Բաժիններ՝

«Առաջարկում ենք նաև ձերբազատվել «ազգային արժեք», «ավանդական արժեք» և նման արտահայտություններից, որոնք չունեն իրավական որոշակիություն». Զարուհի Հովհաննիսյան

«Առաջին «draft»-ը և երկրորդ նախագիծն իրարից կոնցեպտուալ տարբերություն ունեն, այն է՝ անհատի պաշտպանությունից փոփոխությունը՝ դեպի ընտանիք ինստիտուտի պաշտպանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին:

Ըստ նրա՝ այդ փոփոխությունն օրինագծի արդյունավետությունը կնվազեցնի. Այս օրենքի հիմնական ուղղությունը պետք  է այն լիներ, որ անհատը պետության կողմից պաշտպանված լիներ ցանկացած տեղում, այդ թվում՝ նաև ընտանեկան բռնությունից. «Այստեղ տեղի է ունեցել հասկացությունների փոփոխություն: Մասնավորապես, «ընտանեկան բռնություն» եզրույթը, որը միջազգայնորեն ճանաչված եզրույթ է և իրենից ներկայացնում է բավական լայն սպեկտր, փոփոխվել և դարձել է «ընտանիքում բռնություն», ինչը չի համապատասխանում հենց բուն իր էությանը, նշվում է ընդամենը վայրը, որն անգամ իր ամենալայն մեկնաբանության դեպքում չի կարող «ընտանեկան բռնություն» եզրույթին համապատասխանել: Միաժամանակ, այն հակասում է միջազգային փաստաթղթերին և նաև ներպետական օրենսդրությանը»:

Իրավապաշտպանը նշեց, որ իրենց կազմակերպությունն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որում նաև առաջարկում են վերադառնալ «ընտանեկան բռնություն» եզրույթին. «Առաջարկում ենք նաև ձերբազատվել «ազգային արժեք», «ավանդական արժեք» և նման արտահայտություններից, որոնք չունեն իրավական որոշակիություն»:

Զ. Հովհաննիսյանը նկատեց, որ 2010-17 թվականներին մենք ունենք 50 կանանց սպանություն ընտանիքում, իսկ հանրապետության բոլոր սպանությունների 1/3-ը կատարվում է ընտանիքի ներսում:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ այս օրենքն ավելի շատ ընդունվում է ընդունվելո՞ւ համար, թե՞ սա լուրջ հիմք է դառնալու, որ այն իրագործվի, և լուրջ մեսիջ է հասարակությանը, որ այսուհետ նման օրենք գոյություն ունի՝ Զ. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ես հստակ կարող եմ ասել, որ այդ մեսիջը չի հնչում, որովհետև ամբողջ քննարկումների ընթացքում ծածկվեց այդ հիմնական մեսիջը, որ ընտանեկան բռնության ենթարկված անձինք այսուհետ կգտնեն պաշտպանություն, այսուհետ պետությունը կանգնած է ձեր մեջքին, և ցանկացած նման դեպք մեր ուշադրության ներքո է, և բռնարարը պատժվելու է: Այստեղ հիմնական քննարկումների և մեսիջի առանցքը կազմում էր հայ ավանդական ընտանիքը, որը պետք է պաշտպանել, պահպանել, և չգիտեմ՝ ինչ անել, իսկ դա այս օրենքի փիլիսոփայությանն ընդհանրապես հակասում է»:

Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Կ. Աճեմյանը չհամաձայնեց Զ. Հովհաննիսյանի դիտարկումների հետ. «Սա հստակ մեսիջ է: Եթե դուք հետևել եք Ազգային ժողովի քննարկումներին, մենք՝ որոշ պատգամավորներով, անընդհատ արդարանում էինք, որովհետև այնտեղ ոչ միայն մեր խմբակցությունից, այլև ընդդիմադիր խմբակցություններից այնպիսի ծայրահեղ որակավորումներով հանդես եկան և այնպես էին դեմ հանդես գալիս այդ օրենքին, որ մենք անընդհատ այս օրենքի լավ կողմերն էինք ներկայացնում: Որևէ մեկը չպետք է ծայրահեղացնի այս թեման: Մենք չպետք է դարձնենք մի ուղղությամբ օրենք, պետք է ամբողջականացնենք այս օրինագիծը, որ իր նպատակներին ծառայի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս