Ուղղակի ներդրումների հոսքը նվազել է 33 մլն դոլարով. Ցուցանիշ, որն ԱՎԾ զեկույցում չեք գտնի

3 ամիս առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը, իսկական իրարանցում սկսվեց. ցուցանիշները բավականին տխուր էին։

Իրական հատվածում կատարված ընդամենն օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում բացասական էր՝ -24.8 մլրդ դրամ։ Այսինքն՝ ավելի շատ կապիտալ արտահոսել էր, քան ներհոսել։

Իսկ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, ճիշտ է, բացասական չէր՝ 17.3 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշից պակաս էր 1.2 մլրդ դրամով։ Բնականաբար, այս ցուցանիշները համահունչ չէին բազմամիլիոն ներդրումների մասին խոստումներին, և քննադատության իսկական տարափ սկսվեց կառավարության հասցեին։

Թեման այնքան սրացավ, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (ՏԶՆՆ) հարկ համարեց ծավալուն պարզաբանում հրապարակել՝ ապացուցելով, որ ամեն ինչ լավ է, և, որ բացասական թվերն էլ իրականում դրական երևույթի մասին են վկայում։ Այսինքն, եթե ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, նշանակում է՝ հայաստանյան ընկերությունների ֆինանսական վիճակը բարելավվել է, նրանք սկսել են մարել նախկինում վերցրած վարկային պարտավորությունները, և այլն։

Սակայն նախարարության գլխավոր ասելիքը դա չէր։ ՏԶՆ նախարարության պարզաբանման գլխավոր մեսիջն այն էր, որ զուտ հոսքերը չի կարելի նույնացնել ներդրումների ընդհանուր հոսքերի (ստացումների) հետ։

«Քանի որ զուտ հոսքերն օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի՝ զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան»,- նշված էր պարզաբանման մեջ:

Իսկ որքա՞ն էին եղել ստացումները։ ՏԶՆ նախարարությունը նշել էր, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում, և այդ թվերը հաշվարկվել են իրենց կողմից:

Ըստ այդ հաշվարկների՝ 2017թ. առաջին կիսամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել էր շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները` շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար:

Ավելին, ըստ նախարարության՝ 2017-ի հունվար-հունիսին 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ընդհանուր և ուղղակի ստացումներն ավելացել էին համապատասխանաբար 36.6 և 26.3%-ով (2016-ի առաջին կիսամյակում ընդամենը ստացումները եղել էին 749.6 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ 259.8 մլն դոլար)։ Կարճ ասած, նախարարությունն անուղղակիորեն խորհուրդ էր տալիս մի պահ մոռանալ զուտ հոսքերի ցուցանիշն ու ուշադրություն դարձնել ստացումների վրա, որոնք, ինչպես նշեցինք, աճել էին։

Այդ աճն ավելի լավ ցույց տալու համար նախարարությունը հրապարակել էր թիվ 1 գծապատկերը։

Մի քանի օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ Ըստ այդ տվյալների՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել են 58.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46.3 մլրդ դրամի դիմաց։ ՕՈՒՆ-ների զուտ հոսքերը, այսպիսով, աճել են 12.2 մլրդ դրամով կամ 26.3%-ով։ Լուրջ ցուցանիշ է, այնպես չէ՞։

Համոզված ենք, որ կառավարությունը փորձելու է շեշտը դնել հենց այս 26.3%-անոց աճի վրա։ Սակայն մենք որոշեցինք հետևել այն խորհրդին, որը ՏԶՆ նախարարությունը տալիս էր 3 ամիս առաջ՝ ուշադրություն դարձնել ստացումներին, որովհետև, եթե զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան, նույն տրամաբանությամբ՝ զուտ ներդրումների դրական մեծությունը կամ աճը չի խոսում ներդրումների հոսքի աճի մասին։

Ինքնուրույն հաշվեցինք ՀՀ տնտեսության իրական հատվածում 2016-17թթ. հունվար-սեպտեմբեր ամիսների օտարերկրյա ներդրումների ընդհանուր և ուղղակի ստացումները։ Արդյունքը ներկայացնում ենք նույնպիսի գծապատկերով, ինչպես նախարարությունն էր ներկայացրել սեպտեմբերին։

Ինչպես տեսնում եք, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալն ավելացել է շուրջ 191 մլն դոլարով կամ 14.1%-ով։

Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ստացումները նվազել են 33.4 մլն դոլարով կամ 6.6%-ով։ Տնտեսագիտության մեջ սովորաբար ավելի շատ կարևորվում են հենց ուղղակի ներդրումները։ Իսկ այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ուղիղ իմաստով Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի կողմից ավելի քիչ փող է ներդրվել, քան նախորդ տարվա առաջին 9 ամիսներին։ Կամ՝ ավելի պարզ ասած, 9 ամսվա արդյունքներով ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում։

Ինչպես նշեցինք, ստացումների թվերն Ազգային վիճակագրական ծառայությունը չի հրապարակում, սակայն հրապարակում է ելակետային տվյալներ, որոնց հիման վրա ստացումները հնարավոր է հաշվել։

ՕՈՒՆ-ների գծով ստացումների 6.6%-անոց նվազումը պաշտոնական թիվ չէ, սակայն մենք պատասխանատու ենք այդ թվի համար և անհրաժեշտության դեպքում մանրամասն կներկայացնենք, թե ինչպես ենք այն ստացել։ Ավելին ասենք, հաշվել ենք նաև ներդրումների ստացումների ծավալները՝ ըստ առանձին երկրների։ Արդյունքում շատ ավելի տխուր պատկեր է ստացվել։ Պարզվում է՝ եթե չլիներ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը, օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումների նվազումը շատ ավելի խորն էր լինելու՝ մոտ 155 մլն դոլար։

Բանն այն է, որ ՕՈՒՆ գծով ստացումներն աճել են հիմնականում Ջերսիից (122 մլն դոլարով), փոխարենը՝ 60-ական մլն դոլարով նվազել են ստացումները Կիպրոսից, Միացյալ Թագավորությունից և Լյուքսեմբուրգից։ Ռուսաստանից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների ստացումներն ավելացել են ընդամենը 5.2 մլն դոլարով։

Տեսանյութեր

Լրահոս