Կարեն Կարապետյանը հանձնարարել է հստակեցնել և պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ էր:
«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքանակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, համապատասխան դիմումների մերժման հիմքերը հստակ չեն, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով նա հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը կքննարկվի շահագրգիռ այլ մարմինների հետ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է սահմանել հսկողություն՝ գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։