Լիբանանում ձերբակալել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհու սպանության մեջ կասկածվողին
Լիբանանի ոստիկանությունը լույս դեկտեմբերի 18-ի գիշերը ձերբակալել է Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի սպանության մեջ կասկածվողին, որին դեկտեմբերի 16-ին մեռած են գտել տեղի ավտոճանապարհից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Դեկտեմբերի 17-ին Լիբանանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախորդ օրվա առավոտյան արագընթաց ավտոմայրուղու ճամփեզրին մոտավորապես 30 տարեկան կնոջ մարմին է հայտնաբերվել: Ավելի ուշ իրավապահ մարմինները պարզել են սպանվածի անձը. նա բրիտանական դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսն է. նրան բռնաբարել էին ու խեղդել, որից հետո նրա մարմինը նետել էին ճանապարհին:
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, ՆԳ նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 18-ի գիշերվա ժամը 3-ին ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվողին՝ Լիբանանի մի քաղաքացու:
Մանրամասներ չեն հաղորդվում: Ալիքը նշում է, որ հանցագործության հանգամանքները, հավանաբար, կրում էին բացառապես քրեական բնույթ: OTV լիբանանյան ալիքը դեկտեմբերի 17-ին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունն այս միջադեպի կապակցությամբ սերտորեն շփվում է Լիբանանի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: