«Դա Հայաստանի առավելություններից մեկն է, որը միգուցե հետաքրքրի ամբողջ աշխարհի ներդրողներին». ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօրվա ասուլիսի ժամանակ ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ-ի հետ ստորագրեց տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, դեսպանն ասաց, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար.
«Ճապոնիան ունի ուղիղ հնարավորություն՝ ՌԴ շուկա մուտք գործելու, և Ճապոնիայի համար Հայաստանը միջնորդ չի կարող լինել։ Բայց, ամեն դեպքում, սա շատ կարևոր է նրա համար, որ Ճապոնիան լավ գործընկերային հարաբերությունների մեջ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի հետ։ Հայաստանում թե՛ ռուսախոս, թե՛ անգլիախոս երիտասարդություն է ձևավորված, ինչը շատ մեծ առավելություն է Հայաստանի համար, քանի որ այն միակ երկիրն է աշխարհում, որն անդամակցում է երկու տնտեսական կառույցների՝ ԵՏՄ-ին և ԵՄ-ին։
Դա առավելություններից մեկն է, որը միգուցե հետաքրքրի ամբողջ աշխարհի ներդրողներին և այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են Հայաստանում արտադրություն հիմնելով։ Եթե լինում են կազմակերպություններ, որոնք ցանկանում են իրենց դուստր ընկերությունն ունենալ տվյալ երկրում, հաշվի են առնում լեզվի գործոնը»։
Դեսպանն անդրադարձավ նաև այլընտրանքային էներգիայի խնդրին և նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ աշխատանք է տանում այդ ուղղությամբ. «Ճապոնիայում վերականգնողական էներգիայի ծավալները կազմում են ընդամենը 5 տոկոս, և 2010թ. մինչ օրս էլեկտրաէներգիայի օգտագործման ծախսերը քչացել են։ Դրան նպաստում են նաև LED լույսերը, որի հեղինակ ճապոնացի գիտնականը ստացել է Նոբելյան մրցանակ»։
Պատասխանելով տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության կողմից հայկական կողմին ցուցաբերվող աջակցության մասին հարցին՝ դեսպանը նշեց, որ այն կազմում է մոտ 400 մլն դոլար, այդ թվում՝ դոնորների կողմից տրամադրված միջոցներ. «Այս միջոցների օգնությամբ Հայաստանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր»։
Հարցին՝ հայկական ո՞ր արտադրանքն է հայտնի Ճապոնիայում, նա պատասխանեց. «Հայկական «Արարատ» կոնյակը շատ հայտնի է Ճապոնիայում»։