Գնաճ. «անզեն» պատգամավորը լրագրողների մշտական «զոհ»
2016 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 320 հազար տոննա վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամ արժողությամբ: Մանրածախ գներով (հարկերը ներառյալ) Հայաստանում վաճառվում է շուրջ 220 միլիարդ դրամի վառելիք։ Այժմ հիպոթետիկ ենթադրենք, որ վառելիքի գները 20 տոկոսով բարձրացան։ Որքանո՞վ սա կազդի ինֆլյացիայի վրա։
Մասնագետները կխոսեն սպառողական զամբյուղից, դրանում վառելիքի պարունակության կշռից և այլ հաշվարկման մեթոդներից ու նրբություններից։ Սակայն մոտավոր, բայց ամենապարզ պատկերացնելու ձևը հետևյալն է. Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում սպառում է 3,8 տրիլիոն դրամի ապրանքներ և ծառայություններ։
Վառելիքի գնի 20 տոկոս ավելացում դրա սպառման վրա ծախսվող գումարը կավելացնի 44 միլիարդ դրամով, ինչը կկազմի մեր բնակչության համախառն սպառողական ծախսերի 1.1 տոկոսը միայն։ Այսինքն այս մակերեսային, ոչ շատ խորը հաշվարկն անգամ պատկերացում կտա, որ սպառողական զամբյուղում այնպիսի կարևոր ու նկատելի կշիռ ունեցող ապրանքի համար, ինչպիսին բենզինն է, 20 տոկոս թանկացումը ինֆլյացիայի վրա ընդամենը 1 տոկոսանոց ազդեցության ներուժ ունի։
Ի՞նչ է իրականում կարգավորում Կենտրոնական բանկը
Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում միշտ կա կանխատեսվող ինֆլյացիան, որը ամենահավաստի ցուցանիշն է գների ապագան հասկանալու համար։ Անհնար է սպառողական զամբյուղի անհատական ապրանքների գները կանխատեսել և կարգավորել, վերջիվերջո գները տասնամյակներ առաջ է Հայաստանն ազատականացրել։ Անհնար է նաև կանխատեսել այնպիսի գնային ցնցումներ, ինչպիսիք են ներմուծվող ապրանքների գների տատանումները, ինչպես վերջերս եղավ կարագի հետ։ Սակայն հնարավոր է տոկոսադրույքների քաղաքականությամբ կարգավորել ամբողջական պահանջարկի կանխատեսվող միտումները։ Կենտրոնական բանկը տոկոսադրույքները կառավարում է այնպես, որ տնտեսությունում ամբողջական պահանջարկը չգերազանցի ակնկալվող տնտեսական աճը։ Ահա այստեղ ենք տեսնում կենտրոնական բանկի քողարկված, բայց արդյունավետ դերը, երբ անկախ առանձին ապրանքների գների կտրուկ տատանումից, համընդհանուր գնաճը մնում է վերահսկելի՝ կանխատեսելի սահմաններում։
Ի դեպ, ի տարբերություն հարկային քաղաքականության, որի փոփոխությունը գների վրա անմիջական ազդեցություն է ունենում, դրամավարկային քաղաքականությունը բավական ուշ է ազդում տնտեսության վրա։ Ուստի դրամավարկային գործիքների համար կիրառվող կանխատեսման «ապարատը», տնտեսագիտական մոդելներն ավելի բարդ են ու զգայուն։ Ի՞նչ է նշանակում Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվող ինֆլյացիա։ Սա նշանակում է, որ ցանկացած մարդ իր բիզնես պլանում, եթե ցանկանում է պլանավորել ինֆլյացիան, ավելի հավանական ցուցանիշ, քան կենտրոնական բանկի տվածն է, չի կարող գտնել։ Թեպետ դա 100 տոկոսանոց ճշմարիտ ծրագրային թիվ չի, սակայն ինչքան էլ լինի ճշգրտության հավանականությունը, դրանից ավելի ճշգրիտ կանխատեսում անհնար է գտնել։
Ո՞ր գնաճն է կարգավորումից դուրս
Մարդկանց վարքագիծը կարող է հանգեցնել հավելյալ գնաճային ճնշումների։ Խուճապը կարող է հանգեցնել գնաճի՝ փողի, այսպես ասած, ավելի արագ պտտվելու արդյունքում։ Սա, «տաք կարտոֆիլի» էֆեկտն է, երբ փողը կարտոֆիլի նման այրում է ձեռքերդ, և վաստակած եկամուտն արագ ցանկանում ես ծախսել։ Բավական է նոր տարվա շեմին խուճապ տարածել, որ ձվի դեֆիցիտ է լինելու, և մարդիկ վազելու են խանութ՝ ցանկացած գնով ձու գնելու։
Ցավալին այն է, որ նման վախերի հակվածություն, նման վարքագիծ հիմնականում դրսևորում է առավել խոցելի, առավել աղքատ խավը։ Խուճապը հիմնականում վնասում է խոցելի խավին։ Այստեղ պարադոքսալ է, որ խուճապ գցողների հիմնական մոտիվը աղքատ խավի մասին մտահոգվելն է, սակայն, մյուս կողմից, նրանք հիմնականում այդպիսով վնասում են հենց աղքատ խավին։ Հետո մեղադրանք է հնչում գործարարի հասցեին, որ «գները բարձրացնելով գերշահույթներ ստացավ»։
Սակայն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում այլ ելք չկա, քան գները բարձրացնելը, քանի որ պահանջարկի կտրուկ բարձրացումը անհնար է անմիջապես բավարարել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, գործարարը բարձրացրել է գներն անբարեխիղճ կերպով, ապա դա արդեն ընկնում է կարգավորման դաշտ. արդեն հակամենաշնորհային օրենքները պետք է աշխատեն, տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պետք է ստուգի ու կարգավորի։
Ու կրկին կառուցվածքային բարեփոխումները
Հայաստանը դեռևս զարգացած երկրների նման գերցածր ինֆլյացիոն դաշտում չի գտնվում։ Հայաստանում ինֆլյացիան նպատակադրվում է 4-5 տոկոս շրջանակներում, մյուս կողմից էլ Հայաստանում գները սեզոնային ավելի մեծ տատանումներ ունեն։ Նման միջավայրը բարենպաստ է դառնում նվազ մրցակցային, նվազ շուկայական, մենաշնորհային անբարեխիղճ գների ձևավորման համար։ Ավելին, հաշվի առնելով կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքներով գնաճը կարգավորելու սխեման, անբարեխիղճ գնաճն, ի վերջո, զսպվում է այլ ապրանքների հանդեպ պահանջարկի նվազմամբ։
Գների անբարեխիղճ աճի դեպքում մի կողմից տուժում է բնակչությունը, մյուս կողմից՝ մրցակցային ու բարեխիղճ դաշտում գտնվող գործարարը։ Երբեմն էլ տեղի է ունենում թաքնված գնաճի սխեման, երբ ապրանքի գինը մնում է նույնը, սակայն նվազեցվում է դրա որակը կամ քանակը, օրինակ՝ բենզինի որակը չի համապատասխանում հայտարարված ստանդարտին կամ էլ հացի քաշն է նվազեցվում։ Ու ահա այստեղ է գալիս տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հիմնական պահանջը՝ ազատ շուկա, մրցակցային միջավայր, սպառողի շահեր, հակամենաշնորհային օրենքներ ու մեխանիզմներ։
Ոտքի վրա պատասխաններ տալու անհնարինության ժամանակը
Վերադառնալով վառելիքի օրինակին՝ պատասխան չստացավ, այսպես ասած, շղթայաձև գնաճի հարցը։ Մտահոգիչ է, որ վառելիքը օգտագործվում է տրանսպորտային ծախսերում, որն անմիջապես կապվում է բոլոր ապարանքների ինքնարժեքի հետ։ Շատերը կմտածեն, որ վառելիքի աճը պետք է բերի բոլոր ապրանքների գնաճի, ու վերևում նկարագրված հաշվարկն այդ առումով սխալ է։ Իրականությունը փոքր-ինչ այլ է։
Վերը բերված հաշվարկում ենթադրվել է, որ ամբողջ վառելիքը սպառվում է տնային տնտեսությունների կողմից, իսկ սպառողական զամբյուղը հենց վերջնական սպառման ապրանքների համար է։ Այսինքն, եթե վառելիքի քանակից հանենք միջանկյալ՝ արտադրական սպառման վառելիքը, ապա վերոնշյալ հաշվարկում բնակչության վառելիքին ուղղվող սպառման ծախսերը էականորեն կկրճատվեն։ Վերևում հաշվել ենք առավելագույն հնարավոր ինֆլյացիոն ազդեցությունը, քանի որ ոչ մի ապրանքի ինքնարժեքի մեջ վառելիքը չի կազմում 100 և ավելի տոկոս, այն ընդամենը դրա չնչին մասն է, ու միայն այդ մասով գնաճ տեղի կունենա։
Եթե գներն ավելի աճեն, պատճառաբանելով վառելիքի աճը, ուրեմն գործ ունենք անբարեխիղճ գնաճի հետ։ Եվ ահա այստեղ է թաքնված հարցերի թնջուկը։ Պետք է իմանանք, որ կարագի գների աճը բերում է հրուշակեղենի ոլորտի վրա գնաճային ճնշումների, պետք է ունենանք հրուշակեղենի ոլորտի հետազոտություններ ու փաստեր, որ փաստարկված դատողություններ անենք։
Հայաստանը հաջորդ տարվանից դառնում է խորհրդարանական կառավարման երկիր, և Ազգային Ժողովը հանձնաժողովներն ավելի շատ վերահսկողական գործառույթեր են ստանում։ Ու այդ գործառույթ իրականացնելու համար ԱԺ հանձնաժողովներն ավելի շատ հետազոտությունների ու փաստերի կարիք կունենան։ Այլընտրանքն այն է, ինչ կա այսօր. լուրջ հետազոտությունների, պատճառահետևանքային կապերը փաստարկված վերհանող վերլուծությունների կամ փորձագիտական եզրակացությունների հասանելիություն գրեթե չունեցող պատգամավորները, չգիտես ինչու, գնաճի, բյուջեի կամ այլ մակրոտնտեսական երևույթների մասին լրագրողների հարցերի հիմնական հրապարակային պատասխանողներն են։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք…
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն