
Սիրիայում հրշեջ ջոկատները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը, հրշեջ և անտառտնտեսության ջոկատները, տեղի բնակիչների և Պաշտպանության նախարարության ուղղաթիռների աջակցությամբ, պայքարում են Լաթաքիայի և Համայի շրջաններում մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 50 հրշեջ հաշվարկներ։
Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ տեղի բնակիչների աջակցությամբ հրշեջ խմբերը կարողացել են կանխել հրդեհների տարածումը Համայի շրջաններում: Այնուամենայնիվ, հրդեհները դեռևս մոլեգնում են լեռնային մի քանի կետերում, և ջանքեր են գործադրվում դրանք մեկուսացնելու համար:
Նախարարը Լաթաքիայի Քեսաբ շրջան կատարած այցելության ժամանակ պարզաբանել է, որ նահանգում ամենախոշոր հրդեհները մոլեգնում են Քեսաբում:
Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օթմանը հայտարարել է, որ հրշեջ և քաղաքացիական պաշտպանության խմբերին հաջողվել է վերահսկել Քեսաբի տարածքում մոլեգնող հրդեհների մեծ մասը։
Ավելի վաղ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը հայտարարել էին Սիրիայում ավելի քան 30, այդ թվում՝ վեց խոշոր անտառային հրդեհների բռնկման մասին։