«Պետք է ախտորոշենք, որ ճիշտ բուժում նշանակենք». Արևիկ Անափիոսյանը՝ «Կրթության զարգացման ծրագիր 2030»-ի մասին
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի կարծիքով՝ եթե կրթության զարգացման ծրագրում չկա իրավիճակի նկարագրություն, չի ասվում, թե ինչ խնդիրներ կան, որոնք ռազմավարական ծրագիրը պետք է լուծի, ապա այն օդից վերցված է ստացվում։
«Խնդիրների մասին գիտենք, բայց պետք է դրանք անպայման նշվեն։ Եթե հիվանդին ուզում ենք բուժել, ապա պետք է ախտորոշենք, որ ճիշտ բուժում նշանակենք»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Կրթության զարգացման ծրագիր 2030. խնդիրների լուծման հստակ ճանապա՞րհ, թե՞ զուտ խոստումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա։
Անափիոսյանը դրական է համարում այն, որ ծրագրում կարևորվում են կրթության որակը, արդյունավետությունը, մատչելիությունը. «Շատ դրական քայլ եմ տեսնում, որ կարևորվում է նաև մանկավարժական կրթության՝ գերակա ոլորտ սահմանելը։ Կարևոր է նաև ներառականությունը, բայց ծրագրում «ներառականություն» բառի ենթատեքստը մասնակցությունն է։
Ծրագրում կարևորվում նաև գերազանցության կենտրոնների դերը, և, եթե խոսում ենք հավասարության մասին, բայց դրան զուգահեռ՝ դնում ենք գերազանցության կենտրոնները, ապա ինչպե՞ս ենք այդ հավասարությունն ապահովելու»։
Կրթության փորձագետը նկատեց, որ ծրագրում զարկ է տրվում STEM կրթությանը (Science, Technology, Engineering, Math, կամ՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա), իսկ հումանիտարը դուրս է մնում, ինչը, ըստ նրա՝ լրջագույն խնդիր է. «Հումանիտար ոլորտում մենք այսօր շատ լուրջ խնդիրներ ունենք։ Հումանիտար ոլորտն այն ոլորտն է, որով հնարավոր կլինի քննադատական մտածողություն զարգացնել։ Այսօր հումանիտար առարկաները չեն սովորեցնում հետազոտության մեթոդաբանություն, որը մեկ-երկու գրքից արտագրությունը չէ։ Դա հստակ բացթողում է և տարբեր ոլորտներում է դրսևորվում»։
Ի պատասխան այս դիտարկմանը՝ Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանն ասաց, որ հումանիտար ոլորտի խնդիրները կապված չեն ծրագրի հետ. «Խնդիրն այն է, որ պետք չէ պարտադիր լեկցիա բերել, ասել՝ սա կարդացեք, և, եթե մի տառ սխալ ասացիք, նշանակում է, որ չեք սովորել առարկան։ Այս մոտեցումը պետք է փոխվի»։
Իսկ ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն այս հարցի հետ կապված ասաց, որ, երբ մատնանշվում են STEM առարկաները, դա բոլորովին չի նշանակում, թե դպրոցներից դուրս են գալու հումանիտար առարկաները.
«Ուղղակի առաջին հերթին նշվում են այն գերակայությունները, որոնք լինելու են ուշադրության կենտրոնում։ Երբ ասում եք, թե սա չի նպաստի հումանիտար ոլորտին համաձայն չեմ․ հումանիտար ոլորտի զարգացումը պայմանավորված է STEM ոլորտի զարգացմամբ»։