Ի՞նչ անել ամեն բան փոխելու համար
Ես հաճախ եմ տեսնում մարդկանց, որոնց կյանքը ներծծված է տառապանքով և լի է հոռետեսությամբ: Նրանք բողոքում են ճակատագրից, ընտանիքից, աշխատանքից, հասարակությունից ու պետությունից: Նրանք թունելի վերջում լույս չեն տեսնում և համարում են, որ իրենց ծանր վիճակի համար մեղավոր են ուրիշները: Ստորև ներկայացնում եմ իրավիճակը փոխելուն միտված մի քանի խորհուրդներ, որոնք սեփական փորձառության արդյունք են:
1. Հասկացիր, թե քեզ ինչ է իսկապես դուր գալիս:
Սա թե ամենագլխավորն է, թե ամենաբարդը: Ոսկե կանոնն ասում է՝ արա այն, ինչը քեզ իրական հաճույք է պատճառում, և այդ ժամանակ դու ավելի երջանիկ կդառնաս: Ավելին, քեզ իսկապես հաճելի գործի առկայությունը քեզ ոգևորում է: Սա հակառակ սեռին դուր գալու համար մեծ գործոն է: Բայց պետք է պատրաստ լինել այն բանին, որ սեփական ուղու փնտրտուքը մարաթոն է, որը կարող է ձգվել շատ երկար տարիներ:
2. Հրաժարվիր այն աղբից, որը դու ուտում ես, խմում ու ծխում ամեն օր:
Այստեղ ոչ մի գաղտնիք ու խորամանկ սննդակարգ չկա, միայն՝ բնական սնունդ, մրգեր, բանջարեղեն, ջուր: Պարտադիր չէ բուսակեր դառնալ ու ամբողջովին հրաժարվել ալկոհոլից: Բավական է միայն առավելագույնս սահմանափակել շաքարը, ալյուրը, սուրճը, ալկոհոլը և ողջ ֆասթ-ֆուդը:
3. Սովորիր օտար լեզուներ:
Սա անիրական կերպով կընդլայնի աշխարհընկալման խորությունը և չտեսնված հեռանկարներ կբացի ուսման, զարգացման ու կարիերայի աճի համար: Հաշվի առնելով աշխարհում կիրառողների քանակի մեծությունը՝ անգլերեն սովորելն այսօր պարզապես կենսական անհրաժեշտություն է: Խորացիր լեզուների ուսուցման մեջ, և առաջընթացն ապահովված է:
4. Գրքեր կարդա:
Ընթերցվող գրքերի շարքում ներառիր քո մասնագիտական շրջանակը, պատմությունը, բնագիտությունը, անձնական աճն ապահովող գրականություն, սոցիոլոգիայի, հոգեբանության, հանրահայտ մարդկանց կենսագրությունների մասին որակյալ գրքեր: Ոսկե կանոնը շաբաթական մեկ գիրք կարդալը կամ աուդիոտարբերակով լսելն է:
5. Անցկացրու բովանդակալից հանգստյան օրեր:
Թանգարան, ցուցահանդեսներ գնա, սպորտով զբաղվիր, քաղաքից դուրս գնա, թռիր օդապարիկով, բարեկամներիդ այցելիր, լավ ֆիլմ կամ ներկայացում դիտելու գնա: Լայնացրու մտահորիզոնդ:
Երբ արդեն ամեն ինչ տեսած ու լսած կլինես, հավաքիր ընկերներիդ, նրանց հետ լավ ժամանակ անցկացրու, պատմիր այն ամենի մասին, ինչ տեսել ես: Գլխավորը՝ մի դոփիր տեղում: Որքան շատ տպավորություններ անցկացնես քո միջով, այնքան հետաքրքիր կլինի ապրելը, և այնքան լավ դու գլուխ կհանես իրերից ու երևույթներից:
6. Գրառիր մտքերդ:
Կարելի է բլոգ վարել, կարելի է նաև նոթատետրի մեջ գրել, ու բոլորովին մի նեղվիր, որ պերճախոս չես: Կարևորն այն է, որ դու կարող ես մտածել ու վերլուծել:
7. Ինքդ քո առջև նպատակներ դիր:
Գրիր դրանք թղթի վրա, համակարգչի մեջ կամ սոցցանցում: Գլխավորն այն է, որ դրանք հստակ, հասկանալի ու անհնարին չլինեն: Եթե նպատակ դնես, կարող ես հասնել նրա կատարմանը կամ ոչ: Իսկ եթե չդնես, ձեռքբերումների ոչ մի տարբերակ չես ունենա ընդհանրապես:
8. Սովորիր աչքերդ փակ տպել համակարգչի ստեղնաշարով:
Դա չիմանալ անել 21-րդ դարում, նույնն է թե՝ 20-րդ դարում գրիչով գրել չիմանաս: Ժամանակն այն քիչ գանձերից է, որը դու ունես, և տպել դու պետք է իմանաս գրեթե նույնքան արագ, որքան մտածել: Իսկ դու պետք է մտածես ոչ թե այն մասին, թե որտեղ է գտնվում անհրաժեշտ տառը, այլ՝ թե ինչ ես գրում:
9. Սանձիր ժամանակը:
Սովորիր գործերդ կառավարել այնպես, որպեսզի նրանք աշխատեն գրեթե առանց քո մասնակցության: Որոշումներ արագ ընդունիր, գործիր առանց հապաղելու, մի թող գործերդ հետո: Բոլոր գործերդ կամ արա, կամ հանձնարարիր ինչ-որ մեկին: Աշխատիր, որ գնդակը քո դաշտում երկար չմնա:
Գրի առ բոլոր երկարաժամկետ գործերդ, որոնք մինչ այժմ չես արել, ու դրանք քեզ խանգարում են ապրել: Վերագնահատիր. Արդյո՞ք դրանք քեզ պետք են: Եթե՝ այո, արա, վերջացրու մի քանի օրվա ընթացքում, և դու անհավանական թեթևություն կզգաս:
10. Հրաժարվիր համակարգչային խաղերից և համացանցում հիմար սերֆինգից:
Մինիմալի հասցրու սոցցանցերում անցկացրած ժամանակդ: Ցանկալի է թողնել միայն մեկ ակտիվ ակաունտ: Մոռացիր հեռուստատեսային ծրագրերի մասին, բացի գիտահանրամատչելի հաղորդումներից: Սովորություն դարձրու էլփոստդ միայն օրվա որոշակի ժամերի ստուգել:
11. Սահմանափակիր անիմաստ նորությունների ընթերցանությունը:
Միևնույն է, իսկապես կարևոր իրադարձությունների մասին շուրջբոլորը խոսվելու է, իսկ ավելորդ աղմկոտ ինֆորմացիան կարևոր որոշումներ ընդունելու որակի լավացմանը չի բերելու:
12. Սովորիր շուտ արթնանալ:
Պարադոքսն այն է, որ առավոտվա վաղ ժամերին դու միշտ ավելի շատ բան ես հասցնում անել, քան երեկոյան: Մարդուն պետք է յոթժամյա որակյալ քուն, որակյալ ֆիզիկական ծանրաբեռնվածություն և նորմալ սնունդ:
13. Աշխատիր քեզ շրջապատել կարգին, ազնիվ, բաց, խելացի ու հաջողակ մարդկանցով:
Մեր շրջապատից մենք շատ բան ենք սովորում: Շատ ժամանակ անցկացրու այն մարդկանց հետ, ում հարգում ես, և ումից կարելի է ինչ-որ բան սովորել: Շատ կարևոր է, որ այս մարդկանց ցանկում լինեն նաև քո ղեկավարները: Համապատասխանաբար աշխատիր մինիմալի հասցնել շփումդ հոռետես, բացասական աուրա ունեցող, անհետաքրքիր ու չար մարդկանց հետ: Բարձրանալու համար դու պետք է վեր մղվես, և կողքիդ արդեն բարձունքների հասած մարդկանց առկայությունն ինքնին քեզ համար լավ խթան կլինի:
14. Օգտագործիր յուրաքանչյուր վայրկյանը և յուրաքանչյուր մարդու՝ նոր բան իմանալու, սովորելու համար:
Եթե կյանքն այնքան բարեհաճ է գտնվում քո նկատմամբ, որ ինչ-որ պահի քո ճանապարհը խաչում է ցանկացած ոլորտ ներկայացնող արհեստավարժ մեկի հետ, փորձիր հասկանալ, թե որն է նրա աշխատանքի էությունը, որոնք են նրա մոտիվացիաներն ու նպատակները: Սովորիր տալ ճիշտ հարցեր: Անգամ տաքսու վարորդը կարող է ինֆորմացիայի անգին աղբյուր լինել:
15. Սկսիր ճանապարհորդել:
Ոչինչ, որ Արգենտինա կամ Նոր Զելանդիա մեկնելու համար գումար չունես: Հանգստի որակն ընդհանրապես կապ չունի ծախսված գումարի չափի հետ, և իմ լավագույն ճամփորդությունները եղել են այն վայրերում, որոնք ոչ մի կապ չունեն պաթոսի ու թանկարժեքության հետ:
Երբ դու տեսնես, թե որքան բազմազան է աշխարհը, դու կդադարես կենտրոնանալ քո շուրջը եղած փոքր տարածության վրա և ավելի հանդուրժող, հանգիստ ու իմաստուն կդառնաս:
16. Գնիր ֆոտոխցիկ, մոլբերտ կամ, ասենք՝ բալետային մաշիկներ:
Փորձիր որսալ աշխարհի գեղեցկությունը: Երբ դա կստացվի քեզ մոտ, դու կհիշես քո ճամփորդությունները ոչ միայն աղոտ տպավորություններով, այլև գեղեցիկ լուսանկարների միջոցով: Որպես ալտերնատիվ տարբերակ՝ փորձիր նկարել, երգել, պարել, ինչ-որ բան սարքել կամ նախագծել, այսինքն՝ արա այն, ինչը քեզ կստիպի աշխարհին այլ աչքերով նայել:
17. Սպորտով զբաղվիր:
Բոլորովին պարտադիր չի հաճախել մոդայիկ սպորտային ակումբ: Յոգան, ժայռամագլցումը, հեծանիվը, պտտաձողը, ֆուտբոլը, վազքը, լողը, ֆունկցիոնալ մարզումներն այն մարդու լավագույն բարեկամներն են, ով ուզում է վերադարձնել մարմնի տոնուսը և էնդորֆինների հոսք ստանալ: Եվ մոռացիր այն մասին՝ ինչ է վերելակը:
18. Դուրս արի քո հարմարավետության զոնայից:
Գնա այնտեղ, ուր երբեք չես եղել, աշխատանքի գնա ուրիշ ճանապարհով, լուծիր այն խնդիրը, որից ընդհանրապես գաղափար չունես, ընդլայնիր գիտելիքներդ և աշխարհայացքդ: Տանը կահույքը տեղափոխիր տարին մեկ անգամ, փոխիր արտաքինդ, մազերիդ սանրվածքը, իմիջը: Որքան շատ քո պատյանից դուրս գաս, այնքան լավ կհասկանաս, թե ինչ է կատարվում աշխարհում:
19. Ներդրում կատարիր:
Կատարյալ տարբերակում ամեն ամիս քո եկամտի մի մասը ներդրում կատարիր. Չէ՞ որ հարուստն այն մարդը չէ, ով շատ փող է աշխատում, այլ նա, ով շատ ներդրում է կատարում: Աշխատիր ակտիվներ ձեռք բերել ու վերահսկել ծախսերդ: Եթե դու քո առջև ֆինանսական նպատակ դնես և կարգի բերես անձնական հաշիվներդ, կզարմանաս, թե որքան հեշտ ես դու շարժվում դեպի նպատակդ:
20. Ազատվիր լաթերից ու հին իրերից:
Թափիր կամ բաժանիր բոլոր իրերը, որոնք դու չես հագել կամ օգտագործել վերջին տարվա ընթացքում: Թող միայն այն, ինչ քեզ իսկապես դուր է գալիս և պետք է: Նոր իր գնելիս ազատվիր նախկին նույնից, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի: Քիչ իրեր, քիչ գլխացավ և փոշի:
21. Տուր ավելի շատ, քան վերցնում ես:
Կիսվիր գիտելիքներով, փորձով ու գաղափարներով: Մարդը, ով ոչ միայն վերցնում է, այլև կիսում ունեցածը, անասելի հմայիչ է: Հավանաբար դու այնպիսի բան ես կարողանում անել, ինչ ուրիշները շատ կուզենային իմանալ: Տուր ունեցածդ, կիսվիր իմացածովդ, և դա նաև քեզ մեծ հաճույք կպատճառի:
22. Ընկալիր աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա:
Հրաժավիր գնահատողական մտորումներից, բոլոր երևույթներն ընկալիր՝ որպես ի սկզբանե չեզոք, իսկ ավելի լավ է՝ միանշանակ դրական:
23. Մոռացիր անցյալում եղածի մասին:
Այն ոչ մի կապ չունի քո ապագայի հետ: Քո անցյալից վերցրու միայն փորձ, գիտելիքներ, լավ վերաբերմունք և դրական տպավորություններ:
24. Մի վախեցիր:
Անհաղթահարելի խոչընդոտներ չկան, և բոլոր կասկածներն ապրում են միայն քո գլխում: Պարտադիր չէ ռազմիկ լինել, բավական է միայն նպատակը տեսնել, շրջանցել խոչընդոտները և իմանալ, որ կհասնես նպատակիդ՝ առանց անհաջողության մատնվելու:
25. Վերջինը նույն ինքը՝ առաջինն է:
Արա, ինչ քեզ հաճելի է, սովորիր, սովորեցրու, զարգացիր, փոխիր ինքդ քեզ ներսից:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը