«Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է հայ ժողովրդի համար». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հաջողվել է ամրապնդել Հայաստանի դիրքերը, ինչպես նաև՝ հաստատել հարաբերություններ նոր գործընկերների հետ։

Արմեն Աշոտյանի խոսքով՝  2017-ը Հայաստանի անվտանգային համակարգերի ամրապնդման տարի էր: Նա կարևորեց նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. «Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլ թևակոխեցին համաձայնագրի շրջանակներում, սա գալիք տարիների համար համահունչ է լինելու Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական օրակարգերին, որևէ արհեստական բան ԵՄ-ն մեզ չի պարտադրելու։

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների համատեքստում գալիք տարին պետք է դառնա պայմանագրի վավերացումների շքերթի տարի։ Համաձայնագիրն ունի նաև անցումային դրույթներ, և այն վավերացնելուց հետո մի շարք կարևոր ուղղություններով, մասնավորապես՝ բյուջետային ֆինանսավորման, տնտեսական բարեփոխումների, ԵՄ-ն արդեն կարող է գործի դնել իր ֆինանսավորման գործիքները։ Սակայն, այս փաստաթուղթը քաղաքական է, և ամբողջությամբ իրավական միս-արյուն ստանալու համար պետք է անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով»։

Աշոտյանը շեշտեց արցախյան հիմնախնդրի հետ կապված այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում. «ԵՄ կողմից՝ ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխանող բանաձև, ըստ որի՝ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես ՄԽ համանախագահների ջանքերով, խաղաղ ճանապարհով, ժողովուրդների ինքնորոշման հիման վրա։ Այս սկզբունքների եռյակը, որոնց դեմ երկար տարիներ ապարդյուն պայքարում է Ադրբեջանը, կարևոր էր ֆիքսել ԵՄ մակարդակում»։

Նրա խոսքով՝ 2017թ. Հայաստանը զարգացրեց դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի հետ: «Հայաստանն ունի իր ուրույն տեղը Չինաստանի կողմից «մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծում, Հայաստանը մաս է կազմում այդ նախագծին, պետք  է փաստել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Չինաստանի  շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են:

«Գալիք տարվա համար նախատեսված  գործողությունները գալիս են ամրապնդելու չինական ներդրումները Հայաստանում»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանն առանձնացրեց նաև Իրանի հետ հարաբերությունների մակարդակը. «Այդ մակարդակը բավականին բարձր է, դրա մասին են վկայում փոխայցերը, ինչպես նաև՝ ԱԺ պատվիրակության այցը Թեհրան»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա ասաց, որ Թուրքիան ունի երեսը փրկելու կարիք. «Բայց երեսը փրկելու Թուրքիայի ջանքերը տապալված են, որովհետև բոլոր ուժային կենտրոնները գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը։ Այստեղ թուրքական կողմի ակնհայտ դիվանագիտական «լկտիությունը» բերում է նրան, որ նրանք չեն էլ թաքցնում՝ հայ-թուրքական կարգավորումները շաղկապված են բացառապես արցախյան հիմնախնդրի ադրբեջանամետ լուծումների ակնկալիքների հետ, ինչը բնավ ընդունելի չէ հայկական կողմերի համար։ Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս