
Թրամփը չի կարծում, որ Խաղաղության Նոբելյան մրցանակ կստանա. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, թե դա իրեն կհաջողվի: Այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
«Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, թե կկարողանա այն ստանալ», – ասել է հեռուստաալիքի զրուցակիցը, որի անունը չի նշվում:
NBC News-ը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմում վերջերս շատ են բարձրաձայնում այն մասին, որ նախագահն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ընդգծելով նրա դերը Հայաստանի և Ադրբեջանի, Իսրայելի և Իրանի, Կամբոջայի և Թաիլանդի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հակամարտությունների դադարեցման գործում։
Ավելի վաղ Նորվեգիայի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Միացյալ Նահանգների նախագահը Նոբելյան մրցանակի թեմայով զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը հեռախոսով խոսել է Ստոլտենբերգի հետ, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է եղել զրույցը: