«Նոր տարին կդիմավորենք առանց ձյան». Գագիկ Սուրենյանը ներկայացրեց առաջիկա օրերի կլիմայական կանխատեսումները
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի բազմաթիվ կլիմայական անոմալիաների ականատես եղանք: Նրա գնահատմամբ՝ 2017 թվականը կլիմայի տեսանկյունից՝ արտառոց էր, հիմա էլ անոմալ տաք դեկտեմբեր է:
Նա նկատեց, որ դեկտեմբերի 15-ից սկսած՝ օդի ջերմաստիճանն անոմալ տաք է: Գ. Սուրենյանի խոսքով՝ օդի ջերմաստիճանը խիստ բարձ էր դեկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում:
«Աննախադեպ է, որ դեկտեմբերի վերջին անձրև է գալիս լեռնային բարձրադիր գոտիներում: ՀՀ-ի գրեթե ողջ տարածքում ձնածածկույթը բացակայում է, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է:
Երեկվանից այդ տաք օդային ալիքը նորից ակտիվացել է: Այսօր և վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է, Արարատյան դաշտավայրում և Երևանում ջերմաստիճանը կլինի +12-14 աստիճան, մինչև 31-ը կլինի առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-ից գալիս է տեղումնաբեր ցիկլոն, տեղումները հիմնականում կլինեն անձրևի տեսքով, որոշ հատվածներում կլինի ձնախառն անձրև: Մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ հոսանք չի գալու, կանխատեսվում է կրկին տաք հունվար: Ողջ ամսվա ընթացքում գերիշող են լինելու տաք օրերը: Լինելու է անոմալ հունվար»- նշեց Գ. Սուրենյանը: