Բաժիններ՝

Գիտնականները շաքարի նոր վտանգավոր հատկություն են հայտնաբերել

Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները պնդում են, որ ապագա մոր արյան մեջ հղիության վաղ ժամկետում շաքարի բարձր մակարդակը երեխայի մոտ մեծացնում է սրտի բնածին արատի վտանգը: Գիտնականների աշխատությունը հրապարակված է The Journal of Pediatrics հանդեսում։

Ավելի վաղ մասնագետներն այն կարծիքին էին, թե նման խնդիրների բախվում են այն երեխաները, որոնք ծնվում են դիաբետիկ մայրերից: Այժմ գիտնականները եկել են այն եզրակացության, որ շաքարախտի բացակայությունը պտղի առողջ սրտի զարգացման երաշխիք չէ:

«Մենք պարզեցինք, որ երեխայի մոտ սրտի բնածին արատի հայտնվելու ռիսկը կարող ենք գնահատել մոր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը հետազոտելու օգնությամբ»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ մանկաբուժական սրտաբանության բաժանմունքի դոցենտ Ջեյմս Փրիսթը: Գիտնականները հետազոտել են մայրերի ու նրանց երեխաների ավելի քան 19 հազար զույգերի բուժգրանցումները:

Ընդհանուր ցուցակից բացառված էին գենետիկ հիվանդություններով նորածինները եւ մարմնի զանգվածի ինդեքսի նորմաներից խիստ շեղված մայրերը: Արդյունքում ընտրանքը կրճատվել է մինչեւ սրտի բնածին արատով 811 երեխա: Այն բանից հետո, երբ հետազոտողները ցուցակից ջնջեցին այն կանանց, որոնց մոտ շաքարախտը կամ արդեն եղել էր, կամ զարգացել հղիության ժամանակ, ձեւավորվեց անալիզի վերջնական արդյունքը:

Պարզվեց, որ պտղի մոտ սրտի բնածին արատի հավանականությունը 8 տոկոսով աճում է 1 դեցիլիտր արյան հաշվով 10 միլիգրամով գլյուկոզայի մակարդակի յուրաքանչյուր ավելացման դեպքում (հղիության առաջին եռամսյակում): Եթե ուսումնասիրության արդյունքները հաստատվեն, բժիշկները կկարողանան մայրերին հատուկ բուժում նշանակել, որը կարող է կանխել հիվանդ երեխայի ծնվելը, հավելել են գիտնականները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս