«Աշխատողը չպետք է լինի աղքատ, պետք է այնքան վաստակի, որ կարողանա բավարարել իր ընտանիքի պահանջմունքները». Բորիս Խառատյան

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝  «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավո՞ւմ, թե ՞ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից։

Նրա խոսքով՝ նախագիծը մշակման և շրջանառության փուլերում բազմիցս ներկայացվել է հանրային քննարկումների. «Այս պահին ամփոփում ենք քննարկման փուլը, որից հետո նախագիծը կներկայացվի Արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության համար։ Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի մասնագիտակական, փորձագիտական եզրակացությունն ենք ստացել նախագծի վերաբերյալ՝ 14 հիմնական առաջարկություններով։

Վերջերս առիթ ունեցանք եռօրյա քննարկումներով մանրամասն քննարկել այդ առաջարկները, և հիմնականում դրանք ներառված են նախագծում»։

Առաջարկվող հիմնական փոփոխություններից է աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում նոր մոտեցումների ներդրումը։ Ըստ Ավետիսյանի՝ դրանք հիմնված են եվրոպական լավագույն երկրների փորձի վրա. «Գործող կարգավորմամբ մենք ունենք օրենսդրությամբ սահմանված 2 ցանկ՝ ծանր-վնասակար և առանձնապես ծանր և վնասակար։ Այստեղ նշված են մասնագիտություններ, պաշտոններ, որոնց համար սահմանվում է ընդամենը հավելում՝ նվազագույնը՝ 30, երկրորդ դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Այս կարգավորումն ուղիղ հակասում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններին։

Կարդացեք նաև

Այսինքն՝ աշխատողի համար, նախ և առաջ՝ պետք է սահմանվեն աշխատանքի անվտանգ պայմաններ, իսկ վտանգավոր աշխատանքը պետք է բացառվի։ Երկրորդ՝ այն բացառիկ դեպքերում, երբ օբյեկտիվորեն անհնար է այդպիսի պայմաններ կազմակերպել, այդ պարագայում գործատուն պարտավոր է ապահովել օրվա մեջ լրացուցիչ ընդմիջումներ, լրացուցիչ արձակուրդ, որի հիմնական նպատակն աշխատողի կորցրած առողջության և այլնի վերականգնումն է, և վերջում, եթե մնացորդային ռիսկեր են մնում, թերևս, նաև՝ լրացուցիչ վարձրատրություն»։

Թ. Ավետիսյանը նկատեց՝ մյուս կարևոր հարցն այստեղ այն է, որ այդպիսի ցանկերը բավականին լայն են և կիրառական տեսանկյունից առաջացնում են ռիսկեր՝ հատկապես ՓՄՁ-ների համար.

«Մենք առաջարկում ենք, որ առաջին՝ գործատուները պարտավոր են իրենց աշխատողների աշխատանքը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված նվազագույն նորմերին համապատասխան։ Այսօր աշխատողին հետաքրքրում է դրամի չափը, նրան չի հետաքրքրում, թե այդ չափի մեջ ինչ տարբեր կոմպոնենտներ կան, ու դրանք ինչպես են ձևավորվում։ Այդ չափն իրականում բանակցությունների առարկա է ու պետք է որոշվի կողմերի քննարկման արդյունքում»։

Քննարկման մյուս բանախոսը՝ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, փոփոխությունների փաթեթում և՛ դրական, և՛ բացասական դրույթներ է տեսնում։

Նրա կարծիքով՝ փոքր-ինչ ժամանակավրեպ է այդ հավելավճարները վերացնելը՝ վնասակար և առավել վնասակար պայմաններում աշխատելու համար, քանի որ անհրաժեշտ է  համակարգ ստեղծել, նոր անդրադառնալ այդ հարցերին.

«Մյուս բացասական փոփոխությունն այն է, որ դա վերաբերում է աշխատանքի քանակին, այլ ոչ՝ որակին»։ Ըստ նրա՝ արտաժամյա աշխատանքները, գիշերային աշխատանքները կապված են կազմակերպչական հարցերի հետ.

«Եթե գործատուն ճիշտ է կազմակերպում աշխատանքը, նման անհրաժեշտություն չի առաջանում, միայն արտառոց դեպքերում է դա լինում, ինչը սահմանված է օրենսդրությամբ։ Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա մինչ այսօր ՀՀ-ում ձևավորված չէ համակարգ, որի հիման վրա կկառուցվեր աշխատավարձի քաղաքականությունը։ Մենք այսօր չունենք իրականությանը համապատասխանող աշխատանքի գինը։ Աշխատողը չպետք է լինի աղքատ, պետք է այնքան վաստակի, որ կարողանա բավարարել իր ընտանիքի պահանջմունքները։ Մեզ մոտ հաշվի են առնում միայն տնտեսական իրավիճակը, և նվազագույն աշխատավարձը, որ այսօր կազմում է 55 հազար դրամ, իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս