
13 մարդ է տուժել Ռադայի մոտ Սահակաշվիլիին բռնելու փորձի ժամանակ

Երկու քաղաքացիական անձ եւ 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիեւում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այդ մասին Twitter-ում հայտնել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել են իրավապահ մարմինների 11 աշխատակիցներ եւ երկու քաղաքացիական անձ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կիեւի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը հայտնել էր տասը տուժածների մասին, որոնցից չորսը ոստիկաններ էին եւ վեցը՝ քաղաքացիական անձինք:
«Ակտիվիստներն սկսեցին հրահրել ոստիկանությանը, հարձակվել իրավապահների վրա, ուստի կիրառվեց արցունքաբեր գազ եւ տեղի ունեցավ ընդհարում: Արդյունքում մենք տեղեկատվություն ունենք վնասվածքներ ստացած չորս ոստիկանների եւ տուժած վեց քաղաքացիական անձանց վերաբերյալ»,-ասել է նա NewsOne հեռուստաալիքի եթերում:
Բլիշչիկը նաեւ հայտնել է, որ բողոքավորների մի մասը գտնվում է խորհրդարանի մերձակա վրանաճամբարի տարածքում, իսկ մահակներով ու փայտերով զինված մյուս մասը՝ «Կիեւ» հյուրանոցի նախասրահում:
Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլին 24 ժամվա ընթացքում պետք է կամավոր ներկայանա իրավապահ մարմիններին, այլապես նրա հետեւից կգան ոստիկանության աշխատակիցները: Այսօր առավոտյան Կիեւի ոստիկանության աշխատակիցները Սահակաշվիլիին բերման ենթարկելու փորձ են արել Գերագույն ռադայի մերձակա վրանաճամբարում, բայց բախվել են բողոքավորների հակահարվածին ու նահանջել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: