Երևանում մեկնարկեց JavaScript Conference Armenia 2017-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը
Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը՝ JavaScript Conference Armenia 2017 միջոցառումը, որին մասնակցում էին ոլորտի 700-ից ավելի մասնագետներ, ինչպես նաև ՏՏ ոլորտի բազում ընկերություններ Հայաստանից և արտերկրից։
168.am-ի հետ զրույցում միջոցառման համահեղինակներից ծրագրավորող Ալեքսանդր Ադամյանը պատմում է JavaScript Conference Armenia 2017-ի նախաձեռնության մասին.
«Իմ ընկեր Գևորգ Հարությունյանը մի օր ասաց, որ Հայաստանում JavaScript Conference կազմակերպելու մտահղացում ունի: Քանի որ մեր կազմակերպությունը մշտապես զբաղվում է հենց JavaScript-ով, նա հարկ համարեց ինձ ևս ներգրավել այս կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքների մեջ: Ի սկզբանե Գևորգի տեսլականը ենթադրում էր թվով 100-150 մասնակիցներից բաղկացած փակ մասնագիտական հանդիպում, որը փորձի փոխանակման հնարավորություն կտար, բայց մեզ համար էլ անսպասելի՝ չափազանց մեծ հետաքրքրություն գրանցվեց:
Հավանաբար նման հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համակարգչային այս լեզուն Հայաստանում մեծ տարածում ունի, և հետևաբար՝ պարզվեց, որ նման միջոցառումների կարիք մեզանում շատ կա: Երբ միջոցառման հայտարարությունը տեղադրեցինք համացանցում, առաջին երկու օրերին մեր նախատեսած թիվն արդեն գերազանցեց սպասելիքները, և մենք փոխեցինք միջոցառման ձևաչափը՝ դարձնելով դա ոչ թե նեղ մասնագիտական, այլ լայն հանրային»:
Մեկօրյա կոնֆերանսի ընթացքում ՏՏ ոլորտի 19 մասնագետներ ներկայացան 20 պրեզենտացիաներով, որից երկուսը կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան էին հրավիրվել արտերկրից:
Միջոցառման ընթացքում 168.am-ը պարբերաբար ճեպազրույցներ էր ունենում կոնֆերանսի մասնակից՝ առավել մեծ թվով լսարան գրաված մասնագետների հետ: Գագիկ Առուստամյանը ներկայացնելով սեփական շնորհանդեսի թեման՝ ասում է.
«Ես ներկայացնում եմ, թե ինչի՞ց է կազմված բրաուզերն՝ իբրև ծրագիր, ի՞նչ կոմպոնենտներ ունի, ինչպե՞ս է բրաուզերը ներբեռնում ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար՝ լինի նկարներ, JavaScript, CSS և այլն:
Փորձել եմ բացատրել նաև, թե ի՞նչ տեխնոլոգիաների կիրառմամբ է բրաուզերը կարդում ծրագրերը, ի՞նչ ստրուկտուրաներ են հետագայում կիրառվում՝ տեքստն օբեկտների վերածելու համար, որոնց հետ բրաուզերը կարող է աշխատել, թե ինչպե՞ս են պիկսելներ նկարում հենց էկրանի վրա ու, թե ի՞նչ գործիքներ ունենք մենք այդ պրոցեսին հետևելու, դա հասկանալու, օպտիմիզացնելու համար»:
«Ռենդեր ֆորեսթ» կազմակերպության տեխնիկական տնօրեն Էդգար Մարուքյանը, ով նաև կոնֆերանսի կազմակերպիչներից է, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեփական պրեզենտացիայի թեմային՝ մանրամասնում է.
«Իմ պրեզենտացիան JavaScript-ի ստատիկ Type Checking-ի մասին է, որը ենթադրում է մինչև ծրագիրն աշխատանքային ռեժիմին հասցնելը՝ սխալները գտնելու բացահայտելու և ռիսկերը վերացնելու գործընթացը:
Սա կօգնի ծրագրավորողներին բարձրացնել կոդի որակը, որով պայմանավորված՝ արդեն գրված ծրագրերն ավելի կանխատեսելի վարքագիծ կունենան, ենթադրաբար՝ ավելի քիչ կկախվեն կամ ընդհանրապես չեն կախվի: Ծրագրի ողջ նպատակը Հայաստանում արտադրված կոդի, ծրագրերի որակի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելն է, որը մեզ այսօր շատ է պակասում»:
Խոսելով Երևանում մեկնարկած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկի՝ JavaScript Conference Armenia 2017-ի նախաձեռնության մասին, Էդգար Մարուքյանը նշում է.
«Ընկերներով որոշեցինք նման կոնֆերանս կազմակերպել, որովհետև հասկանում էինք, որ նման միջոցառումների կարիքը մեզանում շատ կա: Այս կոնֆերանսը լավ առիթ է նաև հասկանալու, թե որքա՞ն հետաքրքրություն կա երկրում՝ ոլորտի նկատմամբ, ինչքա՞ն երիտասարդություն կա, ովքեր զբաղվում են այս խնդիրներով, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, և այլն»:
Functional Programming in JavaScript թեմայով շնորհանդեսի հեղինակ ծրագրավորող, «Թումո» կենտրոնի «Ծրագրավորելով միտքն ու մարմինը» դասընթացի ղեկավար Ռուբեն Մեսչյանը 168.am-ի հետ զրույցում նշում է.
«Իմ պրեզենտացիայի թեման մեթոդ է, որ հնարավորություն է տալիս ստեղծելու բավական մաքուր և գրագետ կոդ, մինիմալի հասցնելով դրա հետ կապված բոլոր սխալները: Ես միշտ եմ ցանկացել, որ Հայաստանում նման կոնֆերանս կազմակերպվի, և հիմա շատ ոգևորված եմ:
Վերջապես ստեղծվեց մի հարթակ, որը կհամախմբի այս ոլորտի մասնագետներին, որովհետև Հայաստանում բավականին մեծ թվով ծրագրավորողներ կան, ովքեր զբաղվում են հենց JavaScript-ով: Իրականում մի քիչ տարօրինակ էր, որ այսքան տարիներ նրանք իրենց սեփական հարթակը չունեին, և հիմա այն կա, ու այս պահին էլ՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին, անցնում է մարդաշատ դահլիճում՝ բավական բարձր մակարդակով»:
JavaScript Conference Armenia 2017-ի նախաձեռնողները վստահ են՝ միջոցառումը շորունակական է լինելու.
«Առաջին կոնֆերանսը ցույց տվեց, որ այս թեմաների նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա, և, որ դրանք այսուհետ անպայման պարբերական բնույթ կունենան: Արդեն իսկ մտադրություն ունենք կազմակերպելու կոնկրետ ուղղություններով այլ կոնֆերանսներ, որովհետև դրանց պահանջը շատ մեծ է: Ցավոք սրտի, մեզանում դրանք կազմակերպվում են շատ փոքր մասշտաբներով, կամ առհասարակ չեն կազմակերպվում: Հույս ունենք, սա կընդլայնվի՝ կդառնա պարբերաբար՝ ներառելով նաև ոլորտին առնչվող այլ թեմաներ»,- մեզ հետ զրույցում նկատում է կոնֆերանսի կազմակերպիչներից՝ «Ռենդեր ֆորեսթ» կազմակերպության տեխնիկական տնօրեն Էդգար Մարուքյանը: