Հայաստանի գրեթե 1.5 միլիոն քաղաքացի սկրինինգային հետազոտություն է անցել
2015 թվականից Հայաստանում մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքար: «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգյան ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մինչ օրս շարունակվող հետազոտությունները Հայաստանի քաղաքացիների համար բոլորովին անվճար են:
Նշված երեք ոչ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու համար մեր հայրենակիցները կարող են այցելել պոլիկլինիկաներ, գյուղական ամբուլատորիաներ և ընդամենը մի քանի րոպե տևող հետազոտության միջոցով կանխել շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղկեղի հնարավոր զարգացումն իրենց օրգանիզմում:
Քաղաքային սեքսապաթոլոգիայի վերականգնողական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Ասրյանի խոսքերի համաձայն՝ մինչ ծրագրի մեկնարկը ՀՀ Առողջապահության նախարարությունը լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Մշակվեցին և տպագրվեցին ուղեցույցներ բժիշկների համար: Առաջնային օղակի 2700 բժիշկ անցավ բժշկական վերապատրաստում: Գնահատվեցին հանրապետության մարզային համայնքների և Երևան քաղաքի լաբորատորիաները, ինչպես նաև վերազինվեցին նորագույն սարքավորումներով:
Բժշկուհի Ն. Ասրյանը նշում է, որ 2015թ.-ից մինչև 2017թ.-ի նոյեմբերի 30-ը հանրապետությունում իրականացվել է 1.328.000 սկրինինգային հետազոտություն, որից՝
- 165.000 արգանդի պարանոցի կամ վզիկի քաղցկեղի հայտնաբերման՝ ՊԱՊ թեստ,
- 675.000 զարկերակային գերճնշման սկրինինգ հետազոտություն,
Հղիության 36-38 շաբաթական ժամկետում արյան ընդհանուր և մեզի հետազոտություն է անցել շուրջ 43.000 կին:
- զարկերակային գերճնշման սկրինինգ հետազոտություն անցած 675.000 քաղաքացիներից շուրջ 8.3%-ի մոտ հայտնաբերվել է 140/90 մմ.սս. ԶՃ.
- շաքարային դիաբետի սկրինինգ հետազոտություն անցած 444.000 քաղաքացիներից շուրջ 7%-ի մոտ հայտնաբերվել է 6.1 մմոլ ցուցանիշով քաղց գլյուկոզի հանդեպ՝ շաքարային դիաբետ,
- արգանդի պարանոցի կամ վզիկի քաղցկեղի սկրինինգ հետազոտություն անցած 165.000 կանանցից շուրջ 6.3%-ի մոտ հայտնաբերվել են ՊԱՊ շեղումներ,
Վերոնշյալ 6.3%-ի բջջաբանական փոփոխություններ հայտնաբերած կանանցից շուրջ՝
- 60.3%-ի մոտ հայտնաբերվել են անորոշ տափակ տիպի բջիջներ,
- 32.7%-ի մոտ՝ SIN1 ցեռվիքս ինտրա-էպիթելային նեոպլազիաներ, սա ցածր աստիճանի էպիթելային ախտահարում է,
- 6.8%-ի մոտ՝ բարձր ներէպիթելային ախտահարում,
- 0.5%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմաներ:
Համեմատական անցկացնելով անցյալ տարիների հետ, արդեն իսկ կատարված հետազոտություններում նկատելի են որոշ դրական փոփոխություններ:
Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ բժշկուհի Ն. Ասրյանը նշում է, որ նույնիսկ ժամանակ առ ժամանակ կանանց պարտադրում է հետևել իրենց առողջությանը և անցնել արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար սկրինինգ հետազոտություն:
Բժշկուհին նաև նշեց որ, հանրապետության ԱՆ օղակի բոլոր բուժհիմնարկները բավականին արդյունավետ կերպով անց են կացնում սկրինինգայն հետազոտություններ, նույնիսկ զանգահարում և բուժհիմնարկներ հրավիրում տեղամասային բնակիչներին:
Այս լայնածավալ սկրինինգ հետազոտությունները տվել են իրենց արդյունքները, և նկատվում է հիվանդությունների հայտնաբերման վաղ շրջաններում ախտորոշման զգալի դրական արդյունքներ: Այս ամենից հետո՝ ցավոք սրտի, արգանդի պարանոցի քաղցկեղը մնում է առաջնային կարևորության հիմնախնդիր ՀՀ-ում: Արգանդի պարանոցի քաղցկեղը ՀՀ-ում ըստ կանանց քաղցկեղային հիվանդությունների տարածվածության՝ համարվում է երկրորդը՝ զիջելով միայն կրծքագեղձի քաղցկեղին: Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ քաղցկեղային հիվանդությունն է, որը հնարավոր է կանխարգելել:
Աշխարհում ամեն 1 րոպեում ախտորոշվում է 1 արգանդի պարանոցի քաղցկեղային դեպք: Ամեն 2 րոպեում՝ 1 մահվան դեպք: Դեպքերի 80%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին, իսկ զարգացած երկրները վաղուց մշակել են իրենց արդյունավետ բուժկանխարգելիչ մարտավարությունը:
ՀՀ-ում ամեն 36 ժամը մեկ գրանցվում է 1 նոր արգանդի պարանոցի քաղցկեղի դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության թվերը ՀՀ ում բավականին մեծ են, քանի որ նախաքաղցկեղային և քաղցկեղային փուլերում կլինիկական ախտանշաններ ի հայտ չեն գալիս և ոչ մի կերպ չեն անհանգստացնում կանանց: Արդեն իսկ առաջացած գանգատներով բուժհաստատություններ դիմած կանանց մեծամասնության մոտ ախտորոշվում են 3-4 քաղցկեղային զարգացման փուլերը: Այս պարագայում նույնիսկ արդի բժշկությունն է անզոր:
Արգանդի պարանոցի քաղցկեղի առավել հաճախ հանդիպող գանգատներից է՝
- Արյունային արտադրությունը,
- Մինչդաշտանային,
- Մինչկոնտակտային,
- Մսաջրի տեսքով արտադրություններ, որոնք արդեն իսկ ահազանգ են բուժհիմնարկ դիմելու համար:
Բժշկուհին ևս մեկ անգամ նշում և կարևորում է ՊԱՊ թեստավորման սկրինինգային ծրագիրը և մեջբերում, որ 1960թ.-ից Ֆինլանդիայում իրականացվող կանխարգելման ծրագիրն աշխարհում համարվում է ամենաարդյունավետը՝ 100.000 կին բնակչի շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում ընդամենը 1 կնոջ մոտ:
Բժշկուհի Ն. Ասրյանի ուղերձը հայ կանանց
Սիրելի Հայուհիներ, խնդրում եմ, Ձեր հանդեպ ավելի ուշադիր եղեք, միգուցե ավելի բարյացակամ, և գոնե տարին մեկ անգամ դիմեք Ձեր տեղամասային մանկաբարձ-գինիկոլոգին:
Բժշկուհին իր խոսքն ավարտեց մեծն Հայնեի խոսքերով՝ «Միակ գեղեցկությունը, որը ես ճանաչում եմ, դա առողջությունն է»:
Եղեք առողջ:
Նշենք, որ Հայաստանում գրեթե նույնպիսին է նաև շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման հիվանդությունների վիճակագրությունը: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության ոլորտի մասնագետները հորդորում են քաղաքացիներին անպայման այցելել բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ ու անցնել անվճար հետազոտություն:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ