Էռնեկյանի ընկերությունը արգելում է հայ գինեգործներին կիրառել «կարաս» բառը. գինեգործները պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն, որը հայտնի է իր «Կարաս» ապրանքանիշով, դատի է տվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` «Սակի և սանս» ընկերության գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։

«Սակի և սանս» ընկերությունը, որը հայտնի է իր «Զորահ կարասի» ապրանքանիշով, իր գինու պիտակին նշել է, որ հնեցված է կարասում: «Տիեռաս դե Արմենիան» համարում է, որ խախտվել են իր մտավոր սեփականության իրավունքները, և որ սպառողները մոլորության մեջ կընկնեն` մեկ այլ գինու պիտակին կարդալով «կարաս» բառը: Ընկերությունը պահանջում է, որ որևէ արտադրող գինու պիտակին չնշի այդ բառը, անգամ եթե գինին հնեցված է կարասում։

Սփյուռքահայ գործարար և արդեն 15 տարի Հայաստանում գինեգործությամբ զբաղվող «Սակի և սանս» ՍՊԸ հիմնադիր Զորիկ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց ընկերությունն աշխատում է բացառապես հայկական սորտերով, հայկական գինին հնեցնում են ավանդական մեթոդով՝ կարասների մեջ, և այն ներկայացնում ամբողջ աշխարհում.

«15 տարի հետո պարզվում է, որ Հայաստանում չենք կարող գինի արտադրել, կարասի մեջ հնեցնել և պիտակի վրա նշել այդ մասին։ «Կարաս Վայնը» ուզում է մենաշնորհ ունենալ Հայաստանում, ինչը խոչընդոտում է թե՛ մեր, թե՛ մյուս գինեգործների գործունեությունը, որոնք գինին ստանում են կարասի հնեցման մեթոդով։ Այդ ընկերության գինին կարասի մեջ չի հնեցվում, բայց ցանկանում են այդ բառը սեփականաշնորհել»։

Նա տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Տիեռաս դե Արմենիա» ընկերության` պահանջելով «կարաս» բառը հանել պիտակից: Նրա խոսքով՝ դատարանն անգամ փորձաքննություն չի կատարել կամ հարցը մասնագետների օգնությամբ փորձել պարզել: Առաջին ատյանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։

«Այսօր տեղի ունեցած դատական նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը և ժամանակ խնդրել պատրաստվելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը»,- ասաց նա։

«Ոսկեվազի գինու գործարան»-ի տնօրեն Լևոն Նուրազյանը նշեց, որ «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը իրենց ևս ցանկանում է զրկել ապրանքային նշանից՝ դիմելով դատարան. «Հայցը դեռ վարույթ չի ընդունվել: Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ «կարաս» անունը պետք է ազատականացվի, որպեսզի բոլոր գինեգործներն էլ կարողանան հավասարաչափ օգտագործեն այդ անունը: Բացի այդ, այդպիսով կարողանանք արտասահմանում հանդես գալ մեր հնամյա կարասներով, քանի որ եվրոպական շուկաներում այդպես հանդես գալը մեր գործիքն է: Ու հիմա ուզում են զրկել մեզ այդ գործիքից»։

«Վան-Սևան» ընկերության հիմնադիր Ալինա Մկրտչյանի խոսքով՝ իրենք պարտավոր են պիտակի վրա սպառողին պատշաճ տեղեկատվություն տալ, իսկ կարասի մեջ պատրաստված լինելու հանգամանքը սպառողի համար կարևոր տեղեկություն է.

«Բացի այդ՝ կարասի մեջ պատրաստված լինելու փաստը, եթե չնշվի պիտակի վրա, ապա արտերկրում դժվար կլինի հայկական գինին գովազդել։ Մենք պետք է այդ գործիքն օգտագործենք, քանի որ մինչև հիմա որքան հոդվածներ կան գրված հայկական գինու մասին, նշվում է, որ հայկական գինին պատրաստվում է հին ավանդույթով՝ կարասների մեջ: Չի կարող այնպես լինել, որ մի ընկերություն դա օգտագործի, դա իրավաբանորեն շատ սխալ է»։

Հանդիպմանը ներկա գինեգործները տեղեկացրին, որ պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել «Տիեռաս դե Արմենիա» ընկերության դեմ: Զորիկ Ղարիբյանն ասաց, որ եթե Հայաստանում չկարողանա հասնել հաջողության, ապա դիմելու է միջազգային ատյաններին.

«Ես առաջինն եմ եղել, որ դիմել եմ «կարասի» անունը վերցնելու համար, ինձ թույլատրել են, միայն ասել են, որ «կարասի» բառն առանձին պահպանության ենթակա չէ։ Թե հետո ինչ է կատարվել, ինչպես է եղել, որ ինձ ասել են՝ առանձին պահպանության ենթակա չէ, իսկ այդ ընկերությանը թույլ են տվել, չգիտեմ։ Այստեղ իրավաբանական խախտում կա՝ եթե ես եմ առաջինը դիմել, ինչու են իձ ասել՝ ոչ, իսկ նրանց թույլ տվել»։

Ասուլիսին ներկա հնագետ, ազգագրագետ Բորիս Գասպարյանն էլ նշեց, որ համամարդկային արժեքներ կան, որոնք միայն հայ ժողովրդինը չեն. «Հայ ժողովուրդը չէ միայն կարասի գինու հեղինակը: Հին աշխարհի բազմաթիվ քաղաքակրթություններ են այն օգտագործել: Իհարկե, հայ ժողովուրդն ունի իր ուրույն տեղը եւ վերցնել և դա տալ մեկին, ճիշտ չէ, դե օդն էլ տանք մեկին, էլ չշնչենք: Շատ մեծ հարված կլինի մեր գինեգործությանը արտերկրում, այս վեճի պատճառով»

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս