Գյուղնախը ԳՄՕ-ի հարցով հանձնաժողով է ստեղծել. փորձագետները վճռական են տրամադրված. «ՀԺ»
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեռ չի ավարտել ուսումնասիրել ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրած սերմերի ռիսկերի մասին մամուլում տեղ գտած հրապարակումները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեցին նախարարությունից՝ նշելով, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության(ԳՄՕ կամ ԳՁՕ) կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու համար հասարակական սեկտորի հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով:
«ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը տարօրինակ է համարում նախարարության այն ձեւակերպումը, որ մասնակիցները համակարծիք էին շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ որպես ռազմավարական ուղղություն:
«Համաձայնություն է եղել, որպեսզի շահագրգիռ կողմերին հրավիրեն, որպեսզի խնդրին տան համալիր լուծում, բայց նորից եմ ասում՝ առնվազն քննարկման ժամանակ նստած մարդկանց, եթե չհաշվեմ նախարարության ներկայացուցիչներին, մասնակիցների ճնշող մեծամասնությունն արգելման կողմնակից է եղել: Խոսքը վերաբերվում է հրավիրյալներին: Նախարարությունը կոնկրետ դիրքորոշում չի ասել: Ասել են՝ հրավիրել ենք ձեր դիրքորոշումները լսելու»,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ նշելով, որ ձեւավորված հանձնաժողովից սպասում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող սերմերն ու նյութերն արգելել Հայաստանում, եթե ոչ՝ ապա պայքարը պետք է տեղափոխել այլ հարթակ:
«Ես ասել եմ, որ «այո»-ի հիմնավորումը պետք է լինի գիտական, որովհետեւ «ոչ»-ինը գիտական է (ԳՄՕ-ների արգելմանը): Այսինքն՝ գիտական փաստարկի դեմ չի կարելի բերել քաղաքական փաստարկ, որ օրինակ՝ արտահանումը կաճի եւ այլն: Մեզ դա չի հետաքրքրում: Գիտական կառույցը խոսում է գիտական լեզվով: Մենք ասում են՝ գոյություն ունի շրջակա միջավայրի վնաս, խաչաձեւ ախտոտման վնաս: Մեր բոլոր գիտական փաստարկներին պատասխանները պետք է լինեն գիտական»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: