Ավստրալիայում տարեց զույգը վիճակախաղով շքեղ առանձնատուն է շահել
Ավստրալիայում հայտարարել են RSL Art Union հանրաճանաչ վիճակախաղի հաղթողներին: Ինչպես հայտնել է Bendigo Advertiser-ը, 4,1 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը բաժին է ընկել տարեց զույգի։
Անվտանգության նկատառումներով հաղթողների իսկական անունները չեն հրապարակվում: Նրանց տվել են Քեն եւ Մարգարետ Ռայթ կեղծանունները: Զույգը վիճակախաղի տոմսերը գնել է որպես Սուրբ Ծննդյան տոնի նվեր: Երբ նրանց հայտնել են շահման մասին, նախ նրանք չեն հավատացել եւ մի քանի անգամ հարցրել են, թե դա ճիշտ է արդյոք:
Առանձնատունը, որը նրանք ստացել են, գտնվում է Քվինսլենդի նահանգի ծովեզերքին: Այնտեղ կան մի քանի բնակարաններ եւ փենթհաուս: Բնակարանները վարձակալության տալուց տարեկան եկամուտը, խաղարկության կազմակերպիչների հաշվարկներով՝ կկազմի շուրջ 200 հազար ավստրալական դոլար: