
Տուսկը պնդելու է, որ Բրյուսելը և Լոնդոնը բանակցեն երկամյա անցումային ժամանակահատվածի շուրջը

Բրյուսելը եւ Լոնդոնը պետք է հունվարին «բանակցություններ սկսեն մոտավորապես 2 տարի տեւողությամբ անցումային ժամանակամիջոցի շուրջը»՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պահից:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա Բրյուսելի մի շարք կոշտ պայմաններ է հնչեցրել բանակցությունների երկրորդ փուլի համար, մասնավորապես, այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան «պետք է կատարի ԵՄ-ի բոլոր նորմաները, վճարումներ անի բյուջե եւ չմասնակցի որոշումների ընդունմանը»:
«Ես մտադիր եմ (դեկտեմբերի 14 – 15-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ-ի) պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին խորհուրդ տալ բանակցություններ սկսել 2 տարի տեւողությամբ անցումային ժամանակամիջոցի շուրջը: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիան կմնա Եվրոպայի միասնական շուկայի անդամ, կկատարի ԵՄ-ի բոլոր նորմաները, ներառյալ բյուջետային պարտավորությունները եւ այդ ժամանակամիջոցում ընդունված բոլոր օրենքները:
Մեծ Բրիտանիան կգտնվի եվրոպական դատական հսկողության (Եվրոպայի արդարադատության դատարանի) ներքո: Բնականաբար, Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացն այդ ժամանակամիջոցում կիրականացվի Միության 27 երկրների կողմից, առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: