ՄԱԿ-ում թմրանյութերի արտադրության կտրուկ աճ են արձանագրել
10 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհում թմրադեղերի գործածության էական աճ է նկատվել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը «Խորհրդարանականները թմրանյութերի դեմ» միջազգային խորհրդաժողովում, որը դեկտեմբերի 4-ին տեղի է ունենում ՌԴ Պետական դումայում:
Մասնավորապես, Աֆղանստանում 2017 թվականին էապես աճել են բոլոր ցուցանիշները, հայտարարել է նա: Այսպես, «ափիոնի կակաչի ցանքատարածությունները հասել են չտեսնված մակարդակի՝ 328 հազար հեկտարի, այսինքն՝ նկատվում է 63 տոկոսով աճ անցյալ տարվա նույնպես շատ բարձր մակարդակի համեմատությամբ»: «Ափիոնի ալկալոիդային թմրանյութերի արտադրությունն աճում է գրեթե 90 տոկոսով եւ կարող է հասնել տարեկան 9 հազար տոննայի ափիոնի հաշվարկով: Դա բացարձակ ռեկորդ է Աֆղանստանի ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է Ֆեդոտովը:
Դրա հետ մեկտեղ արեւմտյան կիսագնդում՝ Կոլումբիայում, որը կոկաինի խոշորագույն արտադրողն է, այս տարի կոկայի ցանքերն աճել են 52 տոկոսով՝ մոտենալով 2001 թվականի ամենաբարձր ցուցանիշներին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ գերդոզավորումից մահացության մակարդակը կազմում է տարեկան 200 հազար մարդ: «Դա առանց հաշվի առնելու թմրադեղերի գործածությամբ առաջացած մահացության մյուս պատճառները»,- ճշտել է Ֆեդոտովը: Ըստ որում թմրադիլերների քրեական եկամուտները գնահատվում են տարեկան ավելի քան 320 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: