Աղքատ-հպարտ հայերը

Թերևս չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում ամենաքննարկվող թեմաները եղել են գները և աղքատությունը։ Գների քննարկումը սկսվել էր շատ ավելի վաղ, քանի որ գնաճը զգալու համար մարդիկ վիճակագրական զեկույցների կարիքը չունեն։ Թե՛ գնաճը, թե՛ աղքատությունն ունեն սուբյեկտիվ կողմ։

Այո, հրապարակվում է 1 ընդհանուր միջինացված ցուցանիշ, սակայն առանձին մարդկանց կամ ընտանիքների տեսանկյուններից՝ գնաճի և աղքատության մակարդակները տարբեր են։ Գնաճի մասին արդեն մի անգամ գրել ենք։ Գնաճի ցուցանիշը տարբեր մարդկանց մոտ տարբերվում է՝ կախված նրանից, թե սպառման մեջ առանձին ապրանքախմբերն ինչ կշիռներ ունեն։

Օրինակ, եթե ամենից շատ թանկացել է սննդամթերքը, ապա «անհատական» գնաճն ավելի շոշափելի կլինի այն մարդկանց համար, որոնց մոտ սննդամթերքին ուղղվող ծախսերն առավել մեծ կշիռ ունեն։ Ցանկության դեպքում յուրաքանչյուրն անգամ կարող է հաշվել իր «անհատական» գնաճը (օրինակ, հայաստանյան կայքերից մեկում այդպիսի հաշվիչ է տեղադրված)։

Աղքատությունը նույնպես սուբյեկտիվ ձևով կարող է գնահատվել։ Ավելին, աղքատության դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան գնաճի դեպքում։ Նախ՝ կարող են տարբեր լինել չափանիշերը։ Օրինակ, ՀՀ պաշտոնական վիճակագրությունը 2016 թվականի համար աղքատության վերին գիծ է սահմանել 40 867 դրամը։

Այսինքն՝ աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը 40 867 դրամից ցածր է։ Շատ աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը 33 418 դրամից քիչ է։ Իսկ ծայրահեղ աղքատները նրանք են, որոնք 23 313 դրամից էլ պակաս են ծախսում (սա պարենային աղքատության գիծն է)։ Պաշտոնական վիճակագրությունը, այս չափանիշերը հիմք վերցնելով՝ հայտարարում է, որ բնակչության 19.6%-ն աղքատ է, 8%-ը՝ շատ աղքատ, 1.8%-ը՝ծայրահեղ աղքատ։ Սա, կրկնենք, ըստ ԱՎԾ-ի կողմից հիմք ընդունված չափանիշերի։ Սակայն հենց այդ չափանիշերը կարող են խիստ տարբեր լինել։

Օրինակ՝ մեկը կարող է համարել, որ աղքատության վերին գիծն ամսական ոչ թե 40 867 հազար դրամն է, այլ 100 հազար դրամը կամ 150 հազար դրամը։ Ընդ որում, սա ոչ թե ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրությունը նաև այդպիսի հարցումներ է անցկացրել 2016 թվականին և հրապարակել։ Ըստ այդ հարցումների՝ 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար, շատ լավ ապրելու համար՝ ամսական

655 060 դրամ կամ 1 363 դոլար։ Ի դեպ, երբ այս մասին առանձին հրապարակում եղավ 168.am կայքում, մեկնաբանություններում մարդիկ սկսեցին գրել, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում. յուրաքանչյուրն իր կարծիքն էր գրում։ Մինչդեռ սա ոչ թե ճշգրիտ տվյալ է, այլ հենց բնակչության կողմից տրված տարբեր պատասխանների ընդհանրացված գնահատական։  Սակայն էականը դա չէ։

Շատ ավելի կարևոր է առաջին տվյալը՝ ըստ բնակչության կարծիքի, գոյատևելու համար 1 շնչի հաշվով անհրաժեշտ է ամսական 120 հազար դրամից ավելի: Տրամաբանությունը հուշում է, որ, եթե 1 շնչի հաշվով եկամուտը (և սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է, ուրեմն մարդուն կարելի է աղքատ համարել։

Սա պայմանականորեն համարենք աղքատության «հասարակական ընկալման» մակարդակ։ ԱՎԾ-ն, հիշեցնենք, աղքատ համարում է 41 հազար դրամից պակաս ստացողներին ու ըստ այդմ է ստանում 29.4% աղքատության մակարդակը։ Ու եթե հիմք ընդունենք 120 հազար դրամը, ապա աղքատության մակարդակը 29.4%-ից շատ ավելի բարձր կլինի։ Թե կոնկրետ որքա՞ն՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում հիշեցնենք, որ ըստ նույն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ամսական 120 հազար դրամից բարձր եկամուտ ունի բնակչության ամենաապահովված 10%-ը (10-րդ դեցիլային խումբը)։

Ուրեմն ի՞նչ՝ բնակչությունն իրեն ավելի աղքատ է համարում, քան պաշտոնական վիճակագրությո՞ւնը։ Որքան էլ տարօրինակ լինի՝ պարզվում է, որ ոչ։ Ճիշտ հակառակը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է նաև աղքատության մակարդակի սուբյեկտիվ գնահատականը (երբ բնակիչներն իրենք են բնութագրում իրենց սոցիալական վիճակը)։

Արդյունքը հետևյալն է. Ըստ ԱՎԾ զեկույցի՝ Հայաստանում 2016թ.-ին բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականները (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները) 1.8 անգամ ցածր են օբյեկտիվ գնահատականներից։ Մասնավորապես, աղքատության սուբյեկտիվ և օբյեկտիվ մակարդակները գնահատվել են, համապատասխանաբար, 16.6% և 29.4%: Այսինքն՝ փաստացի աղքատների մի զգալի մասն իրեն աղքատ չի համարում։

Ավելին ասենք, սպառման ագրեգատով ծայրահեղ աղքատների ընդամենը 9.5%-ն է իրեն համարում է ծայրահեղ աղքատ։ 46.1%-ն իրեն համարել է աղքատ, 30.8%-ը` միջինից ցածր, 12.4%-ը` միջին, 1.3%-ը` միջինից բարձր, և ոչ մի ծայրահեղ աղքատ չի գնահատել իր կենսամակարդակը հարուստ: Հիշեցնենք, խոսքը ծայրահեղ աղքատների մասին է` օրվա հացի լուրջ խնդիր ունեցող մարդկանց, որոնց ամսական սպառումը 23,3 հազար դրամից ցածր է։

Մինչդեռ, օրինակ, մեկ չափահաս անձին համարժեք սպառման հիման վրա ոչ աղքատ գնահատված տնային տնտեսությունների անդամների 0.9%-ն իրեն գնահատել է՝ որպես ծայրահեղ աղքատ, 13.4%-ը՝ աղքատ։

Ստացվում է՝ երբ Վիճծառայության աշխատակիցը հարցում է անում և մարդկանց խնդրում ներկայացնել  ամսական սպառումն ու եկամուտը, ու հետո այդ տվյալների հիման վրա գնահատվում է՝ տվյալ մարդիկ աղքա՞տ են, թե՞ ոչ, ստացվում է մի ցուցանիշ։ Սակայն, երբ նույն մարդկանց հարցնում են՝ դուք աղքա՞տ եք, թե՞ ոչ, աղքատության ցուցանիշն ավելի ցածր է ստացվում։

Պարզ ասած՝ մարդը կարող է պատասխանել, որ իր ընտանիքում

1 շնչի հաշվով ամսական սպառումը 35 հազար դրամ է (ըստ այդմ՝ ԱՎԾ-ն կարող է նրան հաշվառել աղքատների մեջ)։ Սակայն նույն մարդն ինքն իրեն աղքատ չի համարի կամ չի ցանկանա խոստովանել, որ ինքը աղքատ է՝ առավելևս, օտար մարդու մոտ։ Ավելին, նա կարող է հիմնավորել, որ ամեն շնչի հաշվով ամսական 35 հազար դրամ ծախսելով՝ իր ընտանիքն ավելի լավ ու երջանիկ է ապրում, քան իր հարևանը, ով մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ է ստանում։

Ինչո՞ւ է այսպես։ Խնդիրն ավելի շատ սոցիալական ու հոգեբանական դաշտում է, և այս հարցին ավելի ճիշտ կպատասխանեն համապատասխան մասնագետները։

Սակայն զուտ սիրողական մակարդակում կարելի է ասել, որ էական դեր է խաղում հպարտության կամ ամոթի զգացումը։ Մարդիկ կարող են միայն կարտոֆիլով սնվել և մսի փող չունենալ, սակայն ավելի հպարտ լինել, քան ամեն օր ընթրիքին ռեստորանում սթեյք ուտողները։

Տեսանյութեր

Լրահոս