Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին և Եվրամիությանը
«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР-Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:
«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է և անհեռանկարային, և, որ դա կլինի հերթական անհաջող փորձը:
Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա՝ նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:
Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը:
Ըստ նրա՝ դրա վառ ապացույցը կարճաժամկետ ծրագրերն են, փաստաթղթերի բովանդակությունը, Հայաստանի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դանդաղ զարգացումը:
«Սերգեյ Լավրովը շեշտը դնում է Թերեզա Մեյի ելույթի վրա: Եվրամիությունում կան և՛ հակառուսական, և՛ ռուսամետ տրամադրված գործիչներ, ռուսամետ երկրներ և հակառուս երկրներ: Անհատ գործիչների ելույթներում նրանց այդ տրամադրվածությունը նկատվում է, ըստ դրա՝ այդ գործիչները քաղաքականություն են առաջարկում, քաղաքականություն են վարում, սակայն Եվրոպական հանձնաժողովը չափազանց հավասարակշռված է, հանձնաժողովի պաշտոնյաներից և ոչ մեկը հակառուսական քաղաքականություն չի վարում: Ավելին՝ Եվրամիությունում դժգոհում են ԵՄ-ի վարած շատ ավելի թույլ և ոչ համարժեք քաղաքականությունից Ռուսաստանի նկատմամբ:
Լավրովը պարզապես փորձում է այս դիտարկումներով ԵՄ-ին զգուշացնել, որ Հայաստանի և Բելառուսի հետ հարաբերություններում ԵՄ-ն չանցնի սահմանները, հենց այդ պատճառով էլ նշվում է Բելառուսի և Հայաստանի մասին: Հայտարարությունն այս տեսանկյունից պետք է քննարկել, այսօր հակառուսական քաղաքականություն չկա, պարզապես զգուշացվում է, որ հարաբերությունների խորացում չի հանդուրժվելու»,- ասաց լեհ քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Լավրովի այս հայտարարությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման աշխատանքները կասկածի տակ են հայտնվում, քանի որ Հայաստանը բավականին լայն պարտավորություններ է ստանձնել այդ համաձայնագրով:
«Ստացվում է, որ Հայաստանը գուցե սահմանափակվի այդ համաձայնագիրը վավերացնելիս, քանի որ դրան հաջորդելու են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջորդ փուլերը, հայկական կողմն ակնկալում է վիզաների դյուրացում, որին Հայաստանն առանց այս բարեփոխումների չի կարող հասնել, վիզային դյուրացումը շատ լուրջ թեմա է Եվրամիության համար, դրա համար պետք է համապատասխան բարեփոխումներ իրականացնել, մոտենալ Եվրամիությանն ազատ մուտք ստանալու համար, սակայն, եթե ռուսական կողմը դա հակառուսականություն է համարում, ապա կասկածել է պետք Հայաստանի ստանձնած պարտավորությունների, և հետագայում՝ դրանց իրականացման վրա, այսինքն` Ռուսաստանը կարող է խոչընդոտել, ուստի զգուշացնում է Հայաստանին և Եվրամիությանը»,- ասաց Զաշտովտը: