Ստեփանակերտում կանցկացվի ռուս փիլիսոփա Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով
Հաջորդ տարի ապրիլին Ստեփանակերտում կանցկացվի հայր Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով: Այն նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոց համալսարանն ու ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
168.am-ի հետ զրույցում Դ. Դվորնիկովը նշեց, որ հռչակավոր փիլիսոփա, հոգևորական, գիտնական, մշակութաբան Պավել Ալեքսանդրովիչ Ֆլորենսկին գնդակահարվել է 1937 թ. բոլշևիկների կողմից: Նա իր պայքարում ուժ էր ստանում իր արմատներից, քանի որ նա սերում էր արցախյան հայերի հին տոհմից. մայրը` Օլգա (Սալոմե) Պավլովնա Սաֆարովան (Սաֆարյան) արցախյան ազնվական տոհմից էր:
«Պավել Ֆլորենսկիի անձն ու ժառանգությունը կարող են Արցախում փիլիսոփայական մշակույթի վերածննդի հիմք դառնալ: Նա 20-րդ դարի մեծագույն մտածողներից էր: Շատերի համար հայր Պավելի արցախյան արմատները, նրա պատկանելությունը Արցախի Սափարյանովների և Մելիք-Բեգլյարովների հին տոհմերին բացահայտում է»,- ասաց Դ. Դվորնիկովը:
Նրա խոսքով` գիտաժողովը կդառնա ավանդական, միջազգային և կանցկացվի ամեն տարի, իսկ հիմնական զեկուցողները կլինեն Արցախի համալսարանի ուսանողները:
Դ. Դվորնիկովը նշեց, որ ռուս հայտնի փիլիսոփա, գրական քննադատ և հրապարակախոս Վասիլիյ Ռոզանովը Ֆլորենսկիին անվանել է «մեր ժամանակների Պասկալ»:
«Արցախի ճակատագիրը, նրա աշխարհագրական դիրքը, պատմությունն ու ժառանգությունը շատ բարեբեր միջավայր է շրջակա աշխարհն ուսումնասիրելու, նոր մտքի ծնունդի, մարդկային էությունը հասկանալու և մեծ մտածողի հիշատակը հարգելու համար»,- ասաց Դ. Դվորնիկովը: