը։

Նշված փոխհարաբերություններում հոգատարությունը և գերխնամքը հիմնային հասկացություններ են, սակայն երեխայի հասունանալու հետ զուգահեռ՝ դրանց հարաբերակցումը փոփոխություն է կրում։

Որպես կանոն, նորածինը լիարժեք անօգնական է, ունակ չէ ինքն իրեն կերակրել, խնամել։ Ծնողը բացահայտում, հասկանում է երեխայի մարմնական պահանջմունքները, խնամքի հետ կապված գործողությունները և կատարում դրանք՝ դրսևորելով գերխնամք։ Նման գերխնամքը կարելի է համարել ողջամիտ և արդարացված։ Երեխայի հասունանալուն զուգահեռ՝ մայրը պետք է երեխային սովորեցնի բավարարել սեփական պահանջները, հայտնել սովածության մասին, օգտվել սպասքից, ինքնուրույն խաղալ, ինչն իր հերթին՝ հոգատարության դրսևորում է։

Երեխայի զարգանալուն զուգահեռ՝ փոխվում և ավելանում են ոչ միայն՝ ֆիզիոլոգիական, այլ նաև՝ հուզական պահանջները։ Եթե երեխան վախեցած կամ անտրամադիր է, ապա նրան անհրաժեշտ է հանգստացնել։ Սակայն կարևորն այն է, որ մեծահասակը չխլի երեխայից այդ բացասական հույզը, այլ նրա կողքին լինելով՝ կաջակցի և հնարավորություն կտա երեխային՝ ընդունել վախը և հաղթահարել ինքնուրույն՝ ունենալով ծնողի աջակցությունն ու հասկացումը։

Ծնողը պետք է օգնի երեխային գիտակցել սեփական պահանջները, ինչը իր հերթին՝ կնպաստի երեխայի աճին և առողջ զարգացմանը։

Սա համարվում է հոգատար հարաբերություն։ Իսկ գերխնամք իրականացնող ծնողը երեխային ուղղված հարցերին պատասխանում է երեխայի փոխարեն՝ «Մենք քնած էինք մնացել», «Մենք հանձնեցինք քննությունը», «Մենք ընդունվեցինք համալսարան»։ Ի՞նչ է իրականում կատարվում: Ծնողը բաց չի թողնում երեխային դեպի ինքնուրույն կյանք, դեպի ինքնաճանաչում՝ վախենալով, որ երեխան ձեռք կբերի ինքնուրույնություն՝ ազատվելով ծնողի ներկայությունից։ Սա գերխնամք իրականացնող ծնողի միայնակության վախի տրավման է, որը նա լրացնում է իր երեխային կառավարելով։ Իսկ ի՞նչ է, առհասարակ, թաքնված գերխնամքի հիմքում։ Գերխնամքն  ախտանիշ է, ինչն արտաքին դրսևորում է տալիս ներքին խորը խնդիրներին։

1. Տրավմաներ։ Երբ կան մարդիկ, ովքեր միմյանց հետ պայմանագրային փոխհարաբերություններ են կնքում, մի կողմն աշխատում և դրանով ապահովության զգացում է փոխանցում կողակցին, իսկ նա էլ իր հերթին՝ ակտիվորեն ցուցադրում է դիմացինի հաջողությունները։ Հետևաբար՝ նրանցից ոչ ոք ազատ չէ ինքնադրսևորման համար: Գերխնամքի առկայությունն այս դեպքում խոսում է մանկուց խորը տրավմաներ ստանալու և դրանք չհաղթահարելու մասին։

2. Կառավարում և անվստահություն։ Գերխնամքի քողարկված նպատակն է՝ կառավարել դիմացինի պահանջները, ցանկությունները, երևակայությունը։ Առողջ հարաբերություններում նման բան հնարավոր չէ: Իսկ եթե հարաբերություններն անառողջ են, ապա գերխնամողն անցնում է կողակցի անձնային սահմանները: Կարդում է նրա նամակները, ստուգում հեռախոսը։ Նման բան կատարվում է ոչ միայն՝ զույգերի, այլ նաև՝ դեռահասների և ծնողների միջև։

3. Կյանքն իմաստավորելու ցանկություն։ Լինում են դեպքեր, որ մայրը կառավարում է ոչ միայն իր երեխաներին, այլ նաև թոռներին։ Նման իրավիճակում նա իմաստավորում է իր կյանքն ուրիշի իմաստով, վերապրում է իր պետքական լինելն ու կարևորությունը։ Շատ հաճախ հասուն մարդիկ սկսում են խաղալ այդ խաղը՝ հրաժարվելով ինքնուրույն կյանքից։ Օրինակ, թմրամոլ տղան և մայրը։

Մայրը վճարում է երեխայի պարտքերը, որոնք թմրանյութի համար էին գոյացել, տնօրենի դիմաց արդարացնում երեխայի բացակայությունները՝ միաժամանակ ինքն իրեն զգալով պետքական, և նրա կյանքն իմաստ է ստանում։

Ինչպե՞ս ճիշտ դրսևորել հոգատարություն

Երեխայի հետ հարաբերություններում ծնողը պետք է ունակ լինի ճիշտ պահին կանգ առնել և չտրվել գերխնամքի գայթակղությանը։ Երեխայի ամեն պահով ապրող մայրը հստակ գիտի այն իրավիճակները, որոնցում երեխան կարող է ինքնուրույն գործել և ինքնուրույն բավարարել սեփական պահանջները։ Կյանքում մի պահ է գալիս, երբ երեխան կարողանում է ինքնուրույն լվանալ ձեռքերը, ընտրել խաղալիք, իրեն նեղացնողի հետ ինքնուրույն հարթել խռովքը։

Ծնողը, նման դեպքերում, ինչպես արդեն նշեցինք, պետք է գիտակցի և ընդունի երեխայի այդչափ հասուն լինելը, ինքնուրույնության հնարավորություն ընձեռի, սակայն ստեղծի այնպիսի փոխհարաբերություններ, որ երեխան՝ պահպանելով իննուրույնությունը, զգա անհրաժեշտություն մայրիկից օգնություն հայցելու։ Նման կերպ ծնողը խնամքը փոխարինում է հոգատարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս