«Թրամփի քայլը ոչ մի տրամաբանական պատմական կամ մշակութային հիմնավորում չի կարող ունենալ». Վարդան Ոսկանյան
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ ունի որոշակի սադրիչ բաղադրիչ։
«Այդ սադրանքը միտված է թե՛ Մերձավոր Արևելքի արաբական երկրների (հատկապես այն երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն լարված հարաբերություններ), և թե՛, բնականաբար, Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
Բացի այդ, իրանագետի խոսքով՝ մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ Իսրայելի մայրաքաղաք է հռչակվում 3 կրոնների համար սրբազան համարվող քաղաքը. «Ակնհայտ է, որ Երուսաղեմին համաշխարհային հռչակ է բերել քրիստոնեությունը, և այս առումով, կարծում եմ, Թրամփի քայլը ոչ մի տրամաբանական պատմական կամ մշակութային հիմնավորում չի կարող ունենալ, և միտված է Մերձավոր Արևելքում իրավիճակի լարմանը»։
Չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Նա այս քայլը որակել է որպես «ուշացած քայլ»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի ճանապարհին:
Իրանագետը մատնանշեց մի կարևոր հանգամանք՝ Մերձավոր Արևելքում չկա արաբական երկրների միասնական կարծիք. «Անշուշտ, Արաբական երկրների լիգան է կարծիք արտահայտում, այլ համաարաբական նշանակության կառույցներ և կազմակերպություններ, բայց արաբական տարբեր երկրներ ունեն տարբեր դիրքորոշումներ, որոնք պայմանավորված են նախ և առաջ՝ սեփական շահերով։
Իսկ որոշ երկրներ էլ բացահայտ կամ գաղտնի կերպով հարաբերություններ են զարգացնում Իսրայել պետության հետ։ Այս համատեքստում Միացյալ Նահանգների դիրքերը Մերձավոր Արևելքում զգալիորեն կթուլանան, որովհետև ԱՄՆ-ը այս դեկլարատիվ քայլով կորցնում է որոշ արաբական երկրների համակրանքը կամ այդ երկրների հետ հարաբերություններում որոշակի լարում է առաջացնում։ Խոսքն ԱՄՆ-ի հետ նորմալ, շատ դեպքերում՝ նույնիսկ դաշնակցային հարաբերություններ ունեցող այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Եգիպտոսը կամ Հորդանանը։
Ընդհանրապես Մերձավոր Արևելքը չափազանց զգայուն տարածաշրջան է, որտեղ յուրաքանչյուր որոշում, որն իր հետևից կարող է բերել լարվածության աճ, միանշանակորեն պետք է գնահատել՝ ոչ խելամիտ։ Այս իմաստով էլ նման քայլը շտապողական էր, եթե, իհարկե, չունի իր հետևից եկող ենթատեքստ, համաձայն որի՝ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ հաղթանակի ֆոնին ԱՄՆ-ին անհրաժեշտ են լարվածության նոր օջախներ, որպեսզի կարողանա պահպանել իր ներկայությունը և ազդեցությունն այս տարածաշրջանում»։
Թուրքիայի դիրքորոշումներն այս հարցում, ըստ Վարդան Ոսկանյանի՝ անկեղծ չեն. «Երկար տարիներ Թուրքիան գործակցել է Իսրայելի հետ, ունեցել է նույնիսկ սերտ դաշնակցային հարաբերություններ՝ ընդհանրապես մոռանալով Երուսաղեմի խնդրի մասին։ Եվ այժմ էլ այդ խնդիրը Թուրքիայի ներկայիս իշխանությունները բարձրաձայնում են երկու նպատակով՝ ապահովել մահմեդական երկրների և ժողովուրդների շրջանում Թուրքիայի ինչ-որ առումով առաջնորդության ձգտումների համար ֆոն, և երկրորդ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիվանագիտական բանակցությունների ընթացքում ունենալ ավելի ամուր դիրքեր, լրացուցիչ խաղաքարտեր, որոնք հետագայում կարող են զիջել՝ կորզելով սեփական երկրի համար անհրաժեշտ որոշ զիջումներ։
Անկեղծորեն, նման մոտեցումով հանդես գալը երբևէ բնորոշ չի եղել Թուրքիային, և այս համատեքստում թուրքական կողմն ակնհայտ դիվանագիտական և քարոզչական խաղ է խաղում»։
Ինչ վերաբերում է այս երևույթի ազդեցությանը սիրիական կոնֆլիկտի վրա, Վարդան Ոսկանյանն ասաց, որ Մերձավոր Արևելքի յուրաքանչյուր կետում լարվածության աճն ազդում է այլ կետերի վրա ևս.
«Մերձավոր Արևելքի դեպքում մենք գործ ունենք, պատկերավոր ասած, մեկ միասնական օրգանիզմի, աշխարհաքաղաքական միավորի հետ, որտեղ յուրաքանչյուր սադրիչ գործողություն ունենում է նաև բավական լուրջ հետևանքներ։
Պարզ է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական փուլն ավարտվել է, չնայած կան բազմաթիվ խնդիրներ, և այս համատեքստում յուրաքանչյուր լարվածություն, որը կարող է կրկին խթանել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կոնֆլիկտները, այդ թվում նաև՝ ներսիրիական հակամարտությունը, ակնհայտորեն անմիտ քայլ է։ Փորձը ցույց է տալիս, որ մերձավորարևելյան տարածաշրջանում նման մեթոդաբանությամբ հաջողության հասնելն անհնար է։
Այստեղ կան երկրներ, պետություններ, որոնք դարեր շարունակ, եթե ոչ՝ հազարամյակներ, այս տարածաշրջանում ունեցել են դերակատարություն, և այդ դերակատարությունը եղել է՝ կայունացման։ Խոսքը, մասնավորապես, Իրանի մասին է։ Հետևաբար՝ լարվածության լրացուցիչ օջախների ստեղծումը, սադրիչ քայլերը, քաոս սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման։
Անշուշտ, դրանք ունենում են կարճաժամկետ հաջողություններ, բայց վերջնարդյունքում, որպես կանոն՝ ձախողվում են»։
Իրանական կողմի դիրքորոշումն այս հարցում, ըստ իրանագետի՝ միանշանակ բացասական է. «Իրանցիներն այս հարցում ունեն անզիջում դիրք, և այդ դիրքն անփոփոխ է իսլամական հեղափոխությունից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում։ Իրանցիները հստակորեն կողմնակից են նախ՝ պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմանը, և երկրորդ՝ Երուսաղեմը դիտարկում են՝ որպես բոլոր երեք աբրահամյան կրոնների կենտրոն, որը պետք է ունենա ոչ թե կոնկրետ մի պետության համար նշանակություն, այլ համաշխարհային, համամարդկային նշանակություն։ Եվ այս առումով նրանք իրավացի են»։