Կարեն Կարապետյանի մերժումը Միհրան Պողոսյանին. «Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, ինչպես և խոստացել էր ԱԺ նստաշրջանի սկզբում, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Նա առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ համարել հենաշարժական ֆունկցիաների խանգարումների և (կամ) մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիայի, արտահայտված արտաքին ձևախեղումների հետ կապված հաշմանդամության կարգ ունեցող անձի` ՀՀ օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտ:
Սակայն ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ դեկտեմբերի 28-ին, նախատեսում է մերժել Մ.Պողոսյանի առաջարկը։
Հիմնավորվում է, որ գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավելու խնդիրը մշտապես գտնվել և շարունակում է գտնվել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և, թերևս, հենց դրանով է պայմանավորված այդ խնդրի լուծման նպատակով համապատասխան խթանիչ մեխանիզմների առկայությունն ինչպես՝ գործող հարկային օրենսդրությամբ, այնպես էլ՝ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային օրենսգրքով:
Մասնավորապես, օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը խթանելու նպատակով, սահմանվել է, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում է շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում՝ համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Հետևաբար, տեղին չէ նախագծի հիմնավորմամբ ներկայացված այն պնդումը, որ հարկային օրենսդրությամբ որևէ խթան նախատեսված չէ, որը կշահագրգռի գործատուներին աշխատանքի ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց: Միաժամանակ՝ կառավարությունը հարկ է համարել նկատել, որ հարկային օրենսդրությամբ համապատասխան արտոնություն սահմանված լինելու պարագայում, եթե գործատուներն այնուամենայնիվ շահագրգռված չեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավելու գործում, ապա խնդիրը համապատասխան խթանիչ դրույթների բացակայությունը չէ:
«Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը: Այսպես, նախագծի ընդունման դեպքում գործատուները կարող են հաշմանդամություն ունեցող անձանց հետ ձևականորեն կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր և օգտվելով շահութահարկի գծով սահմանված վերոնշյալ արտոնությունից՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնել այդ պայմանագրերով ամրագրված, հաշմանդամություն ունեցող անձանց իբրև թե վճարվող եկամուտների 250 տոկոսը` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվելու են նվազեցվող եկամուտներ:
Գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտներ համարելու պարագայում այդ անձինք կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում անխուսափելիորեն զրկվելու են պետական կենսաթոշակների համակարգից օգտվելու հնարավորությունից, քանի որ պետության կողմից անձանց կենսաթոշակներ վճարելու հանգամանքը պայմանավորված է տվյալ անձի` եկամտային հարկ վճարող հանդիսանալու հանգամանքով»,- նշված է որոշման նախագծում:
Միաժամանակ, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն գործատուի մոտ աշխատանքի տեղավորման իրավունք` աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտայի) ապահովման շրջանակներում: Ընդ որում` իրավակիրառ պրակտիկայում վերհանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մինչև 2018 թ. հուլիսի 1-ը կասեցվել է քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործողությունը, և Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերով փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու լիարժեք գործարկման համար անհրաժեշտ հիմքեր և մեխանիզմներ:
Նաև փաստվում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն զբաղվածության ապահովման որոշակի դժվարություններ, կարող են ստանալ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարգավիճակ և օգտվել աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման իրավունքներից: