
Թուրքիայում գաղտնի կրոնական ամուսնությունների կայք է գործարկվել

Թուրքիայում բացվել է նոր կայք՝ կրոնական ամուսնության նպատակով կյանքի ընկեր փնտրողների համար: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նմանատիպ կայքեր գոյություն ունեն նաև Անգլիայում և Ինդոնեզիայում:
Կայքի բացման մասին հայտարարվել է սոցիալական ցանցերում: Այստեղ օգտատերերը թաքցնում են իրենց իրական ինքնությունը, իսկ ծանոթությունների ժամանակ միմյանց ներկայացվող պահանջներից ամենակարևորը գաղտնիության պահպանումն է:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ կայքի հիմնադրման նպատակը միայնակ կամ երկրորդ ամուսնություն ցանկացող անձանց օգնելն է. «Կրկնակի ամուսնության ինստիտուտը աղքատության, միայնակության և մարմնավաճառության դեմ պայքարի լավագույն միջոցն է: Մեր նպատակն է միավորել այս նպատակին հետևող անձանց»: Կայքի հիմնադիրների ինքնությունն, այնուամենայնիվ, անհայտ է:
Կայքը գործարկվել է ընդամենը 4 օր առաջ, այն անվճար է և աչքի է ընկնում կեղծ տեղեկություններ պարունակող պրոֆիլների առատությամբ: Այստեղ օգտատերերը փնտրում են երկրորդ կին կամ ամուսին, ում հետ կարող են գաղտնի կրոնական ամուսնություն կնքել՝ առանց իրենց առաջին ընտանիքը վտանգելու: