«Խաղի կանոնները փոխվում են. 2017 և 2018թթ. հետո աշխատած շահույթները, որոնք կբաշխվեն շահաբաժինների տեսքով, կհարկվեն եկամտահարկով». ՀՀ ֆինանսների փոխնախարար
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու, որի օրակարգում լինելու է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքն, ըստ նրա՝ առաջարկում է Հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ։ Փոփոխությունները, փոխնախարարի խոսքով՝ կարելի է բաժանել 3 խմբի՝ բովանդակային, որոնք շուրջ 33-ն են, տերմինաբանական փոփոխություններ, որոնք շուրջ 80-ն են, և տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ուղղակի ճշգրտող նշանակություն ունեն։
Փոխնախարարը խոսեց 33 բովանդակային փոփոխություններից ամենակարևորների մասին. «Առաջինը շահաբաժինների հարկման հետ կապված առանձնահատկություններն են. շահաբաժինների հարկման հետ կապված 3 փոփոխություն ենք առաջարկում, որոնք վերաբերում են օտարերկրյա ֆիզիկական անձանց և ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց, ովքեր որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ։
Գործող Հարկային օրենսգրքով, որն ընդունվել է 2016թ. հոկտեմբերին, առաջարկվել է այսուհետ հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները. համապատասխանաբար օտարերկրյա անձանց՝ 2017թ. հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց՝ 2018թ. հունվարի 1-ից ստացված շահաբաժինների չափով։
Մեր առաջարկը ճշգրտող նշանակություն ունի։ Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, օրենսգրքի այսօրվա խմբագրությամբ կարող էին հարկվել եկամտային հարկով։ Մեր օրենսդրական փոփոխության իմաստն այն է, որ խաղի կանոնը փոխում և կիրառում ենք առաջընթաց, այսինքն՝ 2017 և 2018թթ. հետո աշխատած շահույթները, որոնք կբաշխվեն շահաբաժինների տեսքով, կհարկվեն եկամտահարկով»։
Շահաբաժինների հետ կապված մյուս փոփոխությունը, ըստ Անանյանի՝ այն է, որ այսօրվա օրենսգրքով գործում է մի նորմ, որի համաձայն՝ կազմակերպությունները, որոնց բաժնետերերը մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշում չեն կայացրել, հաջորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ հարկման նպատակով համարվելու էին բաշխված. «Մենք այս իրավական նորմը հանում ենք, որովհետև կորպորատիվ կառավարման սկզբունքներին դեմ է, և ժամանակին այդ իրավական նորմը ընդունելիս՝ մենք փորձել ենք հարկային վարչարարության առումով որոշակի գործիքակազմ առաջարկել, բայց մեր կարծիքով՝ ավելի լավ է գործիքակազմ չունենալ, քան այդ գործիքը չբխի կորպորատիվ կառավարման հիմնարար սկզբունքներից»։
Հաջորդը նվազագույն շահութահարկի հետ կապված խնդիրն է։ Փոխնախարարը հիշեցրեց, որ 2004-2014թթ.՝ 10 տարվա ժամանակահատվածում, շահութահարկը կարգավորող օրենսդրության մեջ կար նվազագույն շահութահարկ վճարելու իրավական պարտականություն, որից հրաժարվել ենք 2014թ. հունվարից.
«Այնուամենայնիվ, հրաժարվելով այդ իրավական նորմից՝ մենք հնարավորություն տվեցինք հարկ վճարողին, որպեսզի նվազագույն շահութահարկի գծով առաջացած ավել վճարումները հնարավորություն ունենան,առանց որևէ ժամկետային սահմանափակման, ուղղել հաջորդ տարիների շահութահարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանը։
Օրենսգքով մենք ներմուծել էինք ժամկետային սահմանափակում՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը, և այս ժամկետային սահմանափակումը վերացնում ենք այս օրենքով։ Այսինքն՝ վերականգնում ենք այն իրավական նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել նվազագույն շահութահարկի գծով առաջացած իրենց գերավճարները՝ առանց ժամկետային սահմանափակման»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում