«Անվիճելի է այն փաստը, որ ՀՀ-ում բազմիցս խախտվում են աշխատողների իրավունքները». Տիգրան Մելքոնյան

Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մի շարք թերություններ ունի:

«Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավո՞ւմ, թե ՞ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ տեխնիկայի զարգացման դարաշրջանում թղթային գրանցամատյաններ վարելը, առավել ևս՝ դրանք արխիվացնելու պահանջը, ծանրաբեռնում են ցանկացած գործատուի.

«Մենք ոչ թե վատատես ենք, այլ ելնում ենք ռեալ իրականությունից, թե որքանով աշխատողը կարող է որևէ պայման կամ պահանջ թելադրել գործատուին։ Մեր առաջարկների հիմնական մերժումներն այն պատճառաբանությամբ էին, որ՝ մի թերագնահատեք աշխատաշուկայում աշխատողների իրավագիտակցությունը։ Ես չեմ թերագնահատում. դուք երբևէ լսե՞լ եք, որ աշխատողը, լինելով աշխատանքային հարաբերությունների մեջ, դժգոհություն հայտնի գործատուի որևէ պահանջից ու դրա վերաբերյալ դատական գործ բացի։ Նա կհամակերպվի ցանկացած ստորացուցիչ պայմաններով աշխատանքի, քանի դեռ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ»։

Տիգրանյանը նկատեց. «Եթե մենք բիզնեսի խթանումը տեսնում ենք  աշխատուժը շահագործելու մեջ, ապա այս նախագիծն իր նպատակին կծառայի։ Բայց եթե մենք ուզում ենք բիզնես միջավայր զարգացնել, դա չպետք է լինի՝ աշխատողների իրավունքները չարաշահելով»։

Կարդացեք նաև

Քննարկման բանախոսներից ՄԻՊ աշխատակազմի մարդու իրավունքների կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակից Տիգրան Մելքոնյանն էլ նշեց, որ նախագծում առկա են որոշակի կարգավորումներ, որոնք կարող են ռիսկային լինել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Իհարկե, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիմնական մասը կապված  է նախագծով ներկայացված այն կարգավորումների հետ, որոնք հնարավորություն են տալու աշխատանքային հարաբերությունների կողմերին՝ իրենց համաձայնությամբ սահմանել որոշակի կանոններ։

Օրինակ՝ սահմանվում է արտաժամյա կամ գիշերային աշխատանքի համար տրվող հավելավճարի չափը կողմերի համաձայնությամբ որոշելը, կամ նույնը՝ լրացուցիչ արձակուրդների հետ կապված։

Իհարկե, հասկանում ենք, թե ինչին է ուղղված, բայց դրանից առաջ մի քանի խնդիր պետք է լուծում ստանա։ Հայաստանում գոյություն չունի արտադատական մարմին, որը կզբաղվի աշխատանքային վեճերով, հսկողություն կիրականացնի ոլորտի վրա։ Ինչպես գիտենք՝ հիմա օրենսդրությամբ էլ սահմանված է, որ աշխատանքային վեճերը լուծվում են դատական կարգով։ Գործող Առողջապահության տեսչությունը զբաղվում է առողջապահության և անվտանգության վերաբերյալ հարցերով, իսկ մնացած հարցերը միայն ենթակա են դատական կարգով լուծման»։

Նա նշեց, որ ՄԻՊ աշխատակազմում տարեկան կտրվածքով ստացվում են բազմաթիվ դիմումներ, որտեղ աշխատողները բարձրաձայնում են իրենց խախտված աշխատանքային իրավունքների վերաբերյալ. «Այսինքն՝ անվիճելի է այն փաստը, որ ՀՀ-ում բազմիցս խախտվում են աշխատողների իրավունքները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս